Մամուլի տեսություն 05.06.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i200818-Մամուլի_տեսություն_05.06.2023
Terrorism Watch Organization-ը նախազգուշացրել է ահաբեկիչների կողմից արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների հնարավոր կիրառման մասին ահաբեկչություններ իրականացնելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2023 13:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  05.06.2023

Terrorism Watch Organization-ը նախազգուշացրել է ահաբեկիչների կողմից արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների հնարավոր կիրառման մասին ահաբեկչություններ իրականացնելու համար։

 

Իրան օրաթերթ
Իրանի հատուկ դերը Թուրքիայի հարյուրամյակի տեսլականում

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբարը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով 13-րդ կառավարությունում հարեւանների հետ հարաբերությունների խթանման քաղաքականությանը, Թուրքիային համարել է Իրանի Իսլամական Հանրապետության համար կարևոր և ռազմավարական հարևան և հույս է հայտնել որ ընդլայնելով համագործակցությունը՝ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերություններն էլ ավելի կնպաստեն այս երկրի նոր կառավարությունը։
Թուրքիան Իրանի խոշոր առևտրային և տնտեսական գործընկերներից է, և այս երկրի հետ համակողմանի հարաբերությունների խթանումը 13-րդ կառավարության տնտեսական դիվանագիտության և հարևանության քաղաքականության շրջանակներում առանձնահատուկ նշանակություն ունի։

Ջավան օրաթերթ
Ամերիկայի արձագանքը Իրանի և տարածաշրջանի երկրների միջև ռազմածովային դաշինք ստեղծելու հնարավորության վերաբերյալ

ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի խոսնակ Թիմ Հաոքինզը ի պատասխան Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանիի հայտարարություններին՝ տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Միացյալ Էմիրությունների, Կատարի, Բահրեյնի և Իրաքի հետ Իրանի ռազմածովային նավատորմի համատեղ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ ասել է «Այդ խոսդերը չեն համապատասխանում Իրանի գործողությունների հետ»։
Ամերիկան մի երկիր է, որը ռազմական միջամտության գործողություններ է իրականացնում Մերձավոր Արևելքից հազարավոր կիլոմետրեր հեռու այս տարածաշրջանում և հանդիսանում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող գործոններից մեկը։
Breaking Defense-ին տված բացառիկ հարցազրույցում Հաոքինզն ասել է. «Գործողությունները կարևոր են։ Այդ իսկ պատճառով մենք մեր գործընկերների հետ ուժեղացնում ենք պաշտպանությունը Հորմուզի նեղուցի շուրջ»։

Ջամե Ջամ օրաթերթ
Terrorism Watch Organization-ը զգուշացնում է՝ արհեստական ինտելեկտը սպառնալիք է երկրների ազգային անվտանգության համար

Անգլիայում տեղակայված Terrorism Watch անկախ կազմակերպության տնօրեն Jonathan Hall KC-ն մտահոգություն է հայտնել երկրների ազգային անվտանգությանը սպառնացող արհեստական ինտելեկտի վերաբերյալ և ասել է. «Արհեստական ինտելեկտի չափից ավելի զարգացումներում ուշադրությունը հիմնականում կենտրոնանում է այս տեխնոլոգիայի պոտենցիալ դրական կետերի վրա, և այս կերպ անտեսվել է այն, թե ինչպես կարող են ահաբեկիչները օգտագործել այն հարձակումների համար»:
Terrorism Watch-ն մտահոգություն է հայտնել արհեստական ինտելեկտի չաթ-բոտերի շրջանակի վերաբերյալ՝ խոցելի մարդկանց կամ տարբեր նյարդաբանական գործառույթներ ունեցող մարդկանց համոզելու ահաբեկչական հարձակումներ իրականացնել:

 

tert.am

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում 2 ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։


tert.am

Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ 1975-ի քարտեզի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»: Նա այս մասին ասել էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայով բանակցություններին Մոլդովայում։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «անընդունելի են» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 4-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ մի շարք ուղղություններով հարցերի էությունը հերթական անգամ «խեղաթյուրելու» (չակերտները՝ Tert.am), թե՛ միջազգային հանրության, թե՛ հայ հասարակության շրջանում «թյուրըմբռնում» (չակերտները՝ Tert.am) առաջացնելու փորձերը՝ «խուսափելով» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի ստանձնած պարտավորություններից: 

«Նախ, այն պահանջի հետ կապված, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, նշենք, որ, ինչպես Պրահայի հանդիպման, այնպես էլ Սոչիի հանդիպման ժամանակ արված հայտարարությունների համաձայն, սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։  Որպես կանոն, այդ հայտարարություններում հղումներ են արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին՝ նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող  բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա։ 

Միգուցե այս պրակտիկան կիրառվի նաև Հայաստանի նկատմամբ։ Կոնկրետ այս դեպքում հայկական կողմին ավելի ձեռնտու կլիներ սահմանազատման աշխատանքներ սկսելը, քան պնդել 1975 թվականի քարտեզի կոնկրետ հղումը»,- նշված է հայտարարության մեջ:

 

armenpress.am

Բոլորի համար հստակ է, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմաններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը․ Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ «Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա։ Կարծում եմ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների վերահսկողությունն ամբողջովին իրականացնելու է հայկական կողմը։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է»,- ասել է Գրիգորյանը։  

Գրիգորյանը մանրամասնեց, որ ապաշրջափակման հարցում երեք հիմնական սկզբունք կա, որոնց հայկական կողմը հետևում է։ Խոսքը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ սուվերենության և իրավազորության մասին է։ Հայաստանը կարևորում է նաև փոխադարձության սկզբունքը, այսինքն՝ Հայաստանն էլ պետք է Ադրբեջանի տարածքով տեղաշարժի հնարավորություն ստանա։

Գրիգորյանի խոսքով՝ ապաշրջափակումը կարող է տեղի ունենալ այս սկզբունքների շրջանակում։ «Գիտեք, որ երկար ժամանակ Հայաստանի վրա տարբեր ձևերով ճնշումներ էին գործադրվում այս սկզբունքներից դուրս որևէ լուծում գտնելու համար։ Ներկայումս ավելի հստակ է դարձել, որ Հայաստանն այդ քայլին չի գնալու»,- ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նա հավելել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նպատակներից մեկը Հայաստանի վրա ռազմական ճանապարհով ճնշում գործադրելն էր, որպեսզի վերջինս ապաշրջափակման հարցում իր դիրքորոշումը փոխի, սակայն Հայաստանը հաստատակամ է այս հարցում։  


armenpress.am

Վարչապետը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Խոր վշտով տեղեկացա Հնդկաստանի Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում երեկ երեկոյան երեք գնացքների բախման ողբերգական դեպքի մասին, որը դարձել է հարյուրավոր զոհերի պատճառ:

Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին: 

Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը»։