Մամուլի տեսություն - 26.06.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201992-Մամուլի_տեսություն_26.06.2023
Իրանի 13-րդ կառավարության իշխանության գալուց ի վեր, հրաժարվելով միայն արևմտյան դիվանագիտությունից, օրակարգ դարձավ հարևանների և բարեկամ ու դաշնակից երկրների հետ հարաբերությունների զարգացումը և վերադարձավ արտաքին քաղաքականության հավասարակշռված մոտեցումը։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունիս 26, 2023 13:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 26.06.2023

Իրանի 13-րդ կառավարության իշխանության գալուց ի վեր, հրաժարվելով միայն արևմտյան դիվանագիտությունից, օրակարգ դարձավ հարևանների և բարեկամ ու դաշնակից երկրների հետ հարաբերությունների զարգացումը և վերադարձավ արտաքին քաղաքականության հավասարակշռված մոտեցումը։

Քեյհան օրաթերթ

Միջազգային մտնոլորդը փոխվում է հօգուտ Իրանի

Իրանի ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավարը հայտարարելով, որ երկրի տնտեսությունը դուրս է եկել ռեցեսիայից և հավելել. «Միջազգային միջավայրը փոխվում է հօգուտ մեր երկրի»։ Դաուդ Մանզուրը հավելեց. Մենք բոլորս պետք է օգտագործենք մեր ողջ ուժը ութ տոկոս տնտեսական աճի հասնելու համար:

 

Քեյհան օրաթերթ

Իրանի «Դամավանդ» նավի վրա թեւավոր հրթիռային համակարգերի և կետային պաշտպանության համակարգ է տեղադրվել

«Դամավանդ» նավի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ թեւավոր հրթիռների արձակման կայանի տեղադրումն ավարտվել է։

 

Ջավան օրաթերթ

Պուտինը չեզոքացրեց Վաշինգտոնի Վագներյան արշալույսը

Վագներների մեկօրյա ապստամբությունը Մոսկվայի դեմ, թեև այն դեռևս շատ մութ կետեր ունի, և պարզ չէ, թե Արևմուտքը և հատկապես Վաշինգտոնը անմիջական դերակատարություն են ունեցել այս պատահարի հետ, սակայն, ըստ ամերիկյան թերթի, ԱՄՆ-ի հետախուզության Գործակալությունները ապստամբությունից մեկ օր առաջ տեղիակ են եղել  այդ գործողության մասին։

Հաշվարկները ցույց են տալիս, որ այդ պատճառով ամերիկացիները զգուշավոր են արձագանքել և հետևել գործողուլյուններին, որպեսզի հնարավորության դեպքում օգտվեն այդ իրադարձություններից։

 

Էթելաաթ օրաթերթ

Ամերիկան ​​առանց Բաղդադի համաձայնության վաճառել է հակաօդային պաշտպանության համակարգը Իրաքի Քուրդիստանին

Իրաքյան Ալ-Մալումա լրատվական գործակալությունը մի հաղորդման մեջ բացահայտել է, որ ԱՄՆ կառավարությունը առանց Բաղդադի իշխանությունների համաձայնության վաճառել է հակաօդային պաշտպանության համակարգ, Իրաքի Քուրդիստանի շրջանում գտնվող աշխարհազորայիններին։

Իր զեկույցում Ալ Մալումա լրատվական գործակալությունը նաև ընդգծել է, որ ամերիկացիների այս գործողությունը խախտում է միջազգային օրենքներն ու դիվանագիտական ​​սկզբունքները։

 

armenpress.am

ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագրի գլխավոր հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունենալ

Խաղաղության նախատեսվող պայմանագրի համար Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են գլխավոր հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ասուլիսում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հունիսի 27-ին նախատեսվող բանակցություններից ակնկալիքներին:

«Ակնկալում ենք առաջընթաց: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի մեր շահերից և հնարավոր կլինի ստորագրել: Բնականաբար, գործընթացը բարդ է, կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Կան նաև հարցեր, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ: Բայց գլխավոր հարցերի շուրջ շարունակում են մնալ տարաձայնություններ»,-ասաց Ռուբինյանը:

Ակնկալիքն այն է, որ հնարավոր կլինի ևս մի քանի քայլով մոտեցնել դիրքորոշումները:

Ռուբինյանը չի կարծում, թե ապաշրջափակման համատեքստում ինքնիշխանության և իրավազորության վերաբերյալ համաձայնություն չկա: «Ես տպավորություն ունեմ, որ այդ կետով համաձայնություն կա: Այլ հարց, որ այդ համաձայնությունը դեռ չի ֆիքսվել թղթի վրա, հուսով եմ, որ կֆիքսվի»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը հավելեց՝ Հայաստանին պետք է ունենալ իր շահերից բխող խաղաղության պայմանագիր հնարավորինս արագ: Հայկական կողմի համար կան ամենասկզբունքային, ամենակարևորն երեք կետեր:

 

armenpress.am

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 12.5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին 12.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.7 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ  ավելացումը կազմել է 24.5 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 19.9 տոկոսով:

2023 թվականի առաջին 5 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 1.6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 3.1 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 86.9 տոկոսով:  Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 5 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 93.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 83.3 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մայիս ամիսներին կազմել է 390.41 դրամ:

 

tert.am

Բայրամովը մեկնել է ԱՄՆ՝ Միրզոյանի հետ բանակցությունների

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։Ինչպես հայտնում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում նախատեսվում է երկկողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։Հաղորդագրությունում նշվում է, որ տեղի կունենա «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հաջորդ փուլը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։

Վաշինգտոնում հունիսի 26-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:Հիշեցնենք, որ երկու երկրի ԱԳ նախարարները մայիսի սկզբին Վաշինգտոնում մի քանի օր բանակցություններին էին վարել հայ-ադրբեջանական կարգավորման հարցի շուրջ:

 

tert.am

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ստեղծել է «շատ հզոր կրակային համակարգ». Հասանով

2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական բանակը սահմանին վեց խոշոր գործողություն է իրականացրել. այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով:«2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական բանակը պայմանական պետական սահմանին իրականացրել է մոտավորապես վեց խոշոր գործողություն, որոնց արդյունքում հայկական բանակը մեծ կորուստներ է կրել ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի առումով։ Միաժամանակ Ադրբեջանը գրավել է ռազմավարական բարձունքներ։

Ներկայումս, ունենալով նման ռազմավարական առավելություն, մենք այնտեղ ստեղծել ենք շատ հզոր կրակային համակարգ։ Այն ներառում է բուն Հայաստանի ներսում մատակարարման բոլոր ռազմավարական ուղիների և զորքերի տեղաշարժերի վրա ազդելու հնարավորությունը: Մենք այնտեղ ստեղծել ենք նաև հզոր ինժեներական կառույցներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս օպերատիվ առավելություն ունենալ»,- ասել է Հասանովը։

 

news.am

Մեկ տարի Մարսի վրա. NASA-ն նոր առաքելություն է սկսում՝ Կարմիր մոլորակում ապրելու սիմուլյացիայով

ՆԱՍԱ-ն հետաքրքիր առաքելություն է իրականացնում, որի շրջանակում չորս տիեզերագնացներ մի ամբողջ տարի կապրեն «մարսյան» բազայում և կանեն այն ամենը, ինչ կանեին Կարմիր մոլորակ իրական առաքելության ժամանակ։ Նրանց կյանքին կարելի է հետեւել ուղիղ եթերում:

Առաքելությանը մասնակցում են Քելի Հյուսթոնը, Ռոս Բրոքվելը, Նաթան Ջոնսը և Անկա Սելարիուն: «Մարսյան» բազան, որտեղ նրանք կանցկացնեն առաջիկա 12 ամիսները, իրականում գտնվում է Տեխաս նահանգի Հյուսթոն բնակավայրի մոտ գտնվող ՆԱՍԱ-ի Ջոնսոն տիեզերական կենտրոնում: Այն զբաղեցնում է 158 քմ տարածք եւ կոչվում է «Մարս Դյունա Ալֆա»։ Տիեզերագնացներն այնտեղ պետք է ապրեն մինչև 2024 թվականի հուլիսի 7-ը, իսկ 3D տպագրված կառույցից դուրս գալը հնարավոր կլինի միայն հանուն «Մարսի վրա» փոքր զբոսանքների, որը փաստացի, հարակից փակ «ավազային» հատվածն է՝ 111 քմ մակերեսով:

Ընդհանուր առմամբ, ՆԱՍԱ-ն նախատեսում է իրականացնել երեք նման առաքելություն (Crew Health and Performance Exploration Analog կամ CHAPEA), որոնցից յուրաքանչյուրը կտևի մեկ տարի։ Փորձի մասնակիցներին դիտարկելը թույլ կտա գիտնականներին ավելի լավ նախագծել և պլանավորել ապագա մարդատար առաքելությունները դեպի Մարսի իրական մակերես:

ՆԱՍԱ-ի Ջոնսոնի տիեզերական կենտրոնի վարքագծային առողջության և կատարողականի լաբորատորիայի ղեկավար Սյուզան Բելը նշել է, որ առաջին առաքելության անձնակազմն ընտրվել է մի քանի պահանջների համաձայն. Փորձ STEM ոլորտներից մեկում (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա), պրոֆեսիոնալ փորձ ընտրված ոլորտում, օդաչուի փորձ կամ ռազմական պատրաստություն: Փորձի բոլոր մասնակիցները նույնպես պետք է անցնեին նույն ֆիզիկական և հոգեբանական թեստերը, ինչ տիեզերագնացների թեկնածուները:

Առաքելության հրամանատարը կլինի Քելլի Հյուսթոնը (գլխավոր լուսանկարում նա մեջտեղում է), հետազոտող գիտնական, ով ուսումնասիրում է հիվանդությունները։ Ռոսս Բրոքվելը (ձախից), քաղաքացիական ինժեներ, կգործի որպես թռիչքային ինժեներ: Նաթան Ջոնսը (աջից) կկատարի բուժաշխատողի դերը՝ հենվելով շտապօգնության բժիշկի իր փորձի վրա: Անձնակազմի չորրորդ անդամը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մանրէաբան Անկա Սելարիուն, կլինի գիտաշխատող:

 

news.am

Ալեքսանդրիայում փլուզվել է 13 հարկանի շենք, փլատակների տակ շատ մարդիկ են մնացել. Youm7

Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում 13 հարկանի շենք է փլուզվել Խալիլ Խամադա փողոցում։ Փլատակների տակ շատ մարդիկ են մնացել, տեղեկացրել է Youm7 պարբերականը։

Շենքը գտնվում էր Սիդի Բեշրում, Ալ-Մոնտազա շրջանում։ Շենքի փլուզման հետեւանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ։ Փլատակների տակ են մնացել տեղի սուպերմարկետի հաճախորդները։

Արտակարգ դեպքի վայր են ժամանել անվտանգության ծառայությունները, քաղաքացիական պաշտպանության ուժերը եւ շտապօգնության մեքենաներ, ինչպես նաեւ Ալեքսանդրիայի նահանգապետ, գեներալ-մայոր Մուհամադ աշ-Շարիֆը։ Փրկարարները փլատակների մաքրման աշխատանք են իրականացնում։

Հայտնի է, որ շենքը օգտագործվել է ամռանը բնակարանները վարձով տալու համար։