Մամուլի տեսություն 11.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204398-Մամուլի_տեսություն_11.08.2023
ԻԻՀ 13-րդ կառավարությունը 2 տարում խթանել է աշխատաշուկան և ռեկորդներ գրանցել արդյունաբերական ոլորտի զբաղվածության բաժնում:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Օգոստոս 11, 2023 14:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.08.2023

ԻԻՀ 13-րդ կառավարությունը 2 տարում խթանել է աշխատաշուկան և ռեկորդներ գրանցել արդյունաբերական ոլորտի զբաղվածության բաժնում:

 

Իրան օրաթերթ

ԻԻՀ 13-րդ կառավարությունը 2 տարում խթանել է աշխատաշուկան  

 

ԻԻՀ 13-րդ կառավարությունը 2 տարում խթանել է աշխատաշուկան  և ռեկորդներ  գրանցել արդյունաբերական ոլորտի զբաղվածության բաժնում:

13-րդ կառավարության աշխատանքի սկզբում երկրում գործազրկության մակարդակը  կազմում էր 9,2 տոկոս: Սակայն երկու տարուց պակաս ժամանակահատվածում  այն հասել է 1 տոկոսի: Դրան զուգահեռ գրանցվել է նաև տնտեսական մասնակցության տեմպի աճ։ 

Ջամե Ջամ օրաթերթ

Գերմանացի օրենսդիրը զգուշացրել է, որ Ուկրաինայի պատերազմը կտաածվի  Եվրոպայում 

 

Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն զգուշացրել է, որ Բեռլինի աջակցությունն Ուկրաինային կարող է հանգեցնել Եվրոպայում պատերազմի տարածման:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Կոտրեն հինգշաբթի  Deutschland Courier  գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում ասել է. «Ուկրաինա զենք ուղարկելը սխալ է:. Սա մեր պատերազմը չէ: Պետք է հեռու մնալ դրանից և խաղաղության նախաձեռնություններով զբաղվել»։

Նա հավելել է. «Զենք ուղարկելը մեծ սխալ է, քանի որ այն բորբոքում է պատերազմի կրակը և ստիպում մարդկանց սպանել միմյանց: Այս հարցը ճակատագրական հետևանքներ ունի։ Այն, որ Գերմանիան զենք է տալիս Կիևին, ցավոք, Բեռլինին հեռացրել է չեզոքության սկզբունքից»:

Շարղ օրաթերթ

Հանրապետականները քննադատում են Բայդենին՝ Իրանի հետ համաձայնության համար

 

Հանրապետական կուսակցության քաղաքական գործիչները խստորեն քննադատել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝  Իրանի հետ գերիների փոխանակման համաձայնություն ձեռք բերելու համար։

Համշահրի օրաթերթ

Ուկրաինան կասետային ռումբերով ռմբակոծել է Դոնեցկը

 

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունն իր Telegram ալիքում հինգշաբթի օրը հայտնել է, որ ուկրաինական բանակը 25 րոպեի ընթացքում կասետային զինամթերքով երեք անգամ ռմբակոծել է Դոնեցկ քաղաքը։

Դոնյայե Էղթեսադ օրաթերթ

Հիտերի վարած տնտեսական քաղաքականությունը

 

Այսօր Հիտլերը համարվում է պատմության ամենաատելի անձը, իսկ նրա կառավարությունը՝ արքետիպային «չար իշխանություն»։ Սակայն այս բոլոր ընկալումները չեն տարածվում նրա կառավարության վարած տնտեսական քաղաքականության վրա.

Նա նախաձեռնեց զանգվածային հանրային զարգացման ծրագրեր, ինչպիսիք են մայրուղիների կառուցումը, ազգային արդյունաբերությունը պաշտպանեց օտարերկրյա մրցակցությունից, ավելացրեց վարկերը, ստեղծեց աշխատատեղերի ծրագրեր և առաջնորդեց կառավարությանը աշխատատեղերի ստեղծման գործում՝ սահմանափակելով մասնավոր հատվածին գնագոյացման և արտադրության որոշումների մեջ: Նա  կապիտալի հսկողություն սահմանեց տնտեսության վրա և հիմնեց ընտանիքի պլանավորման ծրագրեր, քրեականացրեց ծխելը, ստեղծեց ազգային առողջապահության և գործազրկության ապահովագրությանհամակարգ  և  կրթական չափանիշներ:

armenpress.am

Բայդենը Կոնգրեսից լրացուցիչ 21 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես Կոնգրեսի հաստատմանն է ներկայացրել 40 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջե, որը ներառում է 13,1 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն Ուկրաինային։ «Արմենպրես»-փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

 

Բացի Կիևին 13 միլիարդի պաշտպանական օգնությունից, 40 միլիարդ դոլարը ներառում է նաև 8 միլիարդ դոլար՝ մինչև տարվա վերջ Ուկրաինային հումանիտար աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաև 12 միլիարդ դոլար ԱՄՆ-ում աղետների դեմ պայքարի դաշնային միջոցները համալրելու համար։ Գումարի մի մասն էլ կօգտագործվի Մեքսիկայի հետ երկրի հարավային սահմանի ամրացման, այդ թվում՝ ֆենտանիլի հոսքը կրճատելու համար։

Վերջին անգամ Սպիտակ տունը նման խնդրանքով կոնգրեսականներին դիմել էր անցած տարվա նոյեմբերին. այն ժամանակ ԱՄՆ-ն ավելի քան 37 մլրդ դոլար էր հատկացրել Ուկրաինային աջակցության համար։

Ինչպես նշում է Associated Press-ը, անցյալ անգամ Սպիտակ տան խնդրանքը հեշտությամբ էր բավարարվել, սակայն այժմ «դինամիկան այլ է»։ Կոնգրեսում ստեղծվել է նոր քաղաքական իրադրություն. Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը «հսկայական ճնշման տակ է հայտնվել», որպեսզի աջակցություն ցուցաբերի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որը քանիցս կասկածներ է հայտնել Ուկրաինային նման զգալի միջոցներ հատկացնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում Վաշինգտոնը Կիևին կօգնի «այնքան ժամանակ, որքան պահանջվի»։

armenpress.am

Ռուսաստանն առաքելություն է ուղարկել Լուսին՝ փորձելով առաջինը վայրէջք կատարել հարավային բևեռում

 

Ռուսաստանն առաքելություն է ուղարկել Լուսին՝ փորձելով դառնալ առաջին երկիրը, որը վայրէջք կկատարի լուսնի հարավային բևեռում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից, արձակումը հաջող է անցել, «Լունա-25» ավտոմատ միջմոլորակային կայանը թռչում է դեպի Լուսին։ Ըստ նախնական գնահատումների՝ օգոստոսի 20-ին կայանը փափուկ վայրէջք կկատարի լուսնի հարավային բևեռի շրջանում։

armenpress.am

Սիրիայի արևելքում 20-ից ավելի զինծառայող է զոհվել ԻՊ-ի զինյալների հարձակման հետևանքով

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Սիրիայի կառավարական զորքերի զինծառայողների վրա երկրի արևելքում գտնվող Դեյր էզ Զորի նահանգում։ Հարձակման հետևանքով զոհվել է 23 մարդ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Sky News Arabia հեռուստաալիքի՝ հարձակման է ենթարկվել զինվորականների տեղափոխող ավտոբուսը։ Հեռուստաալիքի պնդմամբ՝ ևս մի քանի զինվորական վիրավորվել է. նրանց թիվը չի հստակեցվում:

panorama.am

Բաքվին կոչ ենք անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից. Փաշինյան

 

Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն) հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել։ Գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի փակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի ԼՂ:

«Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում գործող խանութները, դեղատները 2022 թվականի դեկտեմբերից արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել: Հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է նաև դեպի ԼՂ հումանիտար բեռների, այդ թվում՝ մանկական սննդի և դեղորայքի մատակարարումները Կարմիր խաչի միջոցով:

Հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության ՀՀ կառավարական հանձնաժողովը դեռևս հուլիսի 26-ին դեպի Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում էր կայացրել, և 19 բեռնատար ավտոմեքենաները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ հիշեցրեց այդ 19 բեռնատարների պարունակությունը․ ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, աղ՝ 20 տոնա, մանկական կեր՝ 12 տոննա, դեղորայք՝ 9 տոննա, ընդհանուր առմամբ, 360 տոննա։

«Հետագայում հումանիտար շարասյանը միացել են ևս 2 բեռնատար՝ 9 տոննա քաղցրավենիք, մասնավորապես, 33 անուն կոնֆետներ և թխվածքաբլիթ՝ արտադրող ընկերության կողմից, ինչպես նաև 1 բեռնատար 1 կցորդիչով՝ 25 տոննա մակարոնեղենով՝ Փարիզի քաղաքապետի և Ֆրանսիայի տարբեր երկրամասերի վարչական ղեկավարների անունից:

Հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակմանը չի տրվում ոչ մի բացատրություն, եթե մի պահ Ադրբեջանի այս գործելակերպը  չդիտարկենք ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի բացահայտ քաղաքականության համատեքստում: Ավելի ճիշտ ԼՂ հումանիտար բեռների մուտքի արգելքը առավել  հավաստի են դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, որ Լաչինի միջանցքի՝ ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դիտանկյունից:

«Կարծում եմ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը ծավալվել է այն աստիճանի, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ, մանավանդ, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը ապահովելու մասին։

Ուշադրության արժանի է այն փաստը, որ միջազգային ամենաբարձր ատյանները վերջին շրջանի իրենց հայտարարություններով ամրագրեցին, որ Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ որոշումներին Ադրբեջանի տված մեկնաբանությունները որևէ կապ չունեն իրականության հետ, և Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը:

Հիշում եք, որ հուլիսի 6-ի որոշումից հետո Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե այդ որոշմամբ Արդարդատության միջազգային դատարանն արձանագրել է՝ փետրվարի 22-ի որոշումը կատարված է և դրան անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Մինչդեռ սևով սպիտակի վրա բոլորովին այլ բան էր գրված: Ես անձամբ այդ որոշումը կարդացել եմ, բայց Ադրբեջանը շարունակում էր այդ մեկնաբանությունները ու շատ կարևոր է, որ միջազգային գործընկերները արձանագրեցին Լաչինի միջանցքի հետ կապված իրենց վերաբերմունքը։

Առավել ևս այս պայմաններում պիտի արձանագրեմ, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմների շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

panorama.am

Թրամփը հայտարարել է, որ իրեն պետք է դատել միայն նախագահական ընտրություններից հետո

 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր դեմ դատավարությունները պետք է անցկացվեն միայն 2024 թվականին նախագահական ընտրությունից հետո, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Այս դատավարությունը, որը երբեք չպետք է լիներ իմ ազատ խոսքի իրավունքի և (ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենի զանգվածային կոռուպցիայի պատճառով, պետք է տեղի ունենա ընտրություններից հետո»,- գրել է Թրամփը իր «Truth Social» սոցցանցում։

Քաղաքական գործիչը վրդովվել է Կապիտոլիումի գրոհի գործով դատավարության մեկնարկի վերաբերյալ դատախազի առաջարկած ժամկետից՝ ասելով, որ այն սկսելով 2024 թվականի հունվարի 2-ին, մեղադրող կողմը կազդի ընտրությունների վրա՝ կապված ընտրությունների մեկնարկի հետ։

Նշենք, որ ԱՄՆ դատախազությունը դատարանին խնդրում է 2024 թվականի հունվարի 2-ին Թրամփին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ լսումներ անցկացնել։

Մնացած գործերով գործընթացները, ինչպես կարծում Է Թրամփը, նույնպես պետք է անցկացնել միայն ընտրություններից հետո ։