Մամուլի տեսություն 26.07.2023
Foreign Policy ամսագիրը գրել է, որ այլ երկրների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները հակառակ արդյունք կունենան և կանդրադառնան հենց այդ երկրի վրա:
Քեյհան օրաթերթ
Foreign Policy ամսագիրը գրել է, որ այլ երկրների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները հակառակ արդյունք կունենան և կանդրադառնան հենց այդ երկրի վրա:
Լրջորեն քննադատելով ամերիկյան իշխանությունների վարած պատժամիջոցների քաղաքականությունն ամերիկյան Foreign Policy ամսագիրը գրել է, որ արդյունքում տուժելու է հենց Վաշինգտոնը:
Պատժամիջոցները ամերիկյան արտաքին քաղաքականության կարևորագույն գործիքներից են, որոնց Վաշինգտոնը դիմում է՝ այլ երկրներին ստիպելու ենթարկվել իր միակողմանի պահանջներին:
Foreign Policy-ժն գրել է, որ ներկայումս համաշխարհային տնետսության մեկ հինգերորդն ինչ որ կերպ ենթարկված է ամերիկյան պատժամիջոցներին և այս քաղաքականության շարունակումը լինելու է ի վնաս ԱՄՆ-ի:
Էթելաաթ օրաթերթ
Սիոնիստական ռեժիմի անվտանգության ինստիտուտը հայտարարել է Թել Ավիվում ռազմական հեղաշրջման հնարավորության մասին
Սիոնիստական ռեժիմի անվտանգության ինստիտուտը հայտարարել է. «Մենք կանխատեսում ենք ռազմական հեղաշրջում, քանի որ սա Իսրայելի ժողովրդավարական համակարգի ավարտի սկիզբն է, նույնիսկ եթե դա թերի ժողովրդավարական համակարգ է»:
Հայտարարության մեջ ասված է. «Մենք պատմական ժամանակաշրջանում ենք, և իսրայելական դատական համակարգի անկախության բացակայությունը նշանակում է, որ Իսրայելի բանակի բոլոր սպաները ենթակա են դատավարության Հաագայի միջազգային քրեական դատարանում: Սա իհարկե ոչ մեկին դուր չի գալիս»:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Աֆրիկան և նոր աշխարհակարգը
Անդրադառնալով Աֆրիկայի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի ցանկությանը, «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի խորհրդի ղեկավար Անդրեյ Բիստրիցկին ասում է. «Աֆրիկան կարող է դառնալ նոր աշխարհակարգի բնօրրանը, և դա կարևոր է»:
Ռուս փորձագետը նշում է. «Դա կախված է հենց աֆրիկացիներից, թե որ երկրները, որ միությունները և որ տեսակետները կհաղթեն Աֆրիկայում ներկայության և կառուցողական ներգրավվածության իրավունքի համար պայքարում»:
Ջավան օրաթերթ
Մոմիկան սիոնիստ լրտես է
Նրանք ուզում էին այրվող Ղուրանը փաթաթել խոսքի ազատության ծրարի մեջ, խոսքի ազատությունը ներկայացնել որպես Արևմուտքի ժողովրդի ատելություն իսլամի նկատմամբ, իսլամաֆոբիան՝ ներկայացնել որպես ինստիտուցիոնալացված իրականություն:
Բայց շատ արագ պարզվեց, որ Ղուրանի պղծման հեղինակը Արևմուտքից չէր, այլ Իսրայելի լրտեսական կազմակերպության անդամ: Եվ Սելվան Մոմիկայի հրեական գլխարկով լուսանկարը ապացուցում է դա: Նրա կապերը գրավյալ տարածքներում Սիոնիստական կառավարության անվտանգության ուժերի հետ աստիճանաբար բացահայտվում են և ցույց տալիս նրա իրական դեմքը: Դեմք, որին ի սկզբանե չհավատացին քաղաքականության խելացի մարդիկ։
armenpress.am
Իտալիան պատրաստ է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի նախագահի նստավայրում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
«Ինձ համար և իտալացի ժողովրդի համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձեզ: Ձեր այցը լավ հնարավորություն է մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը նշելու, մեր երկրների սերտ հարաբերություններն ավելի ամրապնդելու համար»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով պաշտոնակցին՝ նշել է Իտալիայի նախագահը:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ հայ-իտալական հարաբերությունները երկարաժամկետ պատմություն ունեն.
«Մենք միշտ զգացել ենք Իտալիայի և իտալական շունչը Հայաստանում և Երևանում: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մենք կարողանում ենք պահպանել մեր հարաբերությունների բարձր մակարդակը, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային հարթակներում: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Իտալիայի սերտ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակներում»,- ասել է նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իտալիայի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման և նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել մասնավորապես առևտրատնտեսական, շինարարության, բարձր տեխնոլոգիական ոլորտներում արդյունավետ փոխգործակցության խթանման հեռանկարներին: Նախագահ Մատարելլան նշել է, որ վերջին շրջանում իր համար նկատելի է իտալական գործարարների մեծացող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադառնալով հայաստանյան տնտեսության նկատմամբ օտարերկրյա բիզնեսների կողմից հետաքրքրության աճին, ընդգծել է, որ դա գլխավորապես պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանում կատարված բարեփոխումներով՝ ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ տնտեսական կյանքում: Նախագահը նշել է, որ կառավարության կողմից իրականացված բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների արդյունքում հայաստանյան տնտեսությունն առավել գրավիչ է դարձել ներդրումների համար:
«Մենք շարժվում ենք ժողովրդավարության ուղիով նաև տնտեսության բնագավառում, այլ ռեսուրս մենք չունենք և անկախացումից հետո ժողովրդավարությունը մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, և հենց ժողովրդավարացման գործընթացները, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն է նպաստել, որպեսզի հայաստանյան ներդրումային միջավայրը գրավիչ դառնա օտարերկրյա ներդրողների համար»,- ասել է նախագահը:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն իր պաշտոնակցին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի և հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ անկախ դժվարություններից Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշման մեջ:
Նախագահ Մատարելլան ի պատասխան նշել է, որ բարձր է գնահատում հանուն խաղաղության հաստատման Հայաստանի համարձակ քայլերը և հնարավորության սահմաններում պատրաստ է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության շարունակական խթանման հնարավորությունների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Իտալիա ուղիղ չվերթների առկայությունը, ինչը լավ հնարավորություն է տուրիզմի զարգացման համար:
armenpress.am
Սերգեյ Լավրովն արդյունավետ է գնահատում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԶԼՄ-ների համար հայտարարությամբ ամփոփել է հուլիսի 25-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման արդյունքները՝ արդյունավետ գնահատելով դրանք:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության, Սերգեյ Լավրովը նշել է. «Այսօր արդյունավետ բանակցություններ ենք վարել մեր գործընկերների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջ.Ա. Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Ս. Միրզոյանի հետ:
Սկզբում կազմակերպեցինք ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական երկկողմ բանակցությունների երկու փուլ։ Քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների վիճակը, նախանշեցինք հետագա քայլերը՝ բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։ Այնուհետեւ երեքով հանդիպեցինք, որպեսզի քննարկենք տարածաշրջանային օրակարգը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Մեր զրուցակիցներին ներկայացրինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով այն զեկույցները, որոնք ներկայացնում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, այն քայլերը, որոնք խիստ ցանկալի է անհապաղ, առանց ուշացման ձեռնարկել՝ Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու, անխափան էլեկտրա և գազամատակարարումն ապահովելու համար։ Դա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից։
Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, սկսած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ լիովին համապատասխան այն եռակողմ հայտարարություններին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին։
Խոսեցինք ևս մեկ կարևոր դրույթի մասին, որն այդ պայմանավորվածությունների շրջանակում է: Նկատի ունեմ ամբողջ տարածաշրջանում անարգել երթևեկության ապահովումը, տրանսպորտային, տնտեսական հաղորդակցության ապաշրջափակումը։
armenpress.am
Հունաստանում կործանված հրշեջ ինքնաթիռի օդաչուները զոհվել են
Հունաստանում՝ Էվիա կղզում հրդեհները մարելիս վթարի ենթարկված Canadair CL-215 ինքնաթիռի օդաչուները զոհվել են: Երկրի զինված ուժերում եռօրյա սուգ է հայտարարվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի որոշմամբ՝ զինված ուժերը եռօրյա սուգ են հայտարարել (2023 թվականի հուլիսի 25-27-ը)՝ Էվիա կղզում կործանված հրշեջ ինքնաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ»,-ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հունական ERT հեռուստաալիքը ցուցադրել է ինքնաթիռի կործանման պահը։ Վթարից առաջ ինքնաթիռը բախվել է ծառին և վնասել թևը։
panorama.am
Էրդողանը խախտել է Ռուսաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները․ Պետդումայի փոխխոսնակ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խախտել է Ռուսաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Գործակալության հաղորդագրության մեջ մեջբերվում են Տոլստոյի խոսքերը, ով հայտարարել է, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կատարել է իր պարտավորությունները Թուրքիայի նկատմամբ և հույս ունի, որ Ռուսաստանի գործընկերները նույնը կանեն, սակայն Էրդողանը խախտել է իր պարտավորությունները (Ռուսաստանի հանդեպ)»:
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը՝ Պետդումայի փոխնախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող դրան դրական վերաբերվել։
«Զելենսկին կարող է ինքն անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց առանց Ուկրաինայի»,- ավելացրել է նա:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ուկրաինան արժանի է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
panorama.am
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային անվտանգության հարցերը
Հուլիսի 25-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, առկա հումանիտար խնդիրները:
Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան: Ընդգծվել է եռակողմ հայտարարության ստորագրող կողմերի կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունը և առկա միջազգային գործիքակազմն այս ուղղությամբ օգտագործելու հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկու երկրների միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հետագա սահմանազատման գործընթացում առավելագույնս հստակություն ապահովելու նպատակով 1975թ. քարտեզը հիմք ընդունելու հանձնառությունը։ Տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապուղիների ապաշրջափակման համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է համապատասխան կապուղիների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո գործելուն այլընտրանքի բացակայությունը։
Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը: