Մեկնաբանություն-Իրանը և Թուրքիան վճռական են խորացնելու համագործակցությունները
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը երեքշաբթի Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահին և քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի՝ Թուրքիա կատարելիք այցի և երկու երկրների հարաբերությունների բարձրագույն խորհրդի ութերորդ հանդիպման անցկացման շուրջ։
Թուրքիայի նախագահը հայտարարելով Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին, հույս է հայտնել,որ մոտ ապագայում հյուրընկալելու է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին։
Չնայած որոշ տարաձայնություններին Իրանն ու Թուրքիան, տարածաշրջանային շատ հարցերում՝ ներառյալ Եմենում հրադադարի աջակցման և հումանիտար շրջափակման վերացման, Պաղեստինի խնդրին աջակցելու, Թեհրանի, Բաքվի և Երևանի միջև եռակողմ երկխոսության ջանքերի և Կովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման շուրջ համաձայն են: Իրականում երկու երկրների իշխանությունների կամքն է ամրապնդել հարաբերությունները, քանի որ այս երկու հարևանները շատ հարցերում ունեն տնտեսական, քաղաքական և անվտանգության ընդհանուր շահեր և միշտ կարևորել են բարիդրացիությունը։
2022 թվականի հուլիսին Իրանի և Թուրքիայի նախագահները Թեհրանում Իրան-Թուրքիա համագործակցության բարձրագույն խորհրդի յոթերորդ նիստում ընդգծել են փոխգործակցության ընդլայնումը` նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը էներգետիկայի, տնտեսության և սպորտի ոլորտներում և դյուրացնել բանկային և ներդրումային գործարքները:
Նաև Իրան-Թուրքիա համագործակցության գերագույն խորհրդի 7-րդ նիստում Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է գազի արտահանման միջոցով Թուրքիային կայուն էներգիա տրամադրելու պատրաստակամության մասին։ Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերի օրակարգում կլինի Իրանի կողմից Թուրքիա գազի արտահանման պայմանագրի երկարաձգումը առաջիկա 25 տարով և գազի արտահանման ծավալների ավելացումը։
Չնայած որոշ տարաձայնություններին և տարածաշրջանային մրցակցություններին, իրականում, վերջին տարիներին տնտեսական, առևտրային, տարանցիկ և անվտանգության ոլորտում համագործակցությունները եղել են Իրանի և Թուրքիայի մերձեցման բաղադրիչները:
Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային մրցակցությունների և վեճերի օրինակներ են Թուրքիայի կողմից Սիրիայում Բաշար Ասադի կառավարության հակառակորդներին աջակցելու հարցը, Նախիջևանի և Ադրբեջանի միջև միջանցքի ստեղծմանն աջակցելը, Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները և Արաքս գետի ջրային ռեսուրսների շուրջ վեճը։ Չնայած դրան, պատմամշակութային բազմաթիվ ընդհանրություններ ունեցող այս երկու երկրների շահերն ու համագործակցության դաշտերը շատ լայն են, և Իրանի և Թուրքիայի իշխանությունները մշտապես ընդգծել են դա։ Այդ կապակցությամբ Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը Թեհրանի եւ Անկարայի հարաբերությունները կարեւոր և գերազանց է որակել: Իրանն ու Թուրքիան ավելի վաղ կանխատեսել էին մինչև 2015 թվականը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճ մինչև 30 միլիարդ դոլար, ինչը չիրականացավ պատժամիջոցների պատճառով, սակայն Թուրքիան շարունակում է մնալ Իրանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը։
Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին Իրանի 24 միլիարդ 251 միլիոն դոլարի ընդհանուր արտահանման 11 տոկոսը բաժին է ընկել Թուրքիային, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14 տոկոս աճ է ցույց տալիս։
Ակնհայտ է, որ քաղաքական փոխազդեցությունների աճը և տնտեսական հարաբերությունների ընդլայնումը կարող են հանգեցնել երկու երկրների միջև հակամարտությունների և տարաձայնությունների նվազմանը, ինչը անհրաժեշտ է տարածաշրջանի կայունության համար։
Ներկայումս էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, առևտրի, գիտության և տեխնոլոգիաների ու կապի ոլորտներում համագործակցությունն այն ոլորտներից են, որոնք գտնվում են Իրանի և Թուրքիայի պաշտոնյաների օրակարգում և կարող են հաշվի առնվել Իրանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ համագործակցություն ճանապարհային քարտեզի մշակման ժամանակ։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Իրան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումների մասին ասել է.«Իրանի և Թուրքիայի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, և այսօր կարող ենք նշել,որ Թուրքիան Իրանի հետ լավագույն հարաբերություններ ունեցող հարևաններից մեկն է»։