Մամուլի տեսություն 08.04.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i196916-Մամուլի_տեսություն_08.04.2023
«Իսրայելի դաշտում» Ադրբեջանի վտանգավոր խաղի ֆոնին, Իրանը զգուշացրել է Թել ավիվի և Բաքվի իշխանություններին
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Ապրիլ 08, 2023 09:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.04.2023

«Իսրայելի դաշտում» Ադրբեջանի վտանգավոր խաղի ֆոնին, Իրանը զգուշացրել է Թել ավիվի և Բաքվի իշխանություններին

Վաթան Էմռուզ օրաթերթ

Իլհամի «խաղը» Իսրայելի համար

 

Օկուպացված տարածքներ Ադրբեջանի ԱԳ նախարարի այցից հետո, Բաքվի հակաիրանական հռետորաբանությունն ակտիվացել է

Իրանում նոր տարվա մեկնարկին զուգահեռ, Ալիևի հակաիրանական գործողություններն ակտիվացել են: Անցած ամիսներին Բաքուն ավելի շատ հանդես էր գալիս հակաիրանական հայտարարություններով, սակայն այժմ նկատվում է նաև Իրանի դեմ ուղղված գործողությունների աճ:

Պաշտոնական Բաքուն և Թել Ավիվը հայտարարել են, որ ակտիվացնում են համատեղ հակաիրանական գործողությունները: Իրանը դեմ է իր հյուսիսային սահմաններին Իսրայելի ներկայությանը և պաշտոնական Թեհրանն այդ, ինչպես նաև տարածաշրջանում Թել Ավիվի սադրիչ գործողությունների կապակցությամբ բազմիցս զգուշացրել է Բաքվի իշխանություններին:

Էթելաաթ օրաթերթ

Ֆրանսիացի ցուցարարները հրկիզել են Մակրոնի սիրելի ռեստորանը

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի 11-րդ օրը, Սեն գետի արևելյան ափին անվտանգության ուժերի հետ բախման ժամանակ, ֆրանսիացի ցուցարարները հրկիզել են նախագահ Էմանուել Մակրոնի սիրելի ռեստորանը: Փարիզի Մոնպառնաս թաղամասի Larotund ռեստորանում Մակրոնը տոնել է իր 2017 թվականի նախընտրական արշավի հաջողությունը:

Ջավան օարթերթ

Իրանի տնտեսության մեջ դոլարի կուռքը պետք է կոտրվի

 

Համակարգի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ գերագույն առաջնորդը հայտարարել է. «Ինչո՞ւ է պետական ընկերությունն իր հումքի գինը սահմանում ըստ թելեգրամյան ալիքներում հայտարարված դոլարի կուրսի: Ինչո՞ւ եք դուք դոլարին իշխանություն տալիս: Ինչո՞ւ եք հզորացնում ռիալի մրցակցին»:

Իրանցի օգտատերերն ակտիրվ են արձագանքել առաջնորդի այս հայտարարությանը և ընդգծել դոլարի գերակայությունը վերացնելու և երկրի տնտեսությունն ապադոլարացնելու անհրաժեշտությունը:

Twitter-ի օգտատերերն իրենց գրառումներում նշել են այն երկրների անունները, որոնք շարժվել են դոլարի գերակայությունից ազատվելու ուղղությամբ:

Քեյհան օրաթերթ

Իսրայելի ուղղությամբ կրակելու համար պատրաստ է 150 հազար հրթիռ և 5 հազար ԱԹՍ

 

Rai Alyoum-ի խմբագիր Աբդուլբարի Աթվանը մի վերլուծության մեջ գրել է. «Եթե պատերազմ սկսվի, դա կլինի օկուպանտ ռեժիմի կաբինետի վերջի սկիզբը, քանի որ Դիմադրության 150 հազար  հրթիռ և 5 հազար մահապարտ ԱԹՍ-ներ սպասում են Իսրայելի տարբեր շրջանների ուղղությամբ արձակվելուն»։

armenpress.am

Սի Ցզինպինը Էմանուել Մակրոնին առաջարկել է Ուկրաինայում հրադադարի ծրագիր մշակել

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիր մշակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Չինաստանի առաջնորդը խոստացել է, որ կաջակցի նրան։

Սի Ցզինպինը նաև ընդգծել է, որ ՉԺՀ-ն երբեք չի դիտարկի ուկրաինական ճգնաժամը անձնական շահերի տեսանկյունից:

armenpress.am

Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով

 

Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ: Ողջունում ենք տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունն ապաշրջափակելու ջանքերը։ Անշուշտ, մենք ողջունում ենք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը», - նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը պնդել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, որոնք այսօր էլ մնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքում:

«Հուսով ենք, որ մեր ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այս գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը», - ընդգծել է նա։

armenpress.am

Պարենի համաշխարհային գներն ավելի քան 20%-ով նվազել են 2022 թ.-ի առավելակետի համեմատությամբ

 

Պարենի համաշխարհային գները մարտին 20,5%-ով նվազել են մեկ տարի առաջվա առավելակետային ցուցանիշների համեմատությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս  տվյալները բերվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից տարածված Պարենային գների ինդեքսում, որը հետևում է հիմնական պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին:

  Ինչպես նշում է ՊԳԿ-ն, 2023 թ.-ի մարտին ինդեքսը շարունակել է նվազել 12-րդ ամիսն անընդմեջ՝ միջինը կազմելով 126,9 կետ, ինչը 2,1 %-ով ավելի ցածր է, քան նախորդ ամսին, և 20,5 %-ով ավելի ցածր 2022 թ.-ի մարտ ամսվա առավելակետային մակարդակից։

«Այս նվազմանը նպաստում են լայնածավալ մատակարարումները, ներմուծման պահանջարկի կրճատումը և Սևծովյան հացահատիկային նախաձեռնության երկարաձգումը», - պարզաբանվում է  հայտարարության մեջ:

Մասնավորապես, հացահատիկի գների ինդեքսը փետրվարի համեմատ նվազել է 5,6 %-ով, ընդ որում՝ ցորենի համաշխարհային գները նվազել են 7,1 %-ով, ինչը պայմանավորված է Ավստրալիայում արտադրության բարձր մակարդակով, Եվրամիությունում ցանքի պայմանների բարելավմամբ, ՌԴ-ից մատակարարումների մեծ ծավալներով և Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից շարունակվող արտահանումներով:

Եգիպտացորենի համաշխարհային գները նվազել են 4,6 %-ով՝ մասամբ Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքների պատճառով, մինչդեռ բրնձի գներն ընկել են 3,2 %-ով՝ հիմնական արտահանող երկրներում, ներառյալ՝ Հնդկաստանում, Վիետնամում և Թաիլանդում շարունակվող կամ առաջիկա բերքահավաքի պատճառով:

Բուսական յուղի գների ինդեքսը միջինը 3 %-ով ավելի ցածր է նախորդ ամսվա համեմատ և 47,7%-ով ավելի ցածր, քան 2022 թ.-ի մարտին, քանի որ համաշխարհային մեծ պաշարները և ներմուծման համաշխարհային քիչ պահանջարկը հանգեցրել են սոյայի, ռապսի և արևածաղկի ձեթերի գնանշումների նվազման:

Մինչդեռ շաքարի գների ինդեքսն աճել է մինչև 2016 թ.-ի հոկտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակը ՝ փետրվարի համեմատ աճելով 1,5%-ով: Սրա պատճառ են դարձել Հնդկաստանում, Թաիլանդում և Չինաստանում շաքարի արտադրության հեռանկարների վատթարացման շուրջ մտահոգությունները:

Մսի գների ինդեքսը փոքր-ինչ աճել է (0,5%-ով):

panorama.am

ՌԴ-ից վերջին օրերին ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռություն է պահպանում. Աբրահամյան

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«ՌԴ առաջարկը ՀԱՊԿ դիտորդներ/խաղաղապահներ ՀՀ առաջնագծում տեղակայելու և ռազմատեխնիկական համագործակցության նոր փաթեթի վերաբերյալ ուշագրավ վիճակ է ստեղծել:

Թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցության ծրագիրը, կողմերից որևէ մեկը փակագծեր չի բացում:

Երկրորդ, պետք է հասկանալ, թե ինչ առաջարկ է արվել ՀՀ իշխանությանը ՀԱՊԿ դիտորդների կամ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, արդյո՞ք մանրամասներ կան նրանց մանդատի, գործառույթների և հնարավոր տեղակայումների վերաբերյալ:

Սա չափազանց կարևոր է հասկանալ, որովհետև իր հետ մեծ թվով հարցադրումներ է բերելու:

Եթե առաջարկվող ռազմատեխնիկական փաթեթը ՀՀ-ի համար կենսական կարևորություն ներկայացնող սպառազինություն և տեխնիկա է ենթադրում, իսկ ՀԱՊԿ ներկայությունը կարող է զսպող գործոն դառնալ, ապա ինչու այն նվազագույնը քննարկման առարկա չի դառնում:

ՌԴ-ից վերջին օրերին ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռություն է պահպանում:

Ինչին է սպասում ՀՀ իշխանությունը և ինչու է շտապում Ռուսաստանը»։

panorama.am

Բլինկենը դեմ է արտահայտվել Ուկրաինայում հրադադար հաստատելուն

 

ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի բանակցությունների հնարավորություն չեն տեսնում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Funke մեդիա խմբին տված հարցազրույցում։

«Ոմանց համար զինադադարի գաղափարը կարող է գայթակղիչ թվալ, և ես դա հասկանում եմ, բայց եթե այն հավասարազոր է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մեծ տարածքի բռնագրավման փաստացի օրինականացմանը, ապա դա արդար և տևական խաղաղություն չի լինի»,- ասել է նա։

Բլինկենը նաև մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան, իբր, կարող է օգտագործել զինադադարը՝ իր զորքերը վերախմբավորելու և որոշ ժամանակ անց հարձակողական գործողություններ ձեռնարկելու համար:

panorama.am

Բրիտանական Mykines-ը Ուկրաինայի հակամարտության սկզբից ի վեր 1,2 միլիարդ դոլարի էլեկտրոնիկա է մատակարարել Ռուսաստանին

 

Լոնդոնում գրանցված Mykines Corporation LLP-ն Ուկրաինայում զինված հակամարտության բռնկումից հետո կազմակերպել է մոտ 1,2 միլիարդ դոլարի էլեկտրոնիկայի վաճառք Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ռուսական փաստաթղթերին, որոնք պարբերականին տրամադրել է Մադրիդի IE բիզնես դպրոցի պրոֆեսոր և մաքսային հոսքերի վերլուծության փորձագետ Մաքսիմ Միրոնովը։ Հոդվածին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:

Պարբերականը նշում է, որ Mykines-ը ապրանքներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնություն, այդ թվում՝ կիսահաղորդիչներով, սերվերներով, նոութբուքերով, համակարգչային բաղադրիչներով, հեռահաղորդակցության ցանցային սարքավորումներով և սպառողական էլեկտրոնիկայի միջոցով։

Պարբերականի կողմից ստացված մաքսային հայտարարագրերի համաձայն՝ առնվազն 982 մլն դոլար ընդհանուր արժեքով ուղարկված ապրանքները ենթակա են բրիտանական իշխանությունների կողմից սահմանված արտահանման սահմանափակումների։