Մամուլի տեսություն 09.08.2023
Ցավոք, Միացյալ Նահանգների վերահսկողության և ազդեցության տակ գտնվող միջազգային կառույցները լռում են ԱՄՆ-ի կողմից իրականացված ատոմային ռմբակոծության մասին, և նախորդ ութ տասնամյակների ընթացքում Ամերիկայի կառավարությունը երբեք ներողություն չի խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամենամեծ ռազմական հանցագործության ու զանգվածային սպանությունների համար։
Ջավան
Հիրոսիմա, Նագասակի, իսկ այժմ Ուկրաինա. Ինչու՞ է Ամերիկան սպառնալիք հանդիսանում աշխարհի համար:
Նագասակիի և Հիրոսիմայի ռմբակոծությունները, որպես պատմության միակ ատոմային ռմբակոծությունները, խայտառակում են Ամերիկայի վարկանիշը. 750 ռազմակայաններով և 336 կենսաբանական լաբորատորիաներով այս երկիրը Ուկրաինայում փորձարկում է իր ամենաանսովոր զենքերը։
Ցավոք, Միացյալ Նահանգների վերահսկողության և ազդեցության տակ գտնվող միջազգային կառույցները լռում են ԱՄՆ-ի կողմից իրականացված ատոմային ռմբակոծության մասին, և նախորդ ութ տասնամյակների ընթացքում Ամերիկայի կառավարությունը երբեք ներողություն չի խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամենամեծ ռազմական հանցագործության ու զանգվածային սպանությունների համար։
Այս պատմության դառը հումորը ագրեսոր Ամերիկայի կողմից այս գործընթացի շարունակությունն է. Բացառությամբ 16 տարի, այս երկիրը, իր 247 ամյա գոյության ընթացքում 231 տարին ուղղակի կամ միջնորդավորված ձևով պատերազմների մեջ է եղել իր սահմաններից դուրս:
Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունը ոչ միայն չստիպեց ափսոսալ ամերիկյան իշխանություններին, այլև ճանապարհ հարթեց այս երկրի ռազմական օկուպացիայի համար։
Մեկ այլ դառը հումորն այն է, որ Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունից և մոտ 5500 ատոմային ռումբ ունենալուց բացի, Ամերիկան տևական ժամանակ է, ինչ հետամուտ է աշխարհի տարբեր ծայրերում կենսաբանական լաբորատորիաներ հիմնելու սարսափելի նախագծին։
Ամերիկյան իշխանությունները հստակորեն հաստատել են 30 երկրներում 336 կենսաբանական լաբորատորիաների գոյությունը։ 1918 թվականից ի վեր այս երկիրը սկսել է կենսաբանական թույներ օգտագործել իր թշնամիների դեմ, սակայն կենսաբանական զենքի արտադրության իր նորագույն լուրջ ծրագիրը սկսել է 1942 թվականին։
Քեյհան
Սիոնիստների 58%-ը կարծում է, որ Իսրայելի իրավիճակը արտակարգ է
Զավթված տարածքներում բնակվող սիոնիստների մեծամասնությունը կարծում է, որ Իսրայելը գտնվում է արտակարգ դրության մեջ: Ինչպես հաղորդում է իսրայելական Times-ը, IDI ինստիտուտի հարցումը ցույց է տալիս, որ իսրայելցիների մեծամասնությունը չի գտնում, որ պահեստազորայինները պետք է բաց թողնվեն կամավոր ծառայությունից հրաժարվելու համար: Բնակչության մոտ կեսը կարծում է, որ Նեթանյահուի կառավարության նկատի առած դատական օրինագծի ընդունումից հետո իրենց ֆինանսական վիճակը բացասական փոփոխություններ է կրելու։ Երեքշաբթի օրը հրապարակված հարցման արդյունքների համաձայն, իսրայելցիների (սիոնիստների) մեծամասնությունը կարծում է, որ Իսրայելը գտնվում է «արտակարգ դրության» մեջ, և այս տեսակետի մեծ մասը ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկածների շրջանում են:
Վաթանէ էմրուզ
Իրանի և BRICS-ի գործընկերությունը մեկնարկել է
Այս տարվա հուլիսին Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի Իսլամական Հանրապետության մշտական և պաշտոնական անդամակցությունից հետո, այժմ Իրանի՝ BRICS-ին անդամակցելու հերթն է։ Սեյյեդ Իբրահիմ Ռաիսիի իշխանության գալուց հետո 13-րդ շրջանի կառավարությունը բազմաթիվ հաջողություններ ունեցավ այս ոլորտում՝ իր արտաքին քաղաքականության մեջ որդեգրելով երկու բաղադրիչ՝ հավասարակշռություն և բարիդրացիություն։ Դրա ապացույցը կարելի է համարել Իրանի պաշտոնական անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը, տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևան երկրների հետ առևտրաքաղաքական համաձայնագրերը, Իրանի նախագահի և արտգործնախարարի արդյունավետ արտասահմանյան այցերը աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ լատինական Ամերիկա և Աֆրիկյան մայրցամաք:
News.am
Հայերն իրենց ձեռքին միայն մեկ լծակ ունեն, որը խաղաղության պայմանագիրը ստորագրել–չստորագրելու լծակն է. Վարդան Օսկանյան
Հայերն իրենց ձեռքին միայն մեկ լծակ ունեն, ու դա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրել–չստորագրելու լծակն է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Այդ լծակն, իհարկե, այսօր բավականին թուլացել է, որովհետև ՀՀ իշխանություններն արդեն նախօրոք հայտարարել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ասել են, որ պատրաստ են Հայաստանից տարածքներ զիջել, բայց դրանք դեռ բանավոր են, գրավոր ստորագրելու լծակը դեռ իր ուժը չի կորցրել»,– ասաց Օսկանյանը։
Օսկանյանի խոսքով՝ այդ լծակն այնպես պետք է օգտագործել, որ մեր գլխին նոր պատերազմ չբերենք.
«Այսօր այդ լծակը շատ վտանգավոր ձևով է օգտագործվում, և օրեցօր պատերազմի հավանականությունն ավելի մեծանում է։ Իշխանությունները հնարավորություն ունեն բանավոր իրենց խոսքից հետ կանգնելու, որն ավելի կուժեցացնի այդ լծակը, բայց այստեղ այդ լծակը պետք է կարողանալ ճիշտ օգտագործել: Ես անկեղծ չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ուզո՞ւմ է ստորագրել, թե՞ ոչ»:
Օսկանյանի կարծիքով՝ Փաշինյանի համար նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու. «Որովհետև դրա բովանդակությունը որևէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ: Սա, բնականաբար, կարող է ձգձգվել, և հենց այստեղ է վտանգը, որովհետև այն բառապաշարը, ոճն ու հռետորաբանությունը, որը այսօր Փաշինյանն օգտագործում է և միաժամանակ բանակցությունները շարունակվում են, փաստաթուղթ չի ստորագրվում, օրեցօր պատերազմի վտանգը մեծանում է, եթե դու բարձրացնում ես հակառակորդի ակնկալիքը, բայց չես անում դա, ի վերջո նա անցնելու է գործողությունների: Այստեղ միջնորդները ոչինչ անել չեն կարող»:
Օսկանյանը շեշտեց, որ պետք է փոխվի բանակցությունների մոտեցումը, որովհետև այն իր մեջ լուրջ վտանգ է պարունակում.
«Այսօր դրա հնարավորությունն իսկապես կա: Դա էապես նվազեցնելու է պատերազմի հնարավորությունը, եթե մենք կարողացանք ճիշտ պահին փոխել բանակցային բովանդակությունը, փիլիսոփայությունը, նարատիվը»:
Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա կոչին՝ Օսկանյանն ասաց. «Այնտեղ կուզեի տեսնել նաև կոչ Հայաստանի իշխանություններին՝ հետ վերցնել Փաշինյանի պրահյան հայտարարությունը: Այդ հայտարարությունը մեծ ավերներ է գործում»:
Արցախում ստեղծված ծանր իրավիճակը Փաշինյանի` Պրահայում կատարած հայտարարության հետևանքն է.
«Փաշինյանը պետք է հասկանա իր սխալն ու ուղղի այն։ Այսօր նա հնարավորություն ունի հետ կանգնելու իր հայտարարությունից` ելնելով հենց այսօրվա իրավիճակից։ Նա կարող է հենց այդպես էլ ասել` ես ինչ–որ բան եմ փորձել, բայց տեսնում եմ, որ մեր հակառակորդը դա չարաշահում է։ Ես հետ եմ կանգնում այս հայտարարությունից, և այսօր ես դրա իրավունքը ունեմ:
Ոչ մեկ ոչինչ չի կարողանում անել: Ռուսաստանն այդ մասին արդեն բացահայտ է ասել, այլ կերպ ո՞նց ասեն: Նրանք ասել են՝ Փաշինյանի պրահյան հայտարարությունը, դրա տակ իր ստորագրությունը էապես փոխել է նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության ողջ էությունը, և Ռուսաստանն այսօր ոչինչ անել չի կարող, դա բացահայտ է ասվել: Արևմուտքը բացահայտ չի ասել, բայց կուլիսային հանդիպումների ժամանակ նույնն է ասում, տողատակով հասկացնում են: Արտերկրում մարդիկ փորձում են իրավիճակ փոխել, փորձում են բովանդակությունների վրա ազդել, բայց մարդիկ բախվում են նույն պատին»,– նշեց Օսկանյանը։
News.am
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին՝ ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Րեիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դավիթ Իշխանյանին՝ ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովի հաղորդագրությունից:
Ուղերձում, մասնավորապես, նշվում է.
«Նորին Վսեմութիւն Տիար Դաւիթ Իշխանեան Նախագահ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի
Մեծարգոյ Պր. Նախագահ
Ջերմապէս կը շնորհաւորեմ Ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Նախագահի պաշտօնին :
դժուարին պայմաններուն, երբ Արցախն ու Արցախահայութիւնը կը դիմագրաւեն ճակատագրական լուրջ մարտահրաւէրններ, անձնապէս ճանչնալով ձեզ, ձեր հաստատակամ սկզբունքային կեցուածքներն ու համոզումները, կը հաւատամ, որ պիտի կարողանաք լիիրաւ յանձնառութեամբ ձեռնհասօրէն կատարել եւ արդարացնել Արցախի եւ իր աննուաճ բնակիչներու ինքնութեան պահպանման եւ ինքնիշխան գոյատեւման պատասխանատու եւ ծանր պարտականութիւնը . վստահ եղեք, որ, անկասկած, միշտ ձեր կողքին պիտի գտնեք, իր ինքնպատկանելիութեան եւ արժանապատութեան գիտակից ողջ հայութիւնը , որուն ամէնօրեայ ուշադրութեան եւ զօրակցութեան կիզակէտին եղած է եւ է՛, Արցախն ու Արցախահայութեան հարցը իր բոլոր երեսներով:
Միշտ ձեր կողքին յաջողութեան մաղթանքներով ՝
Ժիրայր Րէիսեան
Armenpress.am
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԼՂ ԱԺ նորընտիր նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 7-ին հեռախոսազանգ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գործընկերոջը բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ` մաղթելով հաջողություններ:
Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հեռախոսազանգի ընթացքում գործընկերները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Armenpress.am
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 9-ին ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սարա Արկինին և Դամյան Մերֆիին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, ԱԽ քարտուղարը ողջունել է հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելությունները:
Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ: Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը:
Կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Panorama.am
Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է. մարդիկ զանգվածաբար ուշագնաց են լինում
Պաշարված Արցախում իրավիճակն աղետալի է դառնում։ Ամեն օր հացի ու այլ պարենամթերքի հերթերում գրանցվում են ուշագնացության դեպքեր տարեցների, հղիների, երեխաների շրջանում։
Օրեր առաջ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր՝ մի քաղաքացի ուշագնաց է եղել, նրան օգնություն են ցուցաբերում մյուս քաղաքացիներն ու շտապ օգնության աշխատակիցները։
«Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար:
Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով»,-գրել էր Ստեփանյանը։
Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ, շտապ օգնության ծառայությունում հուլիս ամսում հաճախակի են դարձել ուշագնացության (կոլապս) դեպքերը։ Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ ուշագնացության դեպքերը աճել են 91%-ով։
Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ կա ուշագնացություն, սակայն մինչև շտապ օգնության անձնակազմի ժամանումը, քաղաքացուն ուշքի են բերում, և փաստացի չի գրանցվում դեպքը:
«Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակը անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության պահպանման վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»,-արձանագրում է Արցախի ՄԻՊ-ը։
Panorama.am
Արցախից ևս 10 հիվանդ տեղափոխվել է Հայաստան
Այսօր՝ օգոստոսի 9-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նշված 10 բուժառուները ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: