Մամուլի տեսություն 03.08.2023
Ավելի քան 4 տասնամյակ ահաբեկիչների դեմ Իրանի պայքարը մեծացրել է այդ պայքարում երկրի կարողությունները:
Իրան օրաթերթ
Անվտանգություն, որը պատահական չէ
Իսլամական հեղափոխությունից հետո ավելի քան 4 տասնամյակ ահաբեկիչների դեմ Իրանի պայքարը մեծացրել է այդ պայքարում երկրի կարողությունները:
ԻԻՀ հետախուզության նախարարության աշխատանքը և ահաբեկչական ծրագրերը խափանելու գործում գրանցած հաջողությունները վկայում են այս կառույցի հնարավորությունների մասին, իսկ մյուս կողմից ցույց են տալիս, որ Սիոնսիտական ռեժիմի հետախուզական ծառայության հնարավորությունները շատ թույլ են:
Իրանի անվտանգությունը պաշտպանելու կամքը տեսանելի է հետախուզության ծառայողների աչալուրջ հայացքներում:
Դոնյայե Էղթեսադ օրաթերթ
Իրանից Աֆրիկա արտահանման ծավալն աճել է 100 տոկոսով
Վերջերս իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ Իրանից ԱՖրիկա արտահանման ծավալն անցած տարի աճել է 100 տոկոսով: Այժմ պարզ է, որ Աֆրիկայի հետ հարաբերությունների խորացումը լինելու է ԻԻՀ վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական առանցքը:
Վերջին երկու տարիներին Թեհրանը նախընտրեց ամրապնդել իր հակաարևմտյան արտաքին քաղաքական մոտեցումը։ Այս մոտեցմանը համահունչ՝ Էբրահիմ Ռայիսին հուլիսի կեսերին մեկնեց Աֆրիկա:
Ռայիսին իր աշխատանքը սկսեց Ռուսաստանի, Չինաստանի և Լատինական Ամերիկայի երկրների հետ կապերի սերտացումից։ Սակայն ի տարբերություն Ահմադինեժադի նախագահության շրջանի, ոչ արևմտյան տերությունները այս անգամ ավելի մեծ պատրաստակամություն են ցուցաբերել և ողջունել են Թեհրանի արտաքին քաղաքականության փոփոխությունը:
Էթեմադ օրաթերթ
Թրամփ. Հնարավոր է, որ ինձ դատապարտեն 561 տարվա ազատազրկման
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է. «ԱՄՆ-ի կոռումպացված արդարադատության նախարարությունը, որը գտնվում է սրիկա Ջո Բայդենի վերահսկողության տակ, կրկին անօրինական կերպով իմ դեմ մեղադրանք է առաջադրել»։
Նա հավելել է. «Ձախերի բռնած այս ուղու արդյունում ես կարող եմ դատապարտվել դատապարտել 561 տարվա ազատազրկման։ Վեց անգամ ցմահ ազատազրկում»:
Թրամփն ասել է. «Ընտրություններին միջամտությունը, Բայդենի և նրա կողմնակիցների այս ոտնձգությունների անօրինականությունը հիշեցնում է 1930-ականների նացիստական Գերմանիան, նախկին Խորհրդային Միությունը և այլ ինքնակալ ու բռնապետական ռեժիմներ»:
Ջամե Ջամ օրաթերթ
18 տարվա ամուսնությունից հետո Կանադայի վարչապետն ամուսնալուծվել է
Ջասթին Թրյուդոն սոցիալական ցանցերից մեկում արած գարռման մեջ հաստատել է ամուսնալուծության վերաբերյալ լուրերը։
Լուրը բազմաթիվ դրական արձագանքների է արժանացել կանադացի օգտատերերի մոտ, և նրանցից շատերը խնդրել են Թրյուդոյի կնոջը ցույց տալ ճանապարհը, որպեսզի նրանք նույնպես կարողանան ազատվել իրենց «ծաղրածու վարչապետից»։
armenpress.am
Գուտերեշը կոչ է արել կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումները և բացել Լաչինի միջանցքը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումների կապակցությամբ, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա անունից տարածված հայտարարությունում ընդգծվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումների կատարման անհրաժեշտությունը։
«Նա (խմբ․՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը կողմերի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու անհրաժեշտության մասին, ներառյալ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները՝ կապված Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումների հետ», - նշված է հայտարարությունում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հատկապես մտահոգված է տեղում (խմբ․ Լեռնային Ղարաբաղում) հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումներով և կոչ է անում «անհապաղ քայլեր ձեռնարկել կարիքի մեջ գտնվող մարդկանց հումանիտար օգնության մատակարարումը» թույլ տալու համար։
«Նա երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության», - ասված է հայտարարությունում։
Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին որոշում էր ընդունել, որով Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ադրբեջանն այդ օրերին արգելափակել էր Լաչինի միջանցքը կեղծ բնապահպանների ակցիայի միջոցով, որոնք փակել էին միջանցքը և բնապահպանական կեղծ պահանջներ էին ներկայացնում։ Դատարանի որոշումից հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղակայեց Լաչինի միջանցքում, որից հետո Հայաստանը ևս մեկ անգամ դիմեց Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, ինչից հետո դատարանը 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատել էր միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու մասին որոշումը։
armenpress.am
Իսրայելում հազարավոր ցուցարարներ շարունակել են բողոքի ակցիաները դատական բարեփոխումների դեմ
Թել Ավիվում հազարավոր մարդիկ օգոստոսի 2-ի երեկոյան ցույցի են դուրս եկել դատական բարեփոխումների դեմ։ Բողոքի ալիքը չի մեղմանում այն բանից հետո, ինչ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունն անցյալ շաբաթ հաստատեց դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագիծը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «The Times of Israel»-ի հրապարակումից։
Ցուցարարները երթով շարժվել են դեպի ստորին ատյանի դատարանի շենք՝ իրենց աջակցությունը ցույց տալով դատական իշխանությանը։ Երթը գլխավորել են Իսրայելի նախկին արդարադատության նախարարները և Գերագույն դատարանի նախկին դատավորը։
Հուլիսի 24-ին Նեթանյահուն և կոալիցիայի նրա գործընկերները հաստատեցին բարեփոխումների փաթեթի առաջին օրինագիծը՝ այսպես կոչված «խելամտության օրենքը»․ այն արգելում է դատավորներին մերժել կառավարության այն որոշումները, որոնք դատարանը ոչ խելամիտ կհամարի։
armenpress.am
Հռոմի պապը Եվրոպային կոչ է արել ստեղծագործաբար մոտենալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եվրոպային կոչ է արել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ստեղծարար լուծումներ գտնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:
«Երբ մենք Եվրոպային նայում ենք ցնցված և սիրով, ես ուզում եմ հարցնել. ո՞ւր ես նավարկում, եթե չես առաջարկում խաղաղության ուղիներ, ստեղծագործ ուղիներ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Ուկրաինայում և վերջ դնելու բազմաթիվ արյունալի հակամարտություններին ամբողջ աշխարհում»,- ասել է Հռոմի պապը՝ Պորտուգալիա կատարած այցի ժամանակ։
Նա հավելել է, թե իրեն մտահոգում է այն, որ աշխարհի շատ երկրներում անընդհատ ներդրումներ են կատարվում զենքի, այլ ոչ թե երեխաների ապագայի համար։
panorama.am
Ժոզեպ Բորելի հետ զրույցում Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը
Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, և ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը:
Ընդգծվել է ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք և անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է որակել ԼՂ-ից բժշկական նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների կողմից առևանգման դեպքը:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորության հարցում հայկական կողմի դիրքորոշումը: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։
panorama.am
Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների կանանց, մայրերին, քույրերին ․ Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․
«Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների կանանց, մայրերին, քույրերին և նրանց ընտանիքների մյուս անդամներին: Այդ մասին մեր նոր զեկույցը` փաստերով:
Շնորհակալություն զինծառայողների ընտանիքներին` աջակցության համար:
Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020թ. 44-օրյա և 2022թ. սեպտեմբերի 13-14 պատերազմների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կատարել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ, արտադատական սպանություններ։ Դրանց հիմքում այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է։
Արհեստական քրեական հետապնդումներով և շինծու դատական ակտերով մինչ օրս՝ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այդ կերպ Ադրբեջանի իշխանությունը մտադրված հոգեկան տառապանքներ է պատճառում հայ ընտանիքներին թե' Արցախում, թե' Հայաստանում։
Այս զեկույցը քննարկում և իրավական գնահատական է տալիս ադրբեջանական այդ հանցավոր արարքներին։ Օրինակ՝ ադրբեջանական զինծառայողները խոչընդոտել են որոնողական աշխատանքներ, թաքցվել և չեն վերադարձվել զինծառայողների մարմիններ և այլն։
«Facebook», «Twitter», «TikTok» և այլ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտահաշիվներով, թիրախավորելով հայկական լսարանը, տարածվել և անմիջապես ընտանիքներին են ուղարկվել իրենց ընտանիքների զինծառայող անդամների լուսանկարները սպանված և խոշտանգված վիճակում։
Ուսումնասիրությունները հաստատում են, որ նշված հանցանքները խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դրանք նպատակ ունեն ծանր հոգեբանական ցավ պատճառել ընտանիքներին և պահպանել լարվածությունը հայ հասարակությունում։
Սույն զեկույցի մշակման աշխատանքները ներառել են նաև հարցազրույցներ զինծառայողների ընտանիքների հետ և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրություններ։
Երախտագիտություն ենք հայտնում զինծառայողների ընտանիքներին զեկույցի կազմման աշխատանքներին աջակցության համար։
Սույն զեկույցը մշակվել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից, որին մասնակցել են նաև ԱՄՆ փաստաբաններ Կարօ Ղազարեանը և Գառնիկ Քերքոնեանը»