Մամուլի տեսություն 04.08.2023թ.
ԱՄՆ-ի ետնաբակում Իրանի ներկայությունը Արևմուտքի դեմ ԻԻՀ հզորության մեծացման հստակ ուղերձ է փոխանցում: Մինչ օրս Իրանը ակտիվ է Վենեսուելայում գիտության արտահանման և նավթավերամշակման գործարան կառուցելու գործում։
Իրան օրաթերթ
13-րդ կառավարության վարած արտաքին քաղաքականության արդյունքում Իրանի մեկուսացման քաղաքականությունը ձախողվել է
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մեշքինին հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հետ Իրանի հարաբերությունների զարգացման և ՇՀԿ-ին անդամակցելու Իրանի կառավարության վարած քաղաքականության արդյունքում Արևմուտքի հակաիրանական քաղաքականությունը ձախողվել է:
ԻԻՀ 13-րդ կառավարությունն ամրապնդում է ԱՄՆ-ի ընդդիմադիր երկրների հետ, և չնայած Իրանին մեկուսացնելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի քաղաքականությանը, տարածաշրջանի երկրների մեծ մասը և նույնիսկ Լատինական Ամերիկան ցանկություն են հայտնել ամրապնդել հարաբերությունները Թեհրանի հետ:
ԱՄՆ-ի ետնաբակում Իրանի ներկայությունը հստակ ուղերձ ունի Արևմուտքի դեմ ԻԻՀ հզորության մեծացման մասին: Մինչ օրս Իրանն ակտիվ է Վենեսուելայում գիտության արտահանման և նավթավերամշակման գործարան կառուցելու գործում։
Էթեմադ օրաթերթ
Շվեդիայում և Դանիայում շարունակվում են Ղուրանի պղծման դեպքերը
Երեկ Դանիայի ծայրահեղական խմբավորումներից մեկի անդամները և մի շվեդացի կին այրել են Սուրբ Ղուրանը։
Դանիայի ոստիկանությունն ինչպես միշտ, այս անգամ էլ աջակցել է հանցագործությանը: Խումբը հայտարարել է, որ Դանիայի այլ շրջաններում նույնպես պատրաստվում է անցկացնել նման ակցիաներ:
Ստոկհոլմի Բրոմա թաղամասում նույնպես Մարջան Բայրամին հրկիզել է Ղուրանը։
Ջամե Ջամ օրաթերթ
Սիոնիստական ռեժիմի Գերագույն դատարանը սկսել է Նեթանյահուի դեմ բողոքների լսումները
Հինգշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի Գերագույն դատարանը սկսել է Քնեսեթում հաստատված վիճահարույց օրենքի դեմ բողոքների լսումները:
Միևնույն ժամանակ, օկուպացված տարածքների տասնյակ բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել օկուպացված Երուսաղեմում դատարանի շենքի մոտ և պահանջել չեղարկել վերոնշյալ օրենքը։
Դոնյայե Էղթեսադ
Իրանի կառավարությունը վարում է ոչ արևմտյան ուղղվածությամբ արտաքին քաղաքականություն
2021 թվականին Իրանում նախագահի երդմնակալությունից հետո, Թեհրանը շարունակել է իր ռազմավարությունը՝ ամրապնդելով ոչ արևմտյան ուղղվածությամբ արտաքին քաղաքականությունը:
Ռայիսին սկսել է իր աշխատանքը Ռուսաստանի, Չինաստանի և Լատինական Ամերիկայի երկրների հետ կապերի սերտացումից։ Սակայն ի տարբերություն Ահմադինեժադի նախագահության շրջանի, ոչ արևմտյան տերությունները այս անգամ ավելի մեծ պատրաստակամություն են ցուցաբերել և ողջունել են Թեհրանի արտաքին քաղաքականության փոփոխությունը:
armenpress.am
Երևանի և Բաքվի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կարող է նոր հակամարտությունների հանգեցնել․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունում գտնում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ և ոչ պատշաճ կերպով պատրաստված խաղաղության պայմանագիր կնքելու փորձն ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։ ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը խոսել է կողմերի միջև խաղաղության պայմանագիր կնքելու առաջնահերթություններից։
«Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Ընդհակառակը, այն նախադրյալներ կստեղծի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը», - ընդգծել է պաշտոնյան։
Գոնչարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Երևանը և Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։
Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը գտնում է, որ կողմերն իրենք պետք է որոշեն ստորագրման ժամկետները։
«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն կոնյուկտուրային նկատառումների, այլ նպաստել ամուր, երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Նրանք պետք է ապավինեն տեղում ստեղծված իրողություններին, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով արված ռուս-հայ-ադրբեջանական հայտարարություններն և դրանց հիման վրա գործող մեխանիզմներին», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։
armenpress.am
Թրամփն իրեն անմեղ է ճանաչել Կապիտոլիումի գրոհի հետ կապված մեղադրանքների գործով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կանգնել է դատարանի առաջ և իրեն մեղավոր չի ճանաչել 2020 թ․-ի նախագահական ընտրությունների արդյունքները տապալելու փորձին առնչվող մեղադրանքներով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։
Թրամփն իրեն անմեղ է ճանաչել իր դեմ առաջադրված մեղադրանքի բոլոր 4 կետերով՝ դավադրություն ԱՄՆ-ին խաբելու նպատակով, դավադրություն պաշտոնական ընթացակարգերը խոչընդոտելու նպատակով, պաշտոնական ընթացակարգի խոչընդոտում, դավադրություն քաղաքացիների իրավունքների դեմ։
Նախկին նախագահին մի քանի պայման են առաջադրել, այդ թվում՝ չհաղորդակցվել տվյալ գործով վկա հանդիսացող որևէ մեկի հետ կամ հաղորդակցվել միայն փաստաբանի միջոցով։
Դատական լսումները կայացել են նույն դատարանի շենքում, որտեղ քննել են 2021 թ․ հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի գրոհին մասնակցած շուրջ 1000 պաշտպանյալների գործերը։
Լսումների ընթացքում դատարանի շենքի առաջ հավաքվել են Թրամփի մի խումբ աջակիցներ, ինչպես նաև նրա դեմ բողոքի ակցիա իրականացնողներ։
Սպիտակ տան նախկին ղեկավարի հաջորդ դատական լսումները կկայանան օգոստոսի 28-ին։
Դատարանից դուրս գալուց հետո Թրամփն իր դեմ հարուցված գործն անվանել է «քաղաքական հակառակորդի հետապնդում»։ Դոնալդ Թրամփն առաջադրել է իր թեկնածությունը 2024 թ․-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար, որոնցում նա, հնարավոր է, մրցակցի նախորդ ընտրություններում իր մրցակից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
ԱՄՆ նախկին նախագահը վերջին 4 ամիսներին արդեն երրորդ անգամ է կանգնում դատարանի առաջ քրեական գործի շրջանակներում։ Մյուս երկու գործերի շրջանակներում Թրամփին մեղադրում են գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կանոնների խախտման և պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով նրան վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու մեջ։
armenpress.am
ՀՀ կառավարության ԼՂ հումանիտար գործընթացի վերաբերյալ կա միջազգային հանրության ուշադրության որոշակի աճ․ Վարդան Սարգսյան
Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության կողմից կազմակերպված հումանիտար գործընթացի վերաբերյալ կա միջազգային հանրության ուշադրության որոշակի աճ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, օգոստոսի 3-ի այց կատարելով Կոռնիձորի սահմանային հատված, հնարավորություն ունեցան հավաստիանալ, որ Լաչինի միջանցքը մնում է փակ` չնայած Ադրբեջանի հայտարարություններին, և հումանիտար օգնությամբ բեռնված ավտոշարասյունը գտնվում է անշարժ վիճակում:
«Ակնկալում ենք, որ նմանատիպ այցերը, միջազգային հանրության կողմից հետաքրքրության աճը, ԼՂ-ում հումանիտար աղետալի վիճակի հստակ գիտակցումը, դրանից բխող արձագանքը, գործուն քայլերն ու անհրաժեշտ ճնշումը Ադրբեջանի վրա կնպաստեն Լաչինի միջանցքի բացմանը և ԼՂ 120 հազար բնակչության` շրջափակումից դուրս գալուն»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց` հիմնական նպատակին հասնելու, այն է` ուղեբեռը ԼՂ տեղափոխելու ուղղությամբ քայլերը շարունակական են, և քննարկումները նույնպես շարունակվում են:
Ադրբեջանն արդեն 9-րդ օրն է շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։
panarmenian.net
Ալիևը հուսով է շուտափույթ արդյունքների հասնել ՀՀ հետ բանակցություններում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը քննարկել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը», հայտնում է «Ազատությունը»։
Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ Ալիևը «շարունակել է մտքերի փոխանակումն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ բարձրացված հարցերի շուրջ»։ Թե հատկապես որ հարցերի՝ հաղորդագրությունում չի նշվում։
«Նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ վերահաստատել է ադրբեջանական կողմի վճռականությունը շարունակելու խաղաղ գործընթացը և բանակցությունների շրջանակում քննարկված հիմնական ուղղություններով արդյունքների շուտափույթ ձեռքբերման հույս հայտնել», - տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Բոնոյին ընդունել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, քննարկվել էին հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ու դրա հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Հանդիպմանը նաև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը պնդել էր, թե Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շրջափակման մեջ պահելու մասին հայտարարությունները «անհիմն են», նշելով՝ որպես Լաչինի միջանցքի այլընտրանք Բաքուն առաջարկել է Աղդամի ճանապարհը։
panarmenian.net
ԱՄՆ կոնգրեսականը Պետդեպին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմը
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն խստորեն դատապարտում է Արցախում մարդածին հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի քայլերը։
«Սարսափելի է, որ Ադրբեջանը խստացնում է Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը՝ արգելելով 400 տոննա խիստ անհրաժեշտ սննդամթերքի և դեղորայքի տեղափոխումն Արցախ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Էշուն ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու Ալիևի ռեժիմըդաժան գործողությունների համար:
panarmenian.net
Փաշինյանը՝ Ալիևին. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են Ալմաթիի հռչակագրով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները դեռ որոշված չեն՝ նշելով, որ դրանք որոշվել են 1991-ի Ալմաթիի հռչակագրով:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմք։ Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանագծման և սահմանազատման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին»,- նշել է նա:
Փաշինյանը հարց է ուղղել՝ եթե երկրների միջև սահմանները որոշված չեն, ապա ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում։
«Եթե նման հարց է բարձրացվում, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ Իսկ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը վկայում է ոչ թե սահմանների բացակայության մասին, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է որպես պետական սահման»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխանաբար 29,800 քկմ և 86,600 քկմ տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա խաղաղության հասնելու պայմանավորվածությունը և սպասում Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը։
Ալիևը «Եվրոնյուզին» հարցազրույցում հայտարարել էր, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, նաև հավելել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։