Մամուլի տեսություն 29.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205232-Մամուլի_տեսություն_29.08.2023
Փորձագետները 20 տարվա ընդմիջումից հետո պատժամիջոցների պայմաններում, առանց արտասահմանյան ընկերությունների օգնության,  իրանցի ինժեներների կողմից Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ տեղամասի բացումը համարում են իրանցիների՝ նմանը չունեցող գլուխգործոցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2023 13:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.08.2023

Փորձագետները 20 տարվա ընդմիջումից հետո պատժամիջոցների պայմաններում, առանց արտասահմանյան ընկերությունների օգնության,  իրանցի ինժեներների կողմից Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ տեղամասի բացումը համարում են իրանցիների՝ նմանը չունեցող գլուխգործոցը։

Քեյհան

Հարավային Փարս գազի հանքավայրի ամենաիրանական տեղամասի բացումն առանց ՀԳՀԾ-ի և առանց Total ընկերության. Դա իրագործվել է՝ ապավինելով միմիյան տեղական ներուժին։

Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ տեղամասը 20 տարվա ընդմիջումից հետո իրանցի ինժեներների կողմից համալրվել և շահագործման  է հանձնվել  երկու տարվա ընթացքում։ Մինչ այդ «Հարավային Փարս»-ի 11-րդ տեղամասի պայմանագիրը կնքվել էր ֆրանսիական Total ընկերության հետ, որն գործը կիսատ էր թողել՝ առանց վնասների հատուցման։

Այս նախագծի զարգացման առանձնահատկություններից կարելի է նշել ավելի քան 3200 տոննա կշռող շահագործման հսկայական  գազային հարթակի ապամոնտաժումն ու տեղափոխումը ծովում գտնվող իր դիրքից նոր դեպի դիրք, ինչը աննախադեպ գործողություն է համարվում  և՛ Իրանում և՛ աշխարհում ։

 

Վաթան Էմրուզ

Էջը հետ է շրջվել

Ֆրանսիայի նախագահը հայտնում է. «Մենք ցանկանում ենք թափանցիկ լինել Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ և վերադառնալ միջուկային համաձայնագրին»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի դեսպանների հավաքաին իր ամենամյա ելույթում նշել է. «Իհարկե, մեզ անհրաժեշտ է Իրանի միջուկային գործունեության հստակ և թափանցիկ վերահսկումը և վերադարձը ՀԳՀԾ միջուկային համաձայնագրին։ Քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ի գործակալությունը անհրաժեշտ մոնիտորինգ է իրականացնում, դա շատ լավ է։ Մենք իսկապես պետք է վերահսկենք այս գործողությունները, ինչը խիստ կարևոր է ողջ տարածաշրջանի համար: Նա նաեւ պահանջել է ազատ արձակել Իրանում կալանավորված 6 ֆրանսիացիներին, որոնք, ըստ նրա, գտնվում են «անընդունելի պայմաններում»։

 

 

Ջավան

Զելենսկին Ուկրաինան վերածում է Եվրոպայի Իսրայելի

 

Վլադիմիր Զելենսկին, որպես հրեա անձնավորություն, իսրայելական նախասիրություններ է դրսևորել պատերազմի առաջին իսկ օրերից։ Պատերազմի 18-րդ ամսում Զելենսկին ցանկանում է, որ Ամերիկայի համար Ուկրաինան Եվրոպայում Իսրայելի պես մի բան դառնա. պետություն, որը ստանում է ամեն ինչ՝ ֆինանսական օգնությունից մինչև ինքնաթիռ, հակաօդային պաշտպանություն և զենք:

 

Համշահրի

Արդյո՞ք Իրանը միջուկային զենք ունի։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը, պնդելով, որ Իրանը անհրաժեշտ նյութեր ունի մի քանի միջուկային զենք ստեղծելու համար, ասել է, որ այդ երկիրը որևէ միջուկային զենք չունի։

Ռաֆայել Գերոսսին անդրադարձավ նաև Իրանում ուրանի 60 տոկոսանոց հարստացմանը՝ պնդելով, որ այս երկիրն ունի անհրաժեշտ նյութեր մի քանի միջուկային զենք արտադրելու համար։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Իրանն իր տրամադրության տակ չունի որևէ  միջուկային զենք ։ Մենք պետք է տարբերոություն դնենք միջուկային զենք ունենալու և այդ զենք արտադրելու կարողության միջև։

 

Armenpress

ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է իրանցի գործընկերների կողմից ՀՀ բուհերում և դպրոցներում պարսկերեն դասավանդողների վերապատրաստման ծրագրի իրագործումը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությամբ կնպաստի հայ-իրանական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Այս ուղղությամբ նա հատկապես ընդգծել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին 2023-2027 տարիների համար» փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը ենթադրում է մի շարք համատեղ ծրագրեր երկու երկրների միջև տարբեր ոլորտներում:

Նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին կարևորել է տարածաշրջանային լեզուների ուսուցման շրջանակում պարսկերենի դասավանդումը ՀՀ հանրակրթական դպրոցներում:

Կողմերն անդրադարձել են նաև բարձրագույն կրթության ոլորտում անելիքներին: Առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք կմշակեն նաև ճանապարհային քարտեզ՝ միջբուհական համագործակցությունը զարգացնելու նպատակով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրանցի գործընկերների կողմից ՀՀ բուհերում և դպրոցներում պարսկերեն դասավանդողների վերապատրաստման ծրագրի իրագործումը:

Հանդիպմանը քննարկվել են նաև գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հնարավոր համագործակցությունը՝ փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում:

Հանդիպմանը անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

 

Mamul.am

«Սա անընդունելի է». Ռոբերտ Մենենդես

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը. «Խորապես մտահոգված ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր զազրելի պահվածքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության մուտքի արգելքին և ԿԽՄԿ-ի գործունեությունը խաթարելուն: Սա անընդունելի է»,- գրել է նա՝ սոցկայքի իր էջում:

 

News.am

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Լեռնային Ղարաբաղ «մարդասիրական օգնության» ուղարկման մասին

 

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղ «մարդասիրական օգնության» ուղարկման մասին։

Ըստ haqqin.az-ի՝ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը «մարդասիրական օգնություն է ուղարկում Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայ մարդկանց»։ Ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանը հայտնել է, որ Բաքվից երկու մեքենա է ուղարկվել։

Նրա խոսքով՝ «հումանիտար բեռներով» ավտոշարասյունը կշարժվի Ակնայով (Աղդամ) անցնող ճանապարհով։

«Նախնական փուլում նախատեսվում է մատակարարել 40 տոննա ալյուրի արտադրանք։ Իհարկե, կտրամադրվեն նաև պարագաներ, վրաններ, տեխնիկական միջոցներ մեր աշխատակիցների գործունեության համար։ Մենք ուշադիր հետեւելու ենք այնտեղ տեղի ունեցող գործընթացներին։ Կարծում եմ, որ այս քայլը դրականորեն կընդունվի թե՛ հանրության, թե՛ միջազգային հանրության, թե՛ Խանքենդիում բնակվող ազգությամբ հայ բնակչության կողմից (այսպես Ադրբեջանում անվանում են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը – խմբ.)»,- ասաց Ասլանը։ Նա նշել է, որ «անհրաժեշտության դեպքում կարող է կրկին օգնություն ուղարկվել»։

Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում ավելի քան 6 ժամ նիստից հետո միասնական որոշման հնարավոր չի եղել գալ, սակայն «հացի խնդիրը մի քանի օրվա ընթացքում կլուծվի»։

Ավելի վաղ Արցախում բացառում էին Ակնայով անցնող ճանապարհի օգտագործման հնարավորությունը: Անգամ արցախցիները բետոնե պատնեշներով փակել էին Ակնայի եկող ճանապարհը:

Մինչդեռ Բաքուն խուլ է մնում Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին

 

Armenpress

Մակրոնը մտադիր է Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել Լաչինում ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն առաջիկա օրերին քննարկելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա նաև հանդես է գալու նոր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ՝ ԼՂ-ում հակամարտությունը կարգավորելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է` ելույթ ունենալով հանրապետության դեսպանների կոնֆերանսում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի (նախկին Twitter) պաշտոնական էջում:

«Այս շաբաթ ես կխոսեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք պահանջելու ենք լիարժեքորեն պահպանել Լաչինի մարդասիրական միջանցքի կենսագործունեության պայմանները։ Այս ուղղությամբ մենք միջազգային մակարդակով կրկին հանդես կգանք դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը»,-ասել է Ֆրանսիայի նախագահը

 

 

Armenpress

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ԼՂ մեկնելու պատրաստակամություն է հայտնել

 Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Նա նշել է, որ վերահաստատում է իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու համար մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների հաղթահարման գործում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել Եվրոպայի Խորհրդի կայքէջում:

«2022 թվականի դեկտեմբերից` Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո, ես շարունակում եմ լրջորեն մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և այնտեղի բնակչության իրավունքների խնդրով։ Ես կրկնում եմ այդ ճանապարհով ազատ տեղաշարժը վերականգնելու իմ նախկինում արված կոչը»,- նշել է Միյատովիչը։

Նրա խոսքով` չնայած իր և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին, հաղորդվում է, որ տարածքում հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներն ավելի են վատթարացել։ Միյատովիչը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը հատկապես ազդում է առավել խոցելի մարդկանց վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի հասանելիության, ինչպես նաև շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ»,- ասել է նա։

Միյատովիչի խոսքով` համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և պետք է երաշխավորվի մարդասիրական օգնություն տրամադրողների անվտանգ ու ազատ տեղաշարժը։

«Ինչպես նշված է 2021 թվականի իմ հուշագրում, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է նա: