Մեկնաբանություն- Իրանի ընդդիմադիրների հետ Ֆրանսիայի նախագահի հանդիպումը նպաստում է բռնությունների տարածմանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Իրանի ընդդիմադիրների հետ՝ այս գործողությունն անվանելով ահաբեկչության և բռնության դեմ պայքարում Ֆրանսիայի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում։
Վերջին շաբաթներին ֆրանսիական իշխանությունները բացահայտորեն միջամտել են Իրանի ներքին գործերին և աջակցել երկրում ընթացող անկարգություններին: Իսկ ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպել է Իրանի մի խումբ ընդդիմադիրների հետ։
Նասեր Քանանի Չաֆին հայտարարել է. «Զարմանալի է, որ ազատության մասին խոսող երկրի նախագահն իջեցնելով իր մակարդակը, հանդիպում է մի մարդու հետ, ով վերջին ամիսներին փորձել է ակնհայտորեն ատելություն տարածել և բռնություն ու ահաբեկչական գործողություններ իրականացնել Իրանում, ինչպես նաև այլ երկրներում ԻԻՀ դիվանագիտական վայրերի ու դիվանագետների դեմ»։
Ֆրանսիան, որը Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին վերջին շաբաթներին բացահայտորեն միջամտել է Իրանի գործերին, այժմ Իրանում անկարգությունների ու քաոսի տարածման, ինչպես նաև երկրի նկատմամբ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների խստացման գլխավոր ջատագովներից է։
Այս շրջանակում, ուրբաթ օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ակնհայտորեն միջամտելով Իրանի գործերին և նպատակ ունենալով ազդել վերջին անկարգությունների վրա, Ելիսեյան պալատում հանդիպել է Նյու Յորքում բնակվող Իրանի թշնամիներից Մասիհ Ալինեժադի, ինչպես նաև Լադեն Բրումանդի, Շիմա Բաբաիի և Ռոյա Մաջիդիի հետ: ԶԼՄ-ները լկայնորեն լուսաբանել են այս հանդիպումը:
Ընդդիմադիր և անջատողական խմբավորումների ջանքերով անցկացված այս հանդիպումը հերթական անգամ վկայում է, որ Ֆրանսիայի կառավարությունն անկախ իր միջազգային պարտավորություններից, կանգնած է այնպիսի մարդկանց կողքին, ովքեր վերջին շաբաթների ընթացքում ամենաշատն են աշխատել Իրանում քաոսային իրավիճակը սրելու և անկարգություններ հրահրելու ուղղությամբ: Հետևաբար, այս հանդիպումը կարելի է համարել բռնության խթանում և ահաբեկչության ու բռնության դեմ պայքարի ոլորտում Ֆրանսիայի կառավարության պարտավորությունների խախտում։
Բացի այդ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն միջամտողական հայտարարություն է տարածել Իրանի վերջին զարգացումների վերաբերյալ, իսկ Փարիզում հակաիրանական ցույցերին մասնակցել են երկրի կառավարության երեք խորհրդականներ։ Ֆրանսիան Գերմանիայի և եվրոպական մի շարք այլ երկրների հետ միասին ձգտում է ԵՄ շրջանակում ավելի շատ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:
Այս զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տալիս արևմտյան երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի դիրքորոշումներն ու նպատակները, որոնք մինչ այժմ պնդում էին, որ փորձում են հասնել Վիեննայում ընթացող հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ավարտին, սակայն հիմա փորձում են շարունակել Իրանում անկարգությունները և օգտվելով իրավիճակից՝ նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ:
Միևնույն ժամանակ, Իրանն ընդգծել է, որ եթե Եվրամիությունը կամ եվրոպական երկրներից որևէ մեկը միջամտողական և երկակի քաղաքականություն որդեգրի, կստանա Թեհրանի համարժեք պատասխանը: ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը որոշ եվրոպացի գործընկերների և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բուրելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Եվրոպայի կողմից ցանկացած ոչ կառուցողական քայլ կարժանանա Իրանի պատասխանին: