Մամուլի տեսություն – 28.06.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i202144-Մամուլի_տեսություն_28.06.2023
Փորձագետների կարծիքով՝ Ջո Բայդենի վարչակազմի շրջանի առաջին կեսին Սպիտակ տունը չէր ցանկանում լրջորեն ներգրավվել կովկասյան զարգացումներին, սակայն հաշվի առնելով ուկրաինական պատերազմի և էներգետիկ ճգնաժամի հարցը և ՆԱՏՕ-ի հակառուսական քայլերը, այժմ, Ջո Բայդենը Հարավային Կովկասում և Ղարաբաղում իր ցանկալի հավասարումները ձևավորելու ծրագիր ունի։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունիս 28, 2023 14:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 28.06.2023

Փորձագետների կարծիքով՝ Ջո Բայդենի վարչակազմի շրջանի առաջին կեսին Սպիտակ տունը չէր ցանկանում լրջորեն ներգրավվել կովկասյան զարգացումներին, սակայն հաշվի առնելով ուկրաինական պատերազմի և էներգետիկ ճգնաժամի հարցը և ՆԱՏՕ-ի հակառուսական քայլերը, այժմ, Ջո Բայդենը Հարավային Կովկասում և Ղարաբաղում իր ցանկալի հավասարումները ձևավորելու ծրագիր ունի։

Քեյհան օրաթերթ

Fox News. Իրանը գերտերություն դառնալու շեմին է

 

Fox News-ը մի հաղորդման ընթացքում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հզորության աճը և հայտարարել. «Իրանը գերտերություն դառնալու շեմին է»:

Ամերիկյան Fox News ցանցով վերջերս հեռարձակված հաղորդման մեջ, այս հեռուստատեսային ցանցի հաղորդավար Մարկ Լևինը, խոստովանելով ԻԻՀ զարգացող հզորությունը, դիմել է հաղորդման հյուրին՝ ով Աֆղանստանում բրիտանական հատուկ ջոկատայինների նախկին անդամ է` Ռիչարդ Քեմփին և ասել է. «Մենք շատ ենք խոսել Չինաստանի ու Ռուսաստանի մասին, բայց այսօր ուզում ենք խոսել Իրանի մասին, ուշադրություն չի դարձվում, որ Իրանը գերտերություն դառնալու շեմին է»։

Ամերիկյան այս հաղորդաշարի հյուր Ռիչարդ Քեմփը նույնպես պնդելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնությանն, անդրադառնալով Իսլամական Հանրապետության դեմ Բայդենի վարչակազմի անգործությանը և անկարողությանը ասաց. «Նախագահ Բայդենը միջուկային գործարքի շեմին է, որն ավելի վատն է, քան նախագահ Օբաման Իրանի հետ կնքած գործարքը, որը շարունակություն է Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական սկանդալների, որոնք սկսվեցին Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրսբերմամբ և շարունակվեցին Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա: Կարծում եմ, որ դա հիմնականում տեղի ունեցավ Ամերիկայի թուլության պատճառով»:

Շարղ օրաթերթ

Վաշինգտոնի կիսատ հայացքը Ղարաբաղում աշխարհաքաղաքական և անվտանգության նոր հարաբերություններ ձևավորելու համար: Առանց Թեհրանի և Մոսկվայի ներկայության

 

Կովկասի հարցերով փորձագետ Նաջաֆ Մոհամադի Ռադը Շարղ-ի հետ զրույցում ասել է. «2020 թվականի աշնան 44-օրյա պատերազմում Դոնալդ Թրամփը բավարարվել է մի քանի հեռախոսազանգերով և ընդհանուր դիրքերով, իսկ Ջո Բայդենի վարչակազմի շրջանի առաջին կեսին, Սպիտակ տունը չցանկացավ լուրջ մասնակցություն ունենալ կովկասյան զարգացումներին, սակայն ուկրաինական պատերազմի խնդրի, ինչպես նաև Թեհրանի և Բաքվի հարաբերություններում տարաձայնությունների և անթափանցիկության ձևավորման պատճառով, այժմ Ջո Բայդենը Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում իր ցանկալի հավասարումների ձևավորման ծրագիրն է մշակում»։

Էթելաաթ օրաթերթ

Լուկաշենկո. Եթէ Պուտինի կառավարությունը փլուզվի՝ մենք բոլորս կմեռնենք նրա փլատակների տակ

 

Խոսելով Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին՝ Բելառուսի նախագահն ասել է, որ եթե այս երկիրը ընկնի, մենք բոլորս կմեռնենք նրա փլատակների տակ։

Ալեքսանդր Լուկաշենկոն հավելել է, որ Ռուսաստանում զինված ապստամբության ժամանակ նա հրամայել է իր երկրի բանակին պատրաստ լինել պատերազմի։

 Անդրադառնալով Ռուսաստանում Վագների զորախմբի զինված ապստամբությանը, որն ավարտվեց նրա 24-ժամյա միջնորդությամբ, նա ասաց. «Ցավալի էր դիտել Ռուսաստանում տեղի ունեցած վերջին օրերի իրադարձությունները, և մեր շատ քաղաքացիները վիրավորված էին»։

Նա հավելեց. «Բելառուսների ներկայիս սերունդը փորձում է իր տոկունությունը, և մենք պետք է ավելի ուժեղ լինենք, քան այն սպառնալիքը, որը ինչպես ստվեր  արևմուտքից կրկին ընկնում է մեր հողի վրա»:

tert.am

Կոչ ենք անում ՀՀ պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը․ Արցախի ԱԺ

 

Կոչ ենք անում վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը։

Ասված է ԱՀ ԱԺ հայտարարության մեջ․

«Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված Եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը, ս.թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 01.30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեր 4 հայրենակից:

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում, հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետության քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, խաղաղության և երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը:

Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ. երբ ներկայումս ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձևավորման նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում:

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները: Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի;

Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները;

Վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն;

Մեր խոնարհումը բերելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր չորս նահատակների հիշատակին՝ պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»:

tert.am

Ադրբեջանական սադրանքի հետևանքով կյանքից հեռացած Արմո Աբգարյանը և Գագիկ Բալայանը կամավորական էին, նրանց ԱԹՍ-ն է հարվածել

 

Այս գիշեր Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված երկու զինծառայողները՝ Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանը, Մարտունու շրջանի Գիշի գյուղից էին, իսկ Սամվել Թորոսյանը և Երվանդ Թադևոսյանը՝ Մարտակերտից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը։

Գյուղապետը նաև հայտնեց, որ Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանը կամավորականներ էին, ծառայության նոր էին անցել։

«Դեպքի ժամանակ Աբգարյան Արմոյի տղան իր հետ է եղել դիրքերում։ Մի կրակոց է եղել, հետո ԱԹՍ-ով խփել են, դա արդեն հաստատված տեղեկություն է, որ ԱԹՍ-ի հարվածից են զոհվել»,- պատմեց Աղաբեկյանը։

Նրա փոխանցմամբ՝ զոհվածներն ամուսնացած էին, երկուսն էլ բացմազավական ընտանիքներ ունեին։

«Արմոյի երեխաները՝ 2-ը չափահաս են, 2-ը՝ անչափահաս, Գագիկի երեխաները բոլորն էլ անչափահաս են։ Գագիկը զոհվածի տղա էր, 90-ականներին հայրը զոհվել էր։ Ուրբաթ օրն էր դիրք բարձրացել։ Գագիկը շատ լավ տղա էր, տանջվող, չարչարվող տղա էր»,- մանրամասնեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

news.am

Ռուս խաղաղապահներին չի հաջողվում ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական իրագործումը. Ռուբինյան

 

Արցախում ադրբեջանական սադրանքի հետեւանքով մեր 4 զոհերի փաստը կարելի է կապել, կարելի է նաեւ չկապել Վաշինգտոնում մեկնարկած խաղաղության բանակցությունների հետ։ Ազատության եթերում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում Վաշինգտոնյան բանակցություններ ֆոնին։

Նրա խոսքով՝ կարեւոր չէ, թե Արցախի իրադարձություններն ինչի ֆոնին են տեղի ունենում.

«Կարեւոր է այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը, եւ շարունակում է ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու նպատակադրմամբ իր քաղաքականությունը, Լաչինի միջանցքի արգելափակումը, էլեկտրականության եւ գազի մատակարարման խափանումներն ու նման հարձակումները»:

Ռուբինյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչ գործառույթ են իրականացնում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն այն դեպքում, երբ թշնամական կողմը նույնիսկ ԱԹՍ եւ հրետանային զենք է կիրառում այնտեղ։ Ի պատասխան Ռուբինյանն ասաց, որ հարցը լեգիտիմ է, եւ ՀՀ կառավարությունը նույնպես անընդհատ բարձրացնում է այդ հարցը։

«Ըստ էության, ռուս խաղաղապահ զորակազմին չի հաջողվում ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված կետերի ամբողջական իրագործումը։ Բնականաբար, սա չի նշանակում, որ ռուս խաղաղապահներին չի հաջողվում որեւէ բան ապահովել, սակայն, շատ բան չի հաջողվում։ Մենք շարունակաբար բարձրացնում ենք այս հարցը, որպեսզի ապահովվի այն, ինչ ամրագրված է՝ այդ թվում ՝հրադադարը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը՝ ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

armenpress.am

Ադրբեջանը կանխամտածված ոչ միայն սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև բնաջնջման եզրին է հասցրել. Արթուր Թովմասյան

 

Ադրբեջանը կանխամտածված ոչ միայն սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի Ազգային ժողովի՝ հունիսի 28-ի նիստում ասաց Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«ԵԱՀԿ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանը: Մենք չեն կարող փոխել աշխարհի կարգը: Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը: Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,-նշեց Արթուր Թովմասյանը՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքակիրթ աշխարհը բոլոր լծակներն ունի համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, որը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ-ի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

armenpress.am

Արցախն առանց հայերի թողնելու քաղաքական մտադրությունն ի սկզբանե դատապարտված է ձախողման. Արցախի ԱԺ պատգամավոր

 

 Լիակատար շրջափակումը, ուժի սպառնալիքի միջոցով Արցախն առանց հայերի թողնելու Բաքվի իշխանությունների հետևողական քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ ուժի կիրառումն ապացուցում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու վերջնանպատակի գոյությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 28-ի նիստում մտքերի փոխանակության ժամանակ ասաց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով գիշերվա ընթացքում Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ իրականացված ադրբեջանական զինուժի ահաբեկչական գործողություններին, որի հետևանքով մարդկային կորուստներ են եղել:

«Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ կիրառելով ականանետեր և ԱԹՍ-ներ: Ամերիկյան միջնորդությամբ բանակցային գործընթացին և խաղաղությանը պատրաստվելու դիվանագիտական կորպուսի հռետորաբանությանը զուգահեռ՝ Ադրբեջանն Արցախում իրականացնում է ռազմական ագրեսիա, որն արվում է տարածաշրջանը լարված պահելու, Արցախյան հիմնահարցը հայաթափման միջոցով լուծելու հստակ նպատակով և քայլերի տրամաբանական հաջորդականությամբ: Ցավոք, այս քաղաքական օրակարգի դեմ հակամարտության լուծմամբ զբաղվող միջնորդ կողմերը ոչ մի առարկայական քայլեր չեն ձեռնարկում: Հայտարարություններից զատ չկա ոչ մի պատժամիջոց, առարկայական քաղաքական քայլ, որը կզսպի Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, այդ իսկ պատճառով Ադրբեջանը շարունակում է ամենաթողության մթնոլորտում իրականացնել իր դավադիր ծրագիրը»,-նշեց խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ դրա հիմնական պատճառներից մեկն Ադրբեջանի էներգառեսուրսների մասով գոյություն ունեցող պայմանագրերն են, դրանցից կախվածությունն ու Ադրբեջանի կողմից այս գործոնի օգտագործման փորձերը:

«Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որում արցախահայության կենսական իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի զիջման հաշվին փորձ է արվում բավարարել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կեղծ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Միջազգային դերակատարների դեպքում գուցե Արցախի ժողովրդի ճակատագիրը կարելի է երկրորդել Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածություններին, բայց այն, որ հարցի լուծում այդ ճանապարհով հնարավոր չէ ստանալ՝ նույնպես փաստ է»,-նշեց Արթուր Հարությունյանն՝ ընդգծելով, որ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքական մտադրությունն ի սկզբանե դատապարտված է ձախողման:

Նրա համոզմամբ՝ այդ կերպ ոչ միայն չի լինելու խաղաղություն, այլև տարածաշրջանը մուտք է գործելու նոր էսկալացիայի և բախումների շրջան՝ իր անկանխատեսելի հետևանքներով և արդյունքներով, որից կարող են տուժել նաև Արցախի ժողովրդի հաշվին զիջումների պատրաստ միջազգային դերակատարները:

news.am

Սա փակուղիների իշխանություն է. Երվանդ Թարվերդյան

 

Եթե Ռուսաստանն այս աշխարհաքաղաքական իրադրության մեջ չի ուզում ուղիղ հակադարձել Ադրբեջանին եւ Թուրքիային, դա անում են Իրանն ու Հնդկաստանը, իսկ Չինաստանը հեռվից ասում է՝ ես այստեղ եմ, հանկարծ չփորձեք այդտեղ փոփոխություններ իրականացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը:

«Այսօր աշխարհում նոր ոստիկաններ են հայտնվել: Եթե երկար տարիներ ԱՄՆ-ն համարվում էր աշխարհաքաղաքական ոստիկան եւ պատժում էր աշխարհի տարբեր անկյուններում՝ իր շահերից ու մոտեցումներից ելնելով, հիմա միգուցե ի նպաստ մեզ, ոստիկանների թիվը շատացել է․ ամեն պետություն իր շահերից ելնելով օրենքներ ու կանոններ է թելադրում»,- ասաց նա:

Թարվերդյանի խոսքով՝ Արեւմուտքը խրխուսում էր Ադրբեջանին, նրանից բարձր գներով նավթ էին ձեռք բերում, որ գումարներ գեներացնեին, զենք գեներացնեին, իսկ թիրախն Իրանն էր. «Հիմա էլ այդ տարածքներում ռազմական օդանավակայաններ են կառուցվում, ի՞նչ է, դա մեզնից պաշտպանվելու համա՞ր են անում: Պատրաստվում է պատերազմ Իրանի դեմ: Իսկ Ադրբեջանը համարում է, որ Արցախն արդեն կուլ է տվել, որովհետեւ ինչ ասում են՝ մեր «լավ տղան» անում է: Նա տվել է Արցախը, բայց ժողովուրդը չի տալիս: Նրանք մե՛կ ժողովրդին են մեղադրում, մե՛կ՝ Իրանին, որովհետեւ Իրանը բացահայտ ասում է՝ թույլ չեմ տալու, սա իմ տարածաշրջանն է: Ռուսաստանն էլ հեռակա բացատրում է, որ այստեղ զորախումբ ունի, դեռ երկու տարի կա»:

Թարվերդյանը նկատեց, որ Հայաստանի բոլոր նախագահները բանակցել են Արցախի անունից, սակայն դրա իրավունքը չեն ունեցել. «Նրանք փորձել են ձգել, ինչ-որ բան անել, բայց դրա իրավունքը չեն ունեցել․ Հայաստանի բոլոր իշխանությունները միջազգային կառույցներում ունեցել են միայն միջնորդի կարգավիճակ: Ցավոք, Արցախի իշխանություններն են շատ պասիվ եղել, Արցախում նշանակովի կամակատարներ են ընտրվել, հիմա էլ է այդպես: Փառք Աստծո, անցյալ տարվանից ժողովուրդը տեղից շարժվեց, հասկացավ, որ ինքը պետք է իր իրավունքները պահի»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Բաքուն ու Ստեփանակերտը պետք է երկխոսեն միջազգային մեխանիզմի ներքո, Երվանդ Թարվերդյանն ասաց. «Արցախում ՀՀ քաղաքացիներ են ապրում։ Ինչպե՞ս կարող ենք նրանց հանդեպ անտարբեր լինել, ասել գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք: Դա սխալ մոտեցում է»: