Մամուլի տեսություն – 30.06.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i202248-Մամուլի_տեսություն_30.06.2023
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել «Խաղաղության համաձայնագրի և միջկառավարական հարաբերությունների հաստատման» նախագծի որոշ դրույթների շուրջ։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունիս 30, 2023 15:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 30.06.2023

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել «Խաղաղության համաձայնագրի և միջկառավարական հարաբերությունների հաստատման» նախագծի որոշ դրույթների շուրջ։

Էթեմադ օրաթերթ

Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի որոշ դրույթների շուրջ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ առավոտյան հայտարարել է, որ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել «Խաղաղության համաձայնագրի և միջկառավարական հարաբերությունների հաստատման» նախագծի որոշ դրույթների շուրջ։ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցություններից հետո Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ նախարարներն ու նրանց կազմը առաջընթաց են գրանցել այս երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ։Հայտարարության մեջ նշվում է. «Պայմանավորվել են այլ կետեր ավելացնելու շուրջ և փոխըմբռնման են եկել համաձայնագրի նախագծի վերաբերյալ»։ Այնուամենայնիվ, նրանք խոստովանեցին, որ որոշ այլ առանցքային հարցեր ավելի շատ աշխատանք են պահանջում:ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեքշաբթի օրվանից երեք օր հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին։

Համշահրի օրաթերթ

Ալբանիայի ոստիկանության կրկին մուտքը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կենտրոն

 

Ալբանիայի ոստիկանությունը հինգշաբթի հայտարարել է, որ հերթական անգամ մտել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կենտրոն։Այս լրատվամիջոցի հաղորդագրության համաձայն՝ Ալբանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ այսօր առավոտյան մտել է «Դորրեսի» «Մանզ» շրջանում գտնվող Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կենտրոն։ Այս առնչությամբ ոստիկանությունը հայտարարեց, որ իր ուժերը տեղակայել է «Աշրաֆ 3» ճամբարի մուտքի մոտ և զբաղված է այս ճամբարից դուրս եկած բոլոր մեքենաների հսկողությամբ։  Այս լրատվամիջոցը հավելում է, որ մեկ շաբաթ առաջ այս խմբավորման 2 ճամբարներում հատուկ գործողություն է իրականացրել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման դեմ։ Անցած երեքշաբթի Ալբանիայի ոստիկանությունը հարձակվել է այս երկրում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կենտրոնի վրա։ Այս մասին ոստիկանությունը հայտարարել է, որ այս գործողությունը կատարվել է այս երկրի դատարանի վճռի համաձայն և այս խմբի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման հետևանքով։

Իրան օրաթերթ

Իրաքի ժողովրդի բողոքի ցույցը Շվեդիայի դեսպանատան դիմաց

 

Շվեդիայում Սուրբ Ղուրանի պղծումից հետո Իրաքի քաղաքացիները հինգշաբթի,շարժվել են դեպի Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն և բողոքելով Սուրբ Ղուրանը վիրավորելու Ստոկհոլմի կառավարության թույլտվության դեմ մուտք են գործել դեսպանատուն՝ և պահանջել  վտարել դեսպանին։  Չորեքշաբթի օրը շվեդ ծայրահեղականը, երկրի իշխանությունների և ոստիկանության աջակցությամբ, մոտ 200 մուսուլմանների աչքի առաջ այրել է Ղուրանը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ։Վերջին տարիներին որոշ եվրոպական երկրներ, հատկապես սկանդինավյան տարածաշրջանը, եղել են մուսուլմանական սրբությունների ոտնահարման ու պղծման թատերաբեմ:

Շվեդիայի ոստիկանության աջակցության ստվերում աջ ծայրահեղականները փորձել են հրկիզել Սուրբ Ղուրանը, ճնշել են նաև մուսուլման բողոքողներին։

Tert.am
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Երևանն ու Բաքուն


ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։
«Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք», - հայտնել էին ԱԳՆ-ից։
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը և ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրատվամիջոցներին հայտնել են, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա։
«Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետքաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրել են ԱԳՆ ներկայացուցիչները։
 

Tert.am
Թշնամին ամեն կերպ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել. Արցախի Ճանկաթաղ գյուղի բնակիչ


Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական մարտական դիրքից օրերս հրաձգային զինատեսակներից անկանոն կրակահերթեր էին արձակվել, որի հետեւանքով բնակելի տներ են վնասվել:  «Արցախպրես»-ի թղթակիցն այցելել է Ճանկաթաղ համայնք և տեղում ծանոթացել դեպքից հետո բնակիչների շրջանում տիրող տրամադրություններին և գյուղի առօրյային։
«Կրակոցները շարունակվել  են նաև գիշերվա ժամերին, կրակում էին հրաձգային զենքով: Վնասվել են տների տանիքներ։  Թշնամին ամեն կերպ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, բայց մենք չենք պատրաստվում գյուղը թողնել ու հեռանալ։ Պատրաստ ենք դիմակայել թշնամու ցանկացած գործողությունների։ Մենք մեր երեխաներին հենց այդպես ենք դաստիարակում, որպեսզի նրանք լինեն հայրենասեր ու անվախ։ Նույնիսկ դպրոցում կրակոցների տակ դասապրոցեսը շարունակում ենք»,-պատմել է գյուղի բնակիչ Վրեժ Խաչատրյանը։
Ճանկաթաղի բնակչուհի Գրետա Ղարիբյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է, որ թշնամական դիրքերից արձակված կրակոցների ժամանակ վնասվել է իրենց բակում գտնվող շինության տանիքը։
«Կրակոցները բավականին ուժեղ էին։ Բոլորս տանն էինք, սկզբում վախեցանք, հետո, երբ ամեն ինչ հանդարտվեց, հանգստացանք»,-ասել է Գ. Ղարիբյանը։ Նա նշել է, որ բանջարանոցներում տարբեր մշակաբույսեր են ցանել, չնայած որ տունը թշնամու ուղիղ նշանառության տակ է գտնվում, և ամեն րոպե կարող են նորից կրակել։

news.am
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը եւ կրակել Ճարտար համայնքում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՊԲ
 

Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը:
Հայկական կողմում տուժածներ չկան։
Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

armenpress.am
Ադրբեջանն իր գործողություններով ապալեգիտիմացնում է վաշինգտոնյան միջնորդությունը. քաղաքագետը՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին
 

Վաշինգտոնյան բանակցությունների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի տարածած հաղորդագրություններն իրենց բովանդակությամբ նույնական էին։ Տպավորություն է ստեղծվում, որ կողմերը կարող են առանցքային հարցերին զիջող խնդիրների շուրջ հասնել համաձայնության, սակայն հիմնական խնդիրները շարունակում են մնալ չլուծված, և այդ առումով որևէ առաջընթաց չկա։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն՝ անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև կայացած բանակցություններին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել երկու երկրների պատվիրակություններին տևական խաղաղության հասնելուն ուղղված ծանր աշխատանքի համար։ Բլինքենի խոսքով՝ կողմերը որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնության են հասել, խորացրել են այլ չլուծված հարցերի շուրջ դիրքորոշումների ըմբռնումը, ինչպես նաև ընդունել են, որ վերջնական համաձայնության հասնելու համար դեռ դժվար աշխատանք կա անելու:

Yerevan.today
Մակրոնի հայտարարությունից դժգոհ են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները


Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում «Դաշնակցություն» կուսակցության և հայկական լոբբիի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արտահայտած որոշ մտքերի առնչությամբ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր․ «Ես Ալիևի վրա ավելի շատ եմ ճնշում բանեցրել և բանեցնում, քան նույն ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հյստակ կեցվածք ու պատգամ ունեմ»:
Բաքվում Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ։
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հարցում է ուղարկել Ելիսեյան պալատ՝ կապված Էմանուել Մակրոնի հայտարարության հետ։ Այս մասին մամուլին հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև արձագանք էր հրապարակել Մակրոնին՝ նշելով, թե «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ղարաբաղի տարածաշրջանը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման ՝հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը, այլ նաև նպաստում են անջատողականությունը և ահաբեկչությունը խրախուսողների և աջակցողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը»։