Մամուլի տեսություն 25.07.2023
Փորձագետ. Որքան այլ երկրների հետ Իրանի հարաբերություններն ամրապնդվեն, ԱՄՆ-ի հզորությունն այնքան կնվազի:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի ղեկավարները համաձայնության են եկել Աստրաչայի կամրջի շահագործման շուրջ
Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի ղեկավարները հեռախոսազրույցում պայմանավորվել են առաջիկա 4 ամսվա ընթացքում ավարտել Աստրաչայ կամրջի շինարարությունը և շահագործման հանձնել այն:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովի նախագահ Մեհրդադ Բազարփաշն, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հեռախոսազրույցում, կարևորել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը։
Կողմերը պայմանավորվել են արագացնել Աստրաչայ կամրջի շինարարական աշխատանքները և և այն շահագործման հանձնել առաջիկա 4 ամիսների ընթացքում։
Ջավան օրաթերթ
Foreign Policy. Համաշխարհային տնտեսության մեկ հինգերորդը ենթարկված է ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Ամերիկյան պարբերականը քննադատել է այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից չափից դուսր շատ պատժամիջոցների կիրառումը և նշել, որ համաշխարհային տնտեսության մեկ հինգերորդն այս պահին ինչ որ կերպ ենթարկված է ամերիկյան պատժամիջոցներին: Պարբերականը նշել է, որ այս քաղաքականությունը կհանգեցնի ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական հզորության անկմանը:
«ԱՄՆ-ի սերը պատժամիջոցների նկատմամբ կհանգեցնի այս երկրի իշխանության անկմանը» խորագրով հոդվածում պարբերականը գրում է. «Ավտորիտար երկրներին պատժելու համար նախատեսված միջոցները ոչնչացնում են հենց արևմտյան կարգը, որը պետք է պահպանեին այս պատժամիջոցները»:
Ջամե Ջամ
Փարձագետը նշում է, որ ԱՄՆ-ին մտահոգում են Իրանի՝ ավելացող միջազգային կապերը
Միջազգային հարցերով փորձագետը նշում է. «Որքան շատ Իրանն ընդլայնի այլ երկրների հետ նտեսական, քաղաքական, անվտանգության ոլորտներում հարաբերություններն, այնքան կնվազի ԻԻՀ հակառակորդ կամ թշնամի ԱՄՆ-ի հզորությունը»։
Ջամե Ջամ-ի հետ հարցազրույցում, Նոզար Շաֆիին ասել է. «Երկրների հարաբերությունները զարգանում են երկու ձևով՝ ներքևից վեր և վերևից ներքև: Ներքևից վեր համագործակցությունը նշանակում է, որ տեխնիկական կարիքները հանգեցնում են երկրների միջև հաղորդակցության ընդլայնմանը, և հաղորդակցության այս ընդլայնումը բարձրացվում է քաղաքական մակարդակի»:
Քեյհան օրաթերթ
Իսրայելը հայտնվել է մի վիճակում, որը մի քանի ամիս առաջ փորձում էր ստեղծել Իրանում
Երկուշաբթի օրը, Թել Ավիվում շարունակվող քաոսի և համատարած ցույցերի ու գործադուլների ֆոնին, հաստատվել է ծրագիր, որը շատերի կարծիքով Իսրայելը կտանի դեպի փլուզում: Այս ծրագրի հաստատմամբ ռեժիմի կաբինետը մուտք կգործի ներքին ճգնաժամի նոր փուլ:
Քնեսեթում Նեթանյահուի ծրագրի հաստատմանը զուգահեռ, ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը համազգային գործադուլ սկսելու կոչ է արել։ Այժմ Սիոնիստական ռեժիմը գտնվում է մի իրավիճակում, որը փորձում էր ստեղծել Իրանում մի քանի ամիս առաջ:
armenpress.am
Իսպանիան Leopard տանկերի և զրահամեքենաների նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա
Իսպանիայի կառավարությունը Leopard 2A4 տանկերի և զրահափոխադրիչների նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հուլիսի 24-ին Սանտանդերի նավահանգստից դուրս է եկել մի նավ՝ ռազմական եւ հումանիտար բեռներով՝ նախատեսված Ուկրաինայի համար։ Սպասվում է, որ ամբողջ բեռը կարող է հանձնվել Կիեւին օգոստոսի սկզբին։ «Մասնավորապես, Իսպանիայի ուղարկած բեռը կազմված է չորս Leopard 2A4 տանկերից, որը խոստացել էր կառավարությունը, դրանք կգումարվեն վեց Leopard 2-ներին, որոնք արդեն հանձնվել են Ուկրաինայի կառավարությանը»,- նշել են նախարարությունում։
Գերատեսչությունում հստակեցրել են, որ Կիև են ուղարկվել նաև 10 զրահամեքենա, 10 բեռնատար, շտապօգնության մի քանի մեքենա և տարբեր զինամթերք:
armenpress.am
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
Թուրքիայի պաշտպանության նախարար Համար Գյուլերի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գտնվում է Թուրքիայում։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Զաքիր Հասանովը այցով գտնվում է Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք պաշտպանական արդյունաբերության «IDEF-23» 16-րդ միջազգային ցուցահանդեսին։
armenpress.am
Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգային հարցերը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 25-ին կմեկնի Մոսկվա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ: Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ:
panarmenian.net
ՀՀ նախագահը Գուտերեշի հետ հանդիպմանը ներկայացրել է ճգնաժամը ԼՂ-ում
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի շրջանակում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները։
Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև շարունակական համագործակցության օրակարգային հարցերի վերաբերյալ։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։
panarmenian.net
Անկարայում բացված «Գյոկչա-Զանգեզուրի թուրքական հանրապետության» ներկայցուցչությունը գումարներ է շորթել «թափուր պաշտոնների» համար
2022-ին Անկարայում բացված «Գոյկչա-Զանգեզուրի թուրքական հանրապետության» ներկայցուցչությունը գումարներ է շորթել «թափուր պաշտոնների» համար։ Ներկայցուցչությունը ստեղծել է ոմն Ռիզվան Թալիբովը, որը Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի կողմնակից է։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, խումբը, որի անդամներից մեկը, ներկայանալով «հանրապետության» բարձրաստիճան գործիչ, հարյուրավոր մարդկանցից տասնյակ հազարավոր լիրաներ է շորթել՝ խոստանալով տեղավորել նրանց աշխատանքի ֆանտոմային հանրապետությասն «պետական կառույցներում», գրում է Haqqin.az-ը։
Ըստ թուրքական «։Հյուրիեթի», նշանակվել էր նույնիսկ «արդյունաբերության և առևտրի նախարար»՝ Ադիլ Սեյհանը։
Երբ տուժածները դիմել են Անկարայի դատախազություն, հատուկ գործողության արդյունքում 20 մարդ է ձերբակալվել, իսկ 8-ը՝ կալանավորվել։
Կալանավորվածներից մեկը Թուրքիայի քաղաքացի է, որը ներկայացել է, որպես գոյություն չունեցող կազմավորման բարձրաստիճան պաշտոնյա։
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան չեն դադարում կրկնել, որ Հայաստանը պետք է իր տարածքով «Զանգեզուրի միջանցք» բացի՝ կապ ապահովելով Ադրբեջանի և Նախիջևանի միջև։
panarmenian.net
Պեսկով․ Պուտինը հունիսի 29-ին Կրեմլում հանդիպել է Պրիգոժինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության խռովության փորձից 5 օր անց Կրեմլում հանդիպել է կազմավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկվոը։
«Իրոք, նախագահն ունեցել է այդպիսի հանդիպում։ Նա 35 մարդ էր հրավիրել՝ բոլոր ջոկատների հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում Պրիգոժինին։ Հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում և տևել է գրեթե 3 ժամ»,-ասել է նա լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ Պեսկովի, Պուտինը հանդիպմանը «գնահատական է տվել ընկերության գործողություններին ռազմաճակատում, ինչպես նաև գնահատական է տվել հունիսի 24-ի իրադարձություններին, լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել է նրանց աշխատանքային կիրառման հետագա տարբերակներ»։
Պեսկովը հավելել է, որ «հանդիպման մասնակիցները շեշտել են, որ իրենք ՌԴ նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի կողմնակիցներին են ու զինվորները»։
Այն հարցին, թե ներկա էին արդյոք հանդիպմանը ՊՆ ներկայացուցիչները, Պեսկովը չի պատասխանել։ Նա ասել է, որ «այդ հանդիպման մասին հավելյալ բան չունի ասելու»։
Ավելի վաղ Պուտին-Պրիգոժին հանդիպման մասին հայտնել էր ֆրանսիական Liberation-ը՝ արևմտյան հետախուզությունում իր աղբյուրների վրա հղումով։ Ըստ պարբերականի, Պրիգոժինին Կրեմլ էին կանչել հուլիսի 1-ին։ Այլ մանրամասներ պարբերականը չէր հայտնել։
Հունիսի լույս 24-ի գիշերը «Վագների» ուժերը գրավել էին Դոնի Ռոստովի Հարավային զինշրջանի շտաբը։ Դա հաջորդել էր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի այն հայտարարությանը, թե ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել և ռմբակոծել է «Վագների» ճամբարները, ինչը հերքեցին ինչպես ՊՆ-ն, այնպես էլ ԱԴԾ-ն։ Պրիգոժինը պահանջել է իրեն հանձնել ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին և ԳՇ պետ Վալերի Գերասիմովին։ Առավոտյան հայտնի է դարձել, որ «Վագների» զինվորականները Պրիգոժինի ղեկավարությամբ Դոնի Ռոստովի կենտրոնական հատվածում են։ Պրիգոժինը հայտարարել է, որ իր մարդիկ հսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր ռազմական օբյեկտները, «այդ թվում՝ օդանավակայանը»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի լույս 24-ի գիշերվա իրադարձությունների կապակցությամբ իր ուղերձում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործողությունները համեմատել է թիկունքից հարվածի և 1917-ի հետ։
Պրիգոժինը դեպի Մոսկվա քայլերթ էր սկսել, սակայն 24 ժամ անց հայտարարեց, որ կասեցնում է առաջխաղացումը՝ հետագա սրացումից խուսափելու համար։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքում նա կասեցրեց շարժումն ու հեռացավ Բելառուս։ Պրիգոժինի դեմ քրգործ էր հարուցվել, որը, սակայն, հետո կարճվեց, իսկ «Վագների» մարտիկներին առաջարկվեց պայմանագիր կնքել ՊՆ կամ այլ ուժային կառույցի հետ։