Մամուլի տեսություն - 26.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i200232-Մամուլի_տեսություն_26.05.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը դրական և առաջընթաց է գնահատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2023 13:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 26.05.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը դրական և առաջընթաց է գնահատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը։

Իրան օրաթերթ

Իրանը փոխել է Մերձավոր Արևելքի հավասարումները, և դա շատ ցավալի է Իսրայելի համար։

Քաղաքական վերլուծաբան դոկտոր Ալիֆ Սաբաղը, ի պատասխան իսրայելական ռազմական հետախուզության աշխատակից «Ջեք Ներիայի» սպառնալիքներին, Սիոնիստական ​​ռեժիմի i24 հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է. «Իրանը փոխել է Մերձավոր Արևելքի հավասարումները, և սա շատ ցավալի է Իսրայելի համար»։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ողջամիտ իսրայելցի պետք է իմանա, որ եթե Իրանի վրա հարձակում լինի, ապա Իրանի ռազմական պատասխանները անդիմադրելի կլինեն։

 

Մաշրեղ օրաթերթ

Պուտինի նոր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում

Ռուսաստանի նախագահը Ղարաբաղի վերաբերյալ իր նոր դիրքորոշման մեջ հայտարարեց. «Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, չնայած խնդիրների առկայությանը, Ղարաբաղում իրավիճակն առաջ է գնում դեպի հակամարտության լուծմանը»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը դրական է։

 

Էթեմադ օրաթերթ

Հաշմանդամների տեսողության և շարժունակության վերականգնումը՝ ուղեղին համակարգչին միացնելու միջոցով. Իլոն Մասկի ուղեղի չիպերի ընկերությունը փորձարկումներ սկսելու թույլտվություն է ստացել

 Ուղեղի միկրոսխեմաների NoraLink ընկերությունը ասում է, որ ստացել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) թույլտվությունը՝ մարդկանց վրա իր առաջին փորձարկումներն իրականացնելու համար:

 

Համշահրի օրաթերթ

Պուտինը «Հերոս մայր» մեդալ է հանձնել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի կնոջը: Այս տիկինը 14 երեխաների մայր է։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կինը, ով 14 երեխաների մայր է, Վլադիմիր Պուտինից ստացել է հերոսի մոր կոչում և 1 մլն ռուբլի մրցանակ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս հրամանագիր է ստորագրել, որի հիման վրա վերակենդանացել է «Հերոսի մայր» մրցանակը։

Համաձայն այս փաստաթղթի, եթե կինը Ռուսաստանի քաղաքացի է և մեծացրել է 10 և ավելի երեխաներ, որոնք նույնպես Ռուսաստանի քաղաքացիներ են, նա համապատասխանում է այս կոչմանը:

 

news.am

Հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ ՌԴ-ն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը․ ՔՊ

Հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հնչեցված «Զանգեզուրի միջանցքի» մասին գաղափարը։ Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ալիեւը, ըստ նրա, անձամբ խոստովանել է, որ նկատի չի ունեցել արտատարածքային պահանջները։ «Այնուամենայնիվ, բնական է, որ բանակցային գործընթացի հետագա փուլերում մենք կսկսենք մոտեցնել մեր տեսակետները տերմինաբանական հարցերի շուրջ»,- միաժամանակ նշեց Հովհաննիսյանը։

Իշխող կուսակցության ներկայացուցիչը հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ միջանցքի խնդիրն իրենց համար կարմիր գիծ է։ «Սա եւս մեկ անգամ հաստատվեց երեկվա հանդիպման ժամանակ»,- ընդգծեց պատգամավորը։

 

news.am

Ադրբեջանի փոխվարչապետը Կազանում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը Կազանում տեղի ունեցած «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. Կազանի համաժողով» 14-րդ միջազգային տնտեսական համաժողովում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, համաժողովի շրջանակում Շահին Մուսթաֆաւեւը ելույթ է ունեցել «Տնտեսական հուսալիություն. «Համագործակցությունը Ռուսաստանի եւ Իսլամական համագործակցություն կազմակերպության երկրների միջեւ» լիագումար նիստում։

Թվարկելով Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները եւ նրա դերը միջազգային տրանսպորտային երթուղիներում՝ Մուսթաֆաեւը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ «Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք» տրանսպորտային ուղղությունները մեծ հնարավորություններ կբացեն տարածաշրջանի երկրների համար»։ Նշվել է, որ Ադրբեջանը պատրաստ է իրականացնել մասշաբային նախագծեր զարգացած տրանսպորտայն եւ տարանցման ենթակառուցվածքով, ինչի հետ կապված առանձնապես ընդգծվել է Բաքվի միջազգային նավահանգստի կարեւորությունը։

 

news.am

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի անդամները Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպմանը ներկայացրել են շարժման նպատակները, գործունեության ուղղությունները, կազմակերպական կառուցվածքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։

Նշվել է, որ ճակատը բաց է համագործակցության բոլոր այն ուժերի և կազմակերպությունների, անհատների համար, որոնք ընդունում են ազատ, անվտանգ, անկախ, երջանիկ, հայկական Արցախ ունենալու նպատակը:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հենց այդ նպատակի շուրջ է վերջին ամիսներին հանրային լայն քննարկումների արդյունքում ձևավորվել Արցախի ապագայի տեսլականը, նախանշվել են բոլոր ուղղություններն ու վեր են հանվել խնդիները, մշակվել է ճանապարհային քարտեզ: «Տեղի է ունեցել նպատակի և գաղափարի, ոչ թե անձանց շուրջ համախմբում: Արցախի առջև ծառացած մարտահրավերները չափազանց լուրջ են, և դրանց դիմակայելու համար լուրջ աշխատանք և լայն ներգրավվածություն է պահանջվում»,- նշել է նա:

 

tert.am

Վերականգնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ

Այսօր՝ մայիսի 26-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Դեռևս տասնյակ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն:

«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում մասնակիորեն վերականգնվել են պլանային հետազոտությունները և միջամտությունները։

 

tert.am

Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ զենք չի եղել, Բաքվում ի՞նչ 5 մլրդ դոլարի զինտեխնիկա էր ցուցադրվում. Տիգրան Աբրահամյան

Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում սպառազինություն, զենք զինամթերք չի եղել, Բաքվի «ավարների» պուրակում էդ ի՞նչ 5 մլրդ դոլարի զենք, զինամթերք և տեխնիկա է ցուցադրվում:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորների հայտարարությանը, թե նախկինները զենք չեն գնել․

«Ի՞նչ խոցումների և մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկայի ավարի մասին է խոսում Ադրբեջանը, եթե հայկական կողմը զենք չի ունեցել: Եթե մենք այսօր ունենայինք այն սպառազինությունը և տեխնիկան, որը ներկայացվում է 80-ականների, 70-ականների, նույնիսկ 60-ականների, այսօր այսպիսի բալանսի պայմաններում կկարողանայինք  ապահովել ՀՀ-ի պաշտպանությունն ու անվտանգությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նկատեց, որ երբ Սոթքի և 2022 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություննենրի ժամանակ ՀՀ զինված ուժերը խնդիր են լուծել, ապա այն արվել է այդ թվականների հրետանային միջոցներով․

 

tert.am

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին 

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, որովհետև այլ տարբերակ չկա։ Հայաստան-Թուրքիա սահմանները հստակ են՝ Սովետական Միությունից սկսած, Հայաստան-Իրան սահմանները հստակ են, մեր արևմտյան սահմաններն են, որ ամեն օր խախտում է հակառակորդը:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը․

«Այսքանից հետո, եթե ասել ես՝ առանց Արցախի Հայաստան չկա, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ, ի՞նչ պատճառ է, որ չես հեռանում, և ամեն օր տեսնում ենք պարտվածի քո դժգույն դեմքը։ Սա մի բանի մասին է վկայում, սա ուրացում է, իսկ ուրացողը չի կարող Հայաստանի ղեկավար լինել»,- ասաց Վարդանյանը։

Նրա կարծիքով իշխանություններն ուզում են խարխլել մեր ինքնության հիմքերը, ազգային, հոգևոր մշակութային բոլոր խորքերը, պետության ու պետականության նոր կոնցեպտ են փորձում բերել՝ ՀՀ քաղաքացիներին վարժեցնելով իրենց տեսակի հետ՝ ողորմելի, վախկոտ, աներազանք․

«Պետության ու պետականության նոր կոնցեպտի մասին խոսում է մեկը, ով իր կամակատարների հետ ոչնչացրել ու ոչնչացնում է պետական բոլոր ինստիտուտները։ Վերջերս ասում է՝ խաղաղության պայմանագրի մեր պարամետրերը կարող են մեր ժողովրդի համար ընդունելի չլինել, բայց ասում է՝ հանրաքվե չենք անելու, պատասխանատվությունից խուսափել կնշանակի։ Կադաստրի վկայականի մասին է խոսում, անկախության հանրաքվե, Սահմանադրություն, ՄԱԿ-ի անդամ պետությունն ասում է, թե մենք կադաստրի վկայական չունենք», - ասաց Աղվան Վարդանյանը։