Մամուլի տեսություն 23.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204938-Մամուլի_տեսություն_23.08.2023
Իրանի կողմից իր վերջին անօդաչու թռչող սարքի շնորահանդեսն ու դրա կարևոր հատկանիշների ներկայացումը գրավել են աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունը և նամանավանդ սարսափեցրել իսրայելցիներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2023 12:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.08.2023

Իրանի կողմից իր վերջին անօդաչու թռչող սարքի շնորահանդեսն ու դրա կարևոր հատկանիշների ներկայացումը գրավել են աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունը և նամանավանդ սարսափեցրել իսրայելցիներին:

Ջավան

Սիոնիստական ​​լրատվամիջոցների սարսափը իրանական նոր անօդաչու թռչող սարքի մասին

 

Եբրայական լրատվամիջոցներն, անդրադառնալով իրանական նորագույն անօդաչու թռչող սարքի շնորահանդեսին ու դրա առանձնահատկություններին՝ հայտնում են, որ այս անօդաչու թռչող սարքի հեռահարությունը ծածկում է օկուպացված Պաղեստինի ողջ տարածքը։

Եբրայական լրատվամիջոցներն արձագանքել են նախօրեին շնորահանդեսի ժամանակ ներկայացված Իրանի պաշտպանության նախարարության ռազմական ձեռքբերումներին։

Այս լրատվամիջոցները հայտարարել են, որ իրանական «Մոհաջեր-10» ԱԹՍ-ի ներկայացումը մեծ մարտահրավեր է համարվում սիոնիստական ​​ռեժիմի համար, և Իրանի այս քայլը տեղի է ունենում այն ​​բանից հետո, երբ սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թեհրանին մեղադրել էր օկուպացված տարածքներում վերջին լայնամասշտաբ հարձակողական գործողություններին աջակցելու մեջ։.

Սիոնիստական ​​ռեժիմի 12-րդ հեռուստալիքի թղթակիցը հայտնել է, որ Իրանը հերթական անգամ սպառնացել է Իսրայելին այս ԱԹՍ-ի ներկայացմամբ։ Այս առնչությամբ եբրայերենով տեսանյութ է հրապարակվել, բայց  նախկինում նման իրադարձությունների ականատեսը չենք եղել։

 

 

Քեյհան

Ճգնաժամի կառավարումը ԱՄՆ-ի ոճով. 20 օր հրդեհ, 114 զոհ և 850 անհետ կորած

 

Արդեն 20 օրից ավելի է, ինչ Հավայան կղզիներում բռնկված հրդեհը դեռ չի մեկուսացվել, և այս շրջանի բնակիչները չափազանց զայրացած են երկրի նախագահի ապիկարությունից և ճգնաժամային կառավարիչներից մեկի անխոհեմությունից։ Հավայան կղզիների բնակիչները, ովքեր նախօրեին հյուրընկալել էին Բայդենին, նրան հիշեցրել են, որ «երանի մենք նույնքան կարևոր լինեինք Սպիտակ տան համար, որքան Ուկրաինայի ժողովուրդը» :

 

Բնապահպանական ու սոցիալական ճգնաժամերի և մահաբեր դեպքերի ժամանակ արևմտամետ հայացքներով մարդիկ սովորություն են իրենք իրենց նվաստացնել՝ Արևմուտքը որպես «օրինակ» ներկայացնելով, սակայն երբ Արևմուտքում են նման միջադեպեր ու ճգնաժամեր տեղի ունենում, ընդորում մեծ զոհերով ու վատ կառավարմամբ, ապա նրանք իրենց գլուխները մտցնում են ձյան տակ և նախընտրում դա չտեսնել։ Այժմ տևական ժամանակ է, ինչ այրվում են Ամերիկայի Հավայան կղզիները և լրացուցիչ լուրերը վկայում են այն մասին, որ դեռևս բացակայում է մոտ ապագայում այս հրդեհի ամբողջական մարման հույսը։

 

Վաթան Էմրուզ

Մեկ քայլ է մնացել մինչև Իրանի ինքնաբավությունը դեղերի արտադրության ոլորտում

Իրանում դեղերի արտադրության ոլորտում վերջին մեկ տարվա ընթացքում խափանումներ ու պակասուրդ է եղել արտոնյալ արժույթի վերացումից հետո, սակայն դեղագործական արդյունաբերական հիմնարկների նկատմամբ աջակցությունը  նրանց խնդիրները լուծելու համար, նպաստել է, որ երկրում դեղորայքի արտադրության և պաշարների ներկա վիճակը բարենպաստ ու կայուն դառնա: Մյուս կողմից, տարածաշրջանում և նույնիսկ աշխարհում Իրանի բժշկական գիտելիքների ոլորտը առաջատար լինելու, ինչպես նաև գիտելիքահենք կենտրոնների զարգացման և դեղագործական ոլորտի նկատմամբ աջակցության շնորհիվ, այժմ նախկինի համեմատ նվազել է արտերկրից այս առողջապահական արտադրանքների ներկրման անհրաժեշտությունը. Այնպես որ Իրանի նախագահը երեկ Բժշկների օրվան նվիրված արարողության ժամանակ հայտարարել է, որ երկրում օգտագործվող դեղամիջոցների 90%-ը արտադրվում է հենց երկրի ներսում։

 

News.am

ԱՄՆ-ն հերքում է, թե խոչընդոտում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ իրավիճակի վերաբերյալ բանաձեւի ընդունմանը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձեւ չստորագրեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ–ը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում չստորագրել բանաձեւ՝ ԼՂ–ում իրավիճակի հետ կապված։

«Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ Խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։ Բանաձեւի նախագիծ մենք չենք տեսել, եւ այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձեւ, բացարձակ կեղծիք են»,–հայտնել է դեսպանատունը։

Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է ԱՄՆ–ին խորապես մտահոգել, եւ իրենք Ադրբեջանի կառավարությունը կոչ են անում շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն եւ մասնավոր փոխադրումների համար։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ չի կարծում, թե ԱՄՆ–ն որեւէ կերպ պատրաստվում է կամ ցանկանում է մաս կազմել, նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը։

«Ինձ համար դժվար կլինի դա պատկերացնելը։ Կարծում եմ եւ հուսով եմ, որ ԱՄՆ–ում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը»,–ասել էր նա։

 

Panorama.am

Միշուստինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին

Օգոստոսի 24-25-ը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ հանդիպումը կանցկացվի Երևանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձոր լեռնային հանգստավայրում։

«Կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառումն անցկացվելու է ԵԱՏՄ-ում ՌԴ նախագահության հովանու ներքո։ Միության նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսին Սոչիում։

 

Armenpress.am

Հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանի  առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ՝ կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:

Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մուսինյանը:

 

News.am

Միրզոյանն ընդունել է Կասպրչիկին. անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու եւ առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ կողմից հրատապ եւ գործուն քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը եւ դրա անդառնալի հետեւանքները կանխելու նպատակով:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է նաեւ ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի հասցեագրման կարեւորությունը միջազգային գործուն մեխանիզմների ներքո:

 

Panorama.am

Ադամ Շիֆ. Բայդենի վարչակազմը պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր երկրի կառավարությանն ու Բայդենի վարչակազմին կոչ է անում Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրել։

Թվիթերի իր միկրոբլոգում հրապարակած տեսանյութում ամերիկացի կոնգրեսականը հիշեցրել է Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման ու դրա հետևանքների մասին, կոչ արել պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ։

«Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել, հատկապես այն դեպքում, երբ այդ աղետը շարոնակվում է։ Վարչակազմը պետք է խոսի և գործի, հակառակ դեպքում մարդիկ կշարունակեն մահանալ։ Ես խորապես մտահոգված եմ հայոց նոր ցեղասպանության վտանգով»,- հայտարարել է կոնգրեսականը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Հայաստանի դեմ հանգեցրել է հազարավոր մահերի, այդ երկիրը շարունակում է նաև ապօրինի պահել ռազմագերիներին ՝ խախտելով միջազգային իրավունքը:

 

Armenpress.am

Ծաղկաձորում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 24-ին տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ: Միջոցառումն անցկացվելու է Ծաղկաձոր քաղաքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն եվրասիական ինտեգրացիային և համագործակցությանը վերաբերող արդիական մի շարք հարցեր: