Մամուլի տեսություն 16.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204602-Մամուլի_տեսություն_16.08.2023
Մասնագետներն ու փորձագետները նախազգուշացրել են, որ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի ջրային ռեսուրսների օրեցօր աճող գողությունը՝ այս շրջանում սիոնիստա​​բնակ ավաններին անհրաժեշտ ջուր մատակարարելու համար, աղետալի հետևանքներ է ունենալու պաղեստինցի գյուղատնտեսների ու քաղաքացիների կյանքի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2023 11:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16.08.2023

Մասնագետներն ու փորձագետները նախազգուշացրել են, որ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի ջրային ռեսուրսների օրեցօր աճող գողությունը՝ այս շրջանում սիոնիստա​​բնակ ավաններին անհրաժեշտ ջուր մատակարարելու համար, աղետալի հետևանքներ է ունենալու պաղեստինցի գյուղատնտեսների ու քաղաքացիների կյանքի վրա:

Քեյհան

Իսրայելի իշխանությունների զայրույթն ու մտահոգությունը միլիարդավոր դոլարների հասնող իրանական փողերի ազատականացման կապակցությամբ

 

Իսրայելի սիոնիստական ​​The Times օրաերթն ընդգծել է, որ Թեև Իրանը չի շտապում համաձայնության գալու համար, սակայն ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջերս տեղի ունեցած պայմանավորվածությունը Սպիտակ տան վրա Իսրայելի ավանդական ազդեցության նվազման նշան է:

Օրաթերթը գրում է. ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը չի նշանակում հաջորդ քայլում ամբողջական միջուկային համաձայնություն, բայց այն սահմանում է Իսրայելի գործունեության չափերը։ Իրանն այժմ նոր պայմանագիր կնքելու համար շտապելու պատճառներ չունի, սակայն անցյալ շաբաթվա համաձայնությունը ցույց է տալիս, որ Նեթանյահուի վարչակազմի ազդեցությունը Վաշինգտոնի իրանական քաղաքականության վրա նվազագույնի է հասել: Իսրայելի պաշտոնյաները այնքան էլ ուրախ չէին ԱՄՆ-ի և Իրանի միջև անցած շաբաթվա համաձայնությունից, որի համաձայն, Թեհրանը կազատի հինգ ամերիկացի բանտարկյալների՝ Իրանի միլիոնավոր դոլարների սառեցված ակտիվների ազատման դիմաց:

 

Վաթան Էմրուզ

Խոստովանության պահը

Իրանում 1953 թվականի օգոստոսի 19-ի պետական ​​հեղաշրջումից 70 տարի անց Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարարը հստակորեն հաստատեց այդ երկրի դերը Մոսադեղի՝ Իրանի օրինական կառավարության տապալման գործում:

Որոշված էր, որ հեղաշրջման միջոցով պետք է հեռացվեր Մոհամմադ Մոսադեղը՝ ի պատասխան նավթարդյունաբերության ազգայնացման, և ամրապնդելով Փահլավիի միապետությունը, պետք է շարունակվեր Մոհամմադ Ռեզա Փահլավիի դիկտատուրան:

9 տարի առաջ ԱՄՆ-ի «Ազգային անվտանգության արխիվ»-ի տեղեկատվական բազան առաջին անգամ հրապարակեց 1953թ. օգոստոսի 19-ին Իրանի այն ժամանակվա վարչապետ «Մուհամեդ Մոսադեղի» կառավարության դեմ տեղի ունեցած հեղաշրջման հետ կապված փաստաթղթերը։ Այս քայլով պաշտոնապես հաստատվեց ամերիկյան հետախուզական ծառայության (ԿՀՎ) դերը Մոսադեղի դեմ հեղաշրջման գործում։

 

 

Էթելաաթ

Չինաստանի պաշտպանության նախարարը Մոսկվայի անվտանգության համաժողովում. Մենք պատրաստ ենք մեծացնել ռազմական համագործակցությունը Իրանի հետ

 

Չինաստանի պաշտպանության նախարարը, մատնանշելով իր երկրի պատրաստակամությունը՝ ամրապնդելու Իրանի հետ անվտանգության և պաշտպանական համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, ասել է, որ Պեկինը միշտ աջակցում է երկխոսության միջոցով Իրանի միջուկային խնդրի շուրջ առկա տարաձայնությունների լուծմանը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Չինաստանը պատրաստ է ուժեղացնել անվտանգության գործունեությունը Շանհայի համագործակցության կազմակերպությունում և ակտիվորեն խորացնել պաշտպանական համագործակցությունը կազմակերպության նոր անդամների՝ Իրանի և Բելառուսի հետ։

 

 

Իրան

Հորդանան գետի արևմտյան ափ. «Օսլոյի» չարաբաստիկ պայմանագիրն ու ջրային պաշարների թալանը

  Պաղեստինցի մասնագետներն ու փորձագետները նախազգուշացրել են, որ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի ջրային ռեսուրսների օրեցօր աճող գողությունը՝ այս շրջանում սիոնիստա​​բնակ ավաններին անհրաժեշտ ջուր մատակարարելու համար, աղետալի հետևանքներ է ունենալու պաղեստինցի գյուղատնտեսների ու քաղաքացիների կյանքի վրա: Այս իրավիճակի հիմնական պատճառը պետք է փնտրել «Օսլոյի» համաձայնագիր կոչվող չարաբաստիկ փոխզիջումային համաձայնագրի դրույթներում:

 

Yerkir.am

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին

 

Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։

«Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի խումբ քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու մասին։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է Հայաստանում Իրանի դեսպանության X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոգում։

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11, վիրավորվել 9 քաղաքացի։

 

 

News.am

Հայաստանում օգոստոսի 24-ին կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ

Հայաստանում օգոստոսի 24-ին կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել Սոչիում: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել էին եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր:

 

News.am

Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. Արցախի ՄԻՊ

 

Արցախում սովամահության դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության եւ ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետեւանքով։

Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետեւանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի եւ շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների եւ տարեցների առողջական իրավիճակի վրա։

 

 

Շրջափակման եւ հատկապես երկամսյա լիակատար պաշարման հետեւանքով առաջացած պարենային աղետալի իրավիճակը եւ դրա հետեւանքով անձանց թերսնուցումը եւ սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը եւ առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ եւ անառարկելի սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար։

 

Armenpress.am

Սենատորները ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին հորդորում են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև


 

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի քննարկմանն ընդառաջ ԱՄՆ սենատորները ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին կոչ են արել «ամուր դիրքորոշում» արտահայտել և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլլան Թոմաս-Գրինֆիլդին ուղղված նամակում հանգամանորեն ներկայացնում են Լաչինի միջանցքի 8-ամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար լուրջ ճգնաժամը, որն էլ ավելի է վատթարացել հունիսի 15-ից հետո, երբ Ադրբեջանն արգելափակեց կենսական նշանակության մարդասիրական օգնության մատակարարումները։

«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան այնտեղ դարերով բնակվող հայ համայնքի էթնիկ զտման փորձ», - գրել են սենատորները՝ վկայակոչելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որը նշել էր՝ «կա ողջամիտ հիմք՝ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»:

Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլլան նաև ողջունում են այն, որ ԱՄՆ-ն աջակցել է Անվտանգության խորհրդի նիստ գումարելու կոչին։

«Որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ 2023 թ․ օգոստոսի նախագահող, մենք Ձեզ խնդրում ենք աշխատել ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամների հետ և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ վերացնելու շրջափակումը, ինչպես նաև կանխել այն, ինչը, ելնելով փաստերից, իրենից ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու համակարգված ջանքեր։ Մենք, մասնավորապես, Ձեզ հորդորում ենք ներկայացնել բանաձև, որը կոչ կանի անհապաղ վերջ դնել շրջափակմանը և թույլ տալ տարածաշրջան մարդասիրական օգնության մուտքը», - եզրափակել են նամակի հեղինակները։

 

Armenpress.am

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացու ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում օգոստոսի 15-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն:

Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացին չի տուժել, վնասվել է միայն կոմբայնը։

Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

 

Panorama.am

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը կմեկնարկի ժամը 23։00-ին

Տես նաև`Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը կկայանա օգոստոսի 16-ին

Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը կմեկնարկի այսօր Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։

Նիտին կարելի է հետևել առցանց՝ այս հղումով։

Նիստին մասնակցելու համար Նյու Յորք է մեկնել ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնոց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում, մասնավորապես, նշել էր.

«... 2023 թվականի հունիսի 15-ից սրվել է, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ծայրահեղ պակասը, երբ Ադրբեջանը ամբողջությամբ փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ մերժելով որևէ տեսակի մուտք Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ մարդասիրական: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կանխամտածված շարունակական խափանումները ծայրահեղ վնաս են պատճառել տուժած բնակչությանը և նրանց կենսագործունեությանը:

Հղում կատարելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակին (S/2022/688) և 2022 թվականի դեկտեմբերի 20-ին գումարված Անվտանգության խորհրդի նիստին հաջորդիվ՝ հայցում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի գումարում՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի»։