Մամուլի տեսություն - 18.08.2023
Կովկասի զարգացումները և Հյուսիս-Հարավ միջանցքի ավարտը եղել են Իրանի և Ռուսաստանի նախագահների զրույցի առանցքում։
Իրան օրաթերթ
Կովկասի զարգացումները և Ռաիսի-Պուտին երկխոսության վրա հիմնված տնտեսական պայմանավորվածությունների առաջընթացը
Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական տեղակալ Ջամշիդին գրել է. «Իրանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցում երկու կողմերն անդրադարձել են Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և տնտեսական համաձայնագրերի առաջընթացին, հատկապես Հյուսիս-Հարավ միջանցքի և ոլորտում: Երկու նախագահները պայմանավորվել են զարգացնել նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը։
Էթեմադ օրաթերթ
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ. Իրանի ազատագրված ռեսուրսները կօգտագործվեն արտադրության աճի հասնելու համար
Բահադրի Ջահորմին ասել է. «Գերիների փոխանակումը մարդասիրական և իրավական գործողություն է: Այն, որ Ամերիկայում ունենք չորս բանտարկյալ, և այժմ նրանց ազատությունը կարող ենք փոխանակել չորս բանտարկյալների ազատության հետ, տրամաբանական բան է»։
Նա հավելել է. «Աշխատանքային խումբ կձևավորվի՝ Իրանի ազատագրված ռեսուրսները այլ երկրներում ծախսելու համար, որպեսզի այդ ռեսուրսներն օգտագործվեն արտադրության աճ ապահովելու համար»։
Շարղ օրաթերթ
ԱՄՆ-ը համաձայնել է Դանիայի և Նիդեռլանդների խնդրանքին՝ F-16 կործանիչներ ուղարկելու Ուկրաինա
Ամերիկայի դաշնակիցներին անհրաժեշտ է Վաշինգտոնի հավանությունը՝ Ուկրաինա F-16 կործանիչներ ուղարկելու համար։ Ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը, F-16 կործանիչների աջակցությունը, սպասարկումը Նիդեռլանդների և Դանիայի կողմից ղեկավարվող նախագիծ է՝ Ուկրաինային աջակցելու Ռուսաստանի հետ պատերազմում:
Reuters-ը հայտնել է, որ ամերիկացի պաշտոնյաները մասնավոր կերպով ասել են, որ F-16 կործանիչները շատ չեն օգնի Ուկրաինային՝ հաշվի առնելով Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը։
Դոնյայե Էղթեսադ օրաթերթ
Թրամփ. Դոլարի հեգեմոնիան անկում է ապրում, և մենք աշխարհի տիրակալը չենք դառնալու
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում զգուշացրել է աշխարհում դոլարի հեգեմոնիայի անկման մասին և Ամերիկայի վիճակի մասին ու ասել. «Մեր երկիրը դժոխք է գնում, և մենք աշխարհի տիրակալը չենք լինի»։
Մենք ունենք իշխանություն, բայց այն նվազում է։ Իրականում, մեր երկիրը արժույթի առումով նվազում է, մեր հզորությունը նվազում է, և ես խոսում եմ ոչ միայն մեր արժույթի արժեքի մասին, այլ ամբողջ աշխարհում դրա օգտագործման [նվազման] մասին»:
tert.am
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը և տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է․ ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել:
Հայտնում են Արցախի ՊՆ-ից։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է:
tert.am
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ. հանձնարարականներ է տվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է ԱՀ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը:
«Նախագահ Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում էին լիակատար պաշարման պայմաններում ԱՀ բնակչության անվտանգության ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
168.am
«Այս մոտեցումներով միայն հնարավոր կլինի բանակցային ճանապարհով հասնելու արդար և երկարատև խաղաղության երկու ժողովուրդների միջև». Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը մեր հասարակության մոտ լավատեսություն և հույսեր էր առաջացրել, ավարտվեց հուսախաբությամբ։ Չընդունվեց որևէ բանաձև կամ հայտարարություն, և հարցական է, արդյոք երբևէ միջազգային իրավունքի ուժով որևէ բանաձև կլինի, որը Ադրբեջանին կպարտադրի բացել Լաչինի միջանցքը։
Համենայն դեպս, այս ամենի միջից ես ուզում եմ լավատեսության մի հատիկ վերցնել, որի իրականություն դառնալու հնարավորությունը կախված է միայնումիայն Հայաստանի իշխանությունների դիրքից ու գործելակերպից կամ նրանց հրաժարականից։
Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից որևէ մեկն իր ելույթում հատուկ շեշտադրում չարեց այն փաստին, որ Հայաստանն Արցախը վաղաժամկետ ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ներկայի բանակցություններում հիմնական միջնորդներից Եվրամիության ներկայացուցիչը հղում արեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին, ինչը, կարծում եմ, պատահականություն չէ։ Միջազգային հանրությունը թերևս բաց է պահում այսօրվա բանակցային օրակարգը փոխելու հնարավորությունը։
Օրինակ, ճիշտ կլիներ, որ Անվտանգության խորհրդի նիստում արտգործնախարարը հնչեցներ առնվազն հետևյալը․
«Ադրբեջանի վերջին գործողություններն ու հայտարարությունները մեզ ստիպում են եզրակացնել, որ նրանք ոչ միայն անպատժելիորեն խախտում են պայմանավորվածություներն ու ստորագրած փաստաթղթերը, այլև չարաշահում են հայկական կողմի բարի կամքի դրսևորումները։
Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունում ներառված արտահայտությունը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի փորձը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում։Սակայն, ինչպես հայտնի է, դիվանագիտության և բանակցությունների մեջ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Ինչպես գիտեք, մենք դեռ շատ բան
ունենք համաձայնեցնելու։ Հայաստանը պարզապես պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե խաղաղ բանակցությունները հանգեցնելու են արդար և երկարատև խաղաղության մեր երկու ժողովուրդների միջև:
Ադրբեջանն այսօր չի կարող անտեսել և մոռացության տալ այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը, երբեք չլինելով անկախ Ադրբեջանի կազմում, խորհրդային տարիներին ունեցել է ինքնավար կարգավիճակ, ինչը և պետք է լինի նվազագույն այն հենքը, որի վրա կկառուցվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ ցանկացած քննարկում»։
news.am
Բաքուն թույլ չի տալիս Գյումրիի վթարից մահացած Հելեն Դադայանի մարմինն Արցախ տեղափոխել
Բաքուն թույլ չի տալիս օգոստոսի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 21-ամյա Հելեն Դադայանի մարմինն Արցախ տեղափոխել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը։
««Կարմիր խաչից» ասում են, որ այսօր նույնպես կփորձեն ինչ-որ բան անել, վաղը պատասխան կտան, բայց ես արդեն չեմ հավատում։ Կարող եմ արձանագրել, որ Արցախի իշխանությունն անկարող է, «Կարմիր խաչն» էլ ձախողել է իր առաքելությունը։ Անկարող է նաեւ Հայաստանի իշխանությունը, ճիշտ է, մենք իրենց չենք դիմել, բայց իրենք էլ մեզ հետ որեւէ կերպ չեն փորձել կապվել։ Ես այս պահին դեռ Գորիսում եմ։ Երեխայի ծնողներն ուզում են ամեն գնով տեղափոխել մարմինը։ Մենք չենք հանձնվելու»,- ասաց Սաֆարյանը։
Մեզ հետ զրույցում ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ կոմիտեն, որպես չեզոք մարդասիրական միջնորդ, վարում է երկու կողմերի հետ երկխոսություն, սակայն նրանց դիրքորոշումը հանրայնացնել չի կարող։
«Մենք կարող ենք միայն վերահաստատել, որ կոմիտեն պատրաստ է իր առաքելությունը կատարել հօգուտ մարդասիրական խնդրի, սակայն որոշումը մեր ձեռքերում չէ, այլ կողմերի, եւ մեկ կողմի անհամաձայնության դեպքում մենք չենք կարող գործողությունը կատարել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։
news.am
Հարյուրավոր ադրբեջանցիներ Ուկրաինայում կեցության իրավունք են ստացել
Հաստատվել է Ադրբեջանի՝ Ուկրաինայում կեցության իրավունք ստացած քաղաքացիների թիվը, մշտական կեցության իրավունք է ստացել Ադրբեջանի 682 քաղաքացի։ Ադրբեջանի 786 քաղաքացի ժամանակավոր կեցության իրավունք է ստացել։
news.am
Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ վնասվել են պատուհաններից մեկը եւ տանիքը. ԱԱԾ
Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն:
Ըստ հաղորդագրության՝ ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։
Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։
Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։
ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության եւ/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր։
armenpress.am
Ադրբեջանը գիտակցաբար է սովի մատնելու գործիքն ընտրել․ Արցախի ԱԳ նախարարը ակնկալում է կոնկրետ քայլեր միջազգային հանրության կողմից
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։
«Ինչպես տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, արդեն ունենք սովամահության դեպք: Մենք տեսնում ենք, որ, ցավոք սրտի, այդ վտանգը գնալով ավելի է լուրջ դառնալու` հաշվի առնելով, որ շատ սահմանափակ կարողություններ ունենք։
Միևնույն ժամանակ, հաշվի առնենք, որ վառելիքի պակասությունը շատ ծանր վնասներ է հասցնում գրեթե բոլոր կենսագործունեության ոլորտներին՝ սկսած առողջապահության համակարգից մինչև գյուղատնտեսություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ղազարյանը։
Վկայակոչելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը՝ Ղազարյանը ընդգծել է, որ Ադրբեջանը շատ գիտակցաբար է սովի մատնելու գործիքն ընտրել, և միայն ու միայն միջազգային հանրության կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկելու պարագայում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական կողմին։
Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից բնապահպանական կեղծ հիմնավորումներով սահմանափակել էր երթևեկությունն Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով։ Սկզբնական շրջանում, այնուամենայնիվ, ՌԴ խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ որոշակի հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղ հասնում էր, սակայն Լաչինի միջանցքի երթուղին փոխելուց հետո՝ 2023 թվականի ապրիլին, Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել միջանցքում, իսկ հունիսի 15-ից ամբողջությամբ արգելափակել է երթևեկությունը միջանցքով։ Միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը բախվում է էթնիկ զտման ենթարկվելու սպառնալիքին։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ամբողջությամբ զրկված է սննդի, վառելիքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Օրերս Արցախում նաև սովամահության, չնծված երեխայի մահվան դեպքեր էին գրանցվել։