Մեկնաբանություն- Տաշքենդում մեկնարկել է ՏՀԿ ԱԳ նախարարների նիստը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է ՏՀԿ ԱԳ նախարարների 26-րդ նիստը՝ Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախարարների և ներկայացուցիչների մասնակցությամբ։
Աֆղանստանն այլևս ՏՀԿ անդամ չէ: Նիստն անց է կացվում տարին մեկ անգամ և անդամ երկրներից մեկի հյուրընկալությամբ:
ՏՀԿ-ն տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն է, որի նպատակն է տարածաշրջանի ներսում և դրանից դուրս առևտրի ընդլայնումը, ինչպես նաև անդամ երկրների առևտուրը համաշխարհային առևտրին ինտեգրելուն ուղղված ջանքերը: Կազմակերպության առանջահերթություններից են տարածաշրջանային առևտրի, տրանսպորտի և տարանցման ընդլայնումը և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը:
Նավթի ու գազի հսկայական պաշարներ, 440 միլիոն բնակչություն և 8,620,697 քառակուսի կիլոմետր տարածք ներառող կազմակերպության կարևորագույն նպատակն անդամ երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումն է:
Հարկ է ն շել, որ ՏՀԿ ներքին համագործակցության ճանապարհին առկա են տնտեսական ու քաղաքական բազմաթիվ խոչընդոտներ, սակայն անդամ երկրներին հաջողվել է ապահովել համագործակցության ցանկալի մակարդակ: Կազմակերպության անդամ երկրներն ընդգծում են մաքսային խոչընդոտների վերացման և ներքին օրենքների համակարգման անհրաժեշտությունը և այդ մասին նշված է ՏՀԿ կանոնադրության մեջ: Կազմակերպության ներսում խոչընդոտների պատճառը հիմնականում անդամ երկրների ներքին օրենքներն են, որոնց իշխանությունները պետք է աշխատեն այս ուղղությամբ:
ՏՀԿ հիմնադիր անդամները, ներառյալ՝ Իրանը, Թուրքիան և Պակիստանը, կառուցողական համագործակցություն են ունեցել տնտեսական, առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, տարանցման և այլ ոլորտներում: Իսկ Իրանը, որպես ՏՀԿ ամենավստահելի անդամներից մեկը, լրացուցիչ ջանքեր է գործադրել տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
ՏՀԿ տասը անդամների միջև առևտրափոխանակումն այս պահին կազմում է տարեկան ավելի քան 60 միլիարդ դոլար: 2022թ առաջին կիսամյակում ՏՀԿ անդամների հետ Իրանի առևտուրը կազմել է ավելի քան 9 միլիարդ դոլար, ինչի արդյունքում, Իրանը երրորդ տեղում է ՏՀԿ արտաքին առևտրի հորիզոնականում: Իրանը ՏՀԿ անդամ երկրներ է արտահանել հիմնականում նավթաքիմիական ապրանք, պոլիմերային արտադրանք, մեքենաներ, սարքավորումներ, գորգ և ձեռագործ աշխատանքներ:
Հարկ է նշել, որ ՏՀԿ անդամ երկրները գտնվում են աշխարհի ամենազգայուն տարածաշրջաններից մեկում, որն ունի ընդհանուր պատմամշակութային ժառանգություն։ Դա այդ երկրներին հնարավորություն է տալիս դառնալ համաշխարհային տնտեսական բևեռներից մեկը: Համաշխարհային մասշտաբով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբեր միությունների ներսում առևտրի ծավալը զգալիորեն աճել է: Սակայն ՏՀԿ ներսում այդ ծավալը շատ մեծ չէ և անդամ երկրներն ունեն ավելի մեծ հնարավորություններ:
Ամփոփելով ընդհանուր իրավիճակը, կարելի է ասել, որ ՏՀկ անդամ երկրներն ունեն տնտեսական զարգացման հնարավորություններ: Ուստի ակնկալվում է, որ Տաշքենդի նիստի մասնակիցները, որպես կազմակերպության խորհրդի անդամներ, որը համարվում է ՏՀԿ ամենաբարձր մակարդակով որոշումներ կայացնող մարմինը, կկարողանան արդյունավետ որոշումներ կայացնել կազմակերպության զարգացման և տնտեսական համագործակցության առաջընթացի համար: