Մամուլի տեսություն - 30.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i200498-Մամուլի_տեսություն_30.05.2023
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպությունը հայտարարել է դեպի Կովկասի երկրներ Իրանի արտահանման ավելացման մասին և ասել է, որ անցյալ տարի Իրանի արտահանումը տեպի հայատնա կազմել է 465 մլն դոլար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2023 14:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 30.05.2023

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպությունը հայտարարել է դեպի Կովկասի երկրներ Իրանի արտահանման ավելացման մասին և ասել է, որ անցյալ տարի Իրանի արտահանումը տեպի հայատնա կազմել է 465 մլն դոլար։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Արտադրության Գարունը

Իրանի արտահանումը դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, Կովկաս և Ռուսաստան 18 տոկոս աճ է արձանագրել

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գլխավոր տնօրենը, անդրադառնալով Իրանի արտահանման ցուցանիշներին, ասաել է. «Իրանի արտահանումը Կենտրոնական Ասիայի երկրներ, Կովկաս և Ռուսաստան անցյալ տարի կազմել է ավելի քան 3 միլիարդ 200 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ​​աճել է 18%-ով։

Ռահմաթոլահ Խորմալիոն հավելել է. «Իրանի արտահանումն դեպի այդ երկրներ , երկու տարի առաջվա համեմատ աճել է 40 տոկոսով»:

 

Քեյհան օրաթերթ

Քիսինջերի ձեռքերը շաղախված են 3 միլիոն մարդու արյունով,ծննդյան տարեդարձը նշելու փոխարեն՝ դատապարտեք նրան 

 Անցյալ շաբաթ օրը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը դարձավ 100 տարեկան։ Այս հարցին շատերն են արձագանքել սոցցանցերում։ Ամերիկյան «MSNBC» հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Մեհդի Հասանն այս հարցին ի պատասխան հեռուստահաղորդման մեջ նույնպես ասել է. «Ես ուզում եմ այս կերպ հավերժացնել Հենրի Քիսինջերի 100-ամյակը։ Ես ուզում եմ խոսել այն բազմաթիվ մարդկանց մասին ամբողջ աշխարհում, ովքեր չեն կարողացել տեսնել իրենց 60-ամյակը, 70-ամյակը կամ 100-ամյակը՝ Քիսինջերի կողմից բռնակալ բռնապետերին, բռնակալ ռեժիմներին, դաժան պատերազմներին և ռազմական հանցագործություններին աջակցելու պատճառով»:

 

Համշահրի օրաթերթ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կասկածի տակ է դրել Թուրքիայի ընտրությունները

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդները համատեղ հայտարարությամբ հայտարարել են, որ կիրակի օրը կայացած Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը «ազատ և թափանցիկ» չի եղել։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ֆարահ Քարիմին ասել է. «Այն դժվարին իրավիճակում, որ գտնվում ենք Թուրքիայում, հիմարություն է եթէ ասենք որ ընտրություններն անցել են ազատ կամ թափանցիկ։ Պետք է հաշվի առնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կարծիքները՝ կապված ԶԼՄ-ների կողմից ընտրությունների վերաբերյալ նրանց կանխակալ լուսաբանումները և ընդդիմության կողմից լրատվամիջոցների հասանելիության բացակայության մասին»:

 

tert.am

Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից ու երկխոսության նպատակ ունենալ․ Միշելը՝ Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցությունների շարունակմանը Քիշնևում։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ, ԵՄ ղեկավարներից Շառլ Միշելը։

«Կարևոր է միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու և սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար»,- նշել է նա:

Միշելը գրել է, որ «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ առանցքային է»:

«Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից ու երկխոսության նպատակ ունենալ։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- նշել ԵԽ ղեկավարը։

Հիշեցնենք, որ վաղը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը։

Նախատեսվում է նաև հնգակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

 

tert.am

Խիստ հիասթափեցնող է, որ ԵՄ-ն ի դեմս Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով․ ԱՀ ՄԻՊ

Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով։

Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը․

«Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։

Նման ձևակերպումները, որոնք դիտավորյալ են արվում աշխարհում մարդու իրավունքների արժեքները պաշտպանող Միության կողմից, ոչ միայն վիրավորում են արցախցիների զգացմունքները, այլև կործանարար ազդեցություն են ունենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ անտեսելով դրա հիմնական շահառուի՝ Արցախի ժողովրդի իրավունքները։

Արցախի ժողովրդի կամքն ու շահերն անտեսելը, Լեռնային Ղարաբաղ տերմինը օգտագործելուց դիտավորյալ խուսափելը միանշանակ չեն նպաստում ԵՄ-ի նախաձեռնությամբ ընթացող խաղաղ բանակցություններին, այլ ճանապարհ են հարթում ժողովրդավարության կայուն մակարդակ ունեցող Արցախի բռնի հպատակեցմանը հայատյաց ու ավտորիտար պետությանը՝ Ադրբեջանին»։

Հիշեցնենք, որ այսօր Շառլ Միշելը գրել է, որ «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ առանցքային է»:

   

 

tert.am

Գրիգորյանը Հաջիևի հետ պանելային քննարկման է մասնակցել, կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից

Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ:

Հայտնում են ԱԽ գրասենյակից։

ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերին:

Քարտուղարը շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից:

 

news.am

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման «սրբազան ժամկետ» չկա. Թուրքիայում ՌԴ դեսպան

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական բնույթ է կրում։ Կողմերն աշխատում են դիրքերի մերձեցման ուղղղությամբ, բայց աշխատանքի ավարտի ժամկետի մասին խոսելն առայժմ վաղ է։ Այս մասին ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը կլոր սեղանի ժամանակ, որը տեղի է ունենում «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի հարթակում, տեղեկացրել է «Սպուտնիկ»-ը։

«Նման աշխատանք այժմ կատարվում է, բայց որեւէ կոնկրետ ժամկետ, կոնկրետ, ինչպես ասում են, «սրբազան ամսաթիվ» այստեղ չկա։ Գործընթաց կա, գործընթացը դրական է։ Հույս ունենանք, որ այն կզարգանա ճիշտ եւ անհրաժեշտ ուղղությամբ»,- ասել է ռուս դիվանագետը։

Ըստ նրա՝ «խոսք է եղել այն մասին, որպեսզի այս ամռանը, այսինքն՝ զբոսաշրջային սեզոնին, սահմանը բացվի, ասենք, երրորդ պետությունների քաղաքացիների համար»։ Սակայն կոնկրետ պայմանավորվածություններ այս հաշվով դեռ չկան, նշել է Երխովը։

Ռուս դեսպանը ուշադրություն է հրավիրել դրական ազդակի վրա, որը տրվել է Անկարայի եւ Երեւանի հարաբերություններին «երկրաշարժի դիվանագիտությամբ»։

«Այստեղ այժմ այդպես են անվանում հումանիտար օգնությունը։ Այդ օգնությունը, որը Թուրքիային ցուցաբերել է Հայաստանը, օգնել է հավելյալ քայլեր անել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է դեսպանը։

 

news.am

Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում կիրառել է ականանետ. 7 ական է արձակել. Հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 

news.am

Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ երկու տարի անց համաձայնեց՝ Արցախն Ադրբեջան է. «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստան» հասարակական շարժումը կփորձի հասնել իշխանափոխության եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։ Այս մասին  մայիսի 30-ին, մամուլի ասուլիսում, ասել է շարժման համակարգող, քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ շարժումը կփորձի հասնել գործող վարչակազմի հեռանալուն, քանի որ դրա գոյությունն իշխանությունում էքզիստենցիալ սպառնալիք է երկրի համար։ Իշխանության հեռանալուց հետո պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որը մեկ տարվա ընթացքում կիրականացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իսկ որպեսզի երաշխավորվի ընտրությունների թափանցիկությունը, ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի արտահերթ ընտրություններին։

Նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը նշել է, որ իրավիճակն Արցախի շուրջ էքզիստենցիալ սպառնալիք է ստեղծում ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար, իսկ Բերձորի միջանցքի հանձնումից հետո գործընթացներն ակնհայտ են դարձել։ Պրահայի պայմանավորվածությունը (տարածքային ամբողջականության ճանաչման մասին- խմբ.) ներկա գործընթացների ճանապարհ է բացել։ Աղաջանյանի գնահատմամբ՝ վարչապեի քաղաքականության արդյունքն է դարձել Բաքվի եւ Անկարայի՝ հայոց ցեղասպանության երկրորդ փուլի նախաձեռնությունը, ինչին նպաստում են որոշ արեւմտյան կենտրոններ՝ գիտակցված, թե ոչ, չնայած նրանց նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից վտարելն է եւ Իրանի դերի նվազեցումը։ «Հայաստանը կարող է դառնալ նոր պատերազմի թատերաբեմ, շահերի բախման կենտրոն։ Անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի սուբյեկտայնությունը, ապահովել Արցախի՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը»,- ընդգծել է նա։