Մամուլի տեսություն - 28.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205176-Մամուլի_տեսություն_28.08.2023
Առաջին անգամ իրանական միջանցքով սկսվել է ռուսական ապրանքների տարանցումը դեպի Սաուդյան Արաբիա։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Օգոստոս 28, 2023 12:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 28.08.2023

Առաջին անգամ իրանական միջանցքով սկսվել է ռուսական ապրանքների տարանցումը դեպի Սաուդյան Արաբիա։

Քեյհան օրաթերթ

Սկսվել է Իրանի միջանցքով Սաուդյան Արաբիա ռուսական ապրանքների տարանցման աշխատանքը:

Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների գործադիր տնօրենն ասել է. «36 բեռնարկղ պարունակող տարանցիկ գնացքն առաջին անգամ Ինչեբրուն երկաթուղային սահմանով մտել է Իրան Ռուսաստանից Սաուդյան Արաբիա և շարժվել դեպի Բանդար Աբբաս՝ Ջիդդա տեղափոխելու համար»։

Սեյեդ Միադ Սալեհին երեկ իր անձնական էջում գրել է. «13-րդ կառավարության երկաթուղային տրանսպորտի հետամուտությամբ և դիվանագիտությամբ, 36 կոնտեյներ պարունակող կոնտեյներային տարանցիկ գնացքը, առաջին անգամ մուտք է գործել երկիր Ռուսաստանից Սաուդյան Արաբիա Ինչեբրուն երկաթուղային սահմանով և Մաքսային ձևակերպումները կատարելուց հետո նրան ուղարկել են Բանդար Աբբաս՝ այնտեղից Ջիդդա տեղափոխելու համար։

 

Ջավան օրաթերթ

Ո՞րն է ԲՐԻԿՍ-ին Իրանի միանալու կարևոր ուղերձը

Մեկ այլ ուղերձ, որն այս առումով կարևոր և կենսական է և փոխանցվում է աշխարհին և Իրանի ներքին հասարակությանը՝ Իրանի՝ BRICS խմբին միանալով, այն է, որ աշխարհը հավատում է Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների անարդյունավետությանը և ձախողմանը:

Իրանը 13-րդ կառավարության օրակարգում է տարածաշրջանային ինտեգրման և տնտեսական, քաղաքական ու մշակութային խմբերին ու դաշինքներին միանալու ռազմավարությունը, և այս տեսանկյունից, բացի Շանհայի կարևոր պայմանագրին միանալուց, վերջերս Իրանը միացավ նաև BRICS խմբին։

Խումբ, որի հատկանիշն է աշխարհում տնտեսական հզորության նոր մակարդակով։

 

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Յոհանեսբուրգի գագաթնաժողովից Ամերիկայի վախի պատճառը

Յոհանեսբուրգի հանդիպումը վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ցույց տվեց, որ միջազգային համակարգը որոշել է կոտրել տնտեսական կարգը, որը հիմնված է արեւմտյան լիբերալ ժողովրդավարության վրա։

Ելնելով դրանից՝ նույնիսկ Միացյալ Նահանգների որոշ դաշնակիցներ համոզման են, որ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լիբերական մտածողության հիման վրա տնտեսական դաշտում սահմանած շատ կանոններ այլևս գոհացուցիչ չեն:

 

tert.am

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում առևանգել է Արցախից Հայաստան գնացող քաղաքացու

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:

 

tert.am

2 անսթափ քաղաքացի գիշերը կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ. ԱՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում

Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.):

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե։ Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։

 

tert.am

«Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել 6 բուժառու, նախատեսվում է օրվա ընթացքում Արցախ վերադարձնել բուժումն ավարտած 3 բուժառուի

Այսօր՝ օգոստոսի 28-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 6 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

 

news.am

Երևան-Կապան չվերթի օդանավը չի կարողացել վայրէջք կատարել, վերադարձել է Երեւան

Երևան-Կապան չվերթի օդանավն այսօր՝ օգոստոսի 28-ին, նախատեսված չվերթը տեղի չի ունեցել։ Ինքնաթիռը Երևանից օդ է բարձրացել, սակայն վերադարձել է:

«Նովէյր» ավիաընկերությունից NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ պատճառը Կապանում եղանակային պայմաններն են․ «Մառախուղ է եղել, տեսանելիության խնդիր կար»։

Ավիաընկերությունից չնշեցին, թե քանի ուղեւոր էր տեղափոխում օդանավը, սակայն ասացին, որ ուղեւորներին տոմսերի գումարը կվերադարձվի կամ էլ չվերթը կկազմակերպվի այլ օր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի Երևան–Կապան–Երևան չվերթը դարձյալ չէր կայացել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Երևան–Կապան–Երևան կանոնավոր թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երևանից թռիչքն առավոտյան 8։00-ին է, Կապանից` 10։00-ին։ Մի ուղղությամբ տոմսի արժեք սկսվում է 20.000 դրամից։

 

armenpress.am

Ադրբեջանը բարձր ինտենսիվությամբ կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը

Ադրբեջանը 3 օր շարունակ բարձր ինտենսիվությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տարածած հաղորդագրությունից:

«Օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը:

Կատարվել է ավելի քան 60 կրակոց»,- նշված է գործարանի տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԶՈւ-ն ավելի վաղ՝ հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում, կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: 

 

armenpress.am

Վարչապետն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Օլիվյե Դեկոտինիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչապետը շնորհավորել է պարոն Դեկոտինիին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում  փոխգործակցության ընդլայնմամբ:

Օլիվյե Դեկոտինին նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը նպաստելու հայ-ֆրանսիական առանց այն էլ ամուր կապերի խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը, ֆրանսիական ընկերությունների՝ հայկական շուկա ներգրավմանը, ներդրումային ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին: Կարևորվել է Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: