Մամուլի տեսություն, 30.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205270-Մամուլի_տեսություն_30.08.2023
Իրանը հայտարարել է, որ հաղթահարել է նավթամթերքի որակի բարելավման ոլորտում պատժամիջոցները և փորձում է մուտք գործել տեխնիկաինժեներական ծառայությունների արտահանման դաշտ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2023 13:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն, 30.08.2023

Իրանը հայտարարել է, որ հաղթահարել է նավթամթերքի որակի բարելավման ոլորտում պատժամիջոցները և փորձում է մուտք գործել տեխնիկաինժեներական ծառայությունների արտահանման դաշտ։


Քեյհան
Նավթամթերքի որակի բարելավման ոլորտում պատժամիջոցների հաղթահարումն Իրանի կողմից

Իրանի նավթամթերքների վերամշակման և բաշխման ազգային ընկերության գործադիր տնօրենն հայտնել է. «Մենք հաղթահարել ենք նավթամթերքի որակի բարելավման ոլորտում պատժամիջոցները և կարող ենք մուտք գործել տեխնիկաինժեներական ծառայությունների արտահանման դաշտ։

Նախօրեին Ջալիլ Սալարին մազութի որակի բարելավման և կոքսի արտադրության նախագծի բացման միջոցառման ժամանակ մազութի որակի բարելավումը համարել է նավթավերամշակման արդյունաբերության գլխավոր մարտահրավերներից մեկը՝ հավելելով. Կոքսի արտադրության գործընթացի տեխնիկական գիտելիքը ձեռք բերելու նպատակով, որոշում է կայացվել «Նավթի արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի» աջակցությամբ տեղայնացնել այս ապրանքի տեխնիկական գիտելիքները։ Բարեբախտաբար, «Շազանդի նավթավերամշակման գործարանի» և «Նավթի արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի» համագործակցությամբ մեզ հաջողվեց տեղայնացնել կոքսի արտադրման տեխնիկական գիտելիքները և համալրել այս ոլորտում արժեքային շղթան:


Ջավան
Իրանի դիմակայումը ընդդեմ Արևմուտքի միակողմանիության՝ BRICS-ի եւ Շանհայի կազմակերպության միջոցով

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ի պատասխան Ռաշաթուդեյի լրագրող հարցին, անդրադարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության կարևոր դերակատարությանը հատկապես տնտեսական և անվտանգության հարցերում, և խիստ կարևորել է ուշադրությունը Իրանի Իսլամական Հանրապետության բարձր ներուժը և Շանհայի կազմակերպության անդամ և Ասիական մայրցամաքի երկրների ենթակառուցվածքների հետ կապը։ Մերժելով այն մոտեցումը, որ խնդիրների լուծումը կախված է արևմուտքցիների ժպիտից, Ռաիսին նշել է, որ մենք երբեք չենք սպասի նրանց ժպիտներին. Արևմուտքի։ «BRICS –ի և Շանհայան կազմակերպության պես դաշինքներըլավ հնարավորություն է Իրանի տնտեսական ներուժի բարգավաճման, ինչպես նաև Արևմուտքի միակողմանիությանը դիմակայելու  համար։ Անշուշտ, իր առանձնահատուկ ներուժով Իրանի տնտեսությունը կբարգավաճի խոշոր տնտեսությունների կողքին՝ այս դաշինքների հետ երկկողմանի փոխգործակցության շնորհիվ, միևնույն ժամանակ պատժամիջոցների վերացման հարցը դեռ մեր օրակարգից չի հանվել». Ասել է նա։

 

Վաթան էմրուզ
Եվրոպան՝ բանտարկյալների բնօրան

Euronews-ի փոխանցմամբ,  ավելի քան 2 հազար բանտարկյալ ստիպված է քնել հատակի վրա։ 

Ֆրանսիայի արդարադատության նախարարն ասել է, որ այս երկրի ոստիկանության կողմից 17-ամյա ֆրանսիացի դեռահասի սպանության դեմ վերջին բողոքի ակցիաների կապակցությամբ դատարանում շուրջ 2000 մարդ է դատապարտվել, որոնցից 1800-ը դատապարտվել են ազատազրկման, ինչը վկայում է այս երկրի ցուցարարների նկատմամբ Ֆրանսիայի իշխանությունների կոշտ վերաբերմունքի մասին ։

Նախօրեին Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն Մորետին հայտարարել է, որ շուրջ 2000 մարդ դատապարտվել է այս երկրում համատարած անկարգությունների հետ կապված, որոնք սկսվել են ֆրանսիական ոստիկանության կողմից 17-ամյա դեռահասի սպանության հետևանքով։

 

Armenpress.am
Հրատապ օգնություն Լեռնային Ղարաբաղին․ Փարիզի քաղաքապետն անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ նշելով, որ այդ իրավիճակում հրատապ օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին։
«Հայաստանում ենք Փարիզի և այլ համայնքների կողմից ընտրված պաշտոնատար անձանց հետ։ Արցախի 120 հազար բնակչությունը՝ ներառյալ 30 հազար երեխաներ, 9 ամիս մեկուսացված են, սովի են մատնված ու զրկված են ամեն ինչից։ Այս հումանիտար աղետի հետ կապված՝ մենք նրանց հրատապ օգնություն ենք ցուցաբերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Իդալգոն։
Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Ֆրանսիայի մայրաքաղաքի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների հատկացրած հումանիտար օգնությամբ բեռնված 10 բեռնատարների շարասյունը, որն օգոստոսի 30-ին Երևանից ուղևորվել է դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս։

 

News.am
Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու հստակ որոշում կա. Արցախի խորհրդարանի նախագահ

Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու և այն չօգտագործելու հստակ որոշում կա։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Նրա խոսքով՝ այնտեղ կա և՛ ռուս խաղաղապահների, և՛ Արցախի ՆԳՆ ուժերի անցակետ։
«Մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։ Արցախից Հայաստան և հակառակ ճանապարհով պետք է վերականգնվի և ապահովվի անխափան երթեւեկությունը։ Այս մասին նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մենք ունենք Լաչինի միջանցք հասկացությունը, և մենք չպետք է երկրորդ միջանցք ֆիքսենք»,- ասաց պաշտոնյան։
Նա պարզաբանեց, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Արցախում քննարկումներ են եղել, որոնց արդյունքում իշխանությունները եկել են այն եզրակացության, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի շահագործումը մի շարք պատճառներով անընդունելի է։

 

Panorama.am
Անցյալ երկու տարիներին Արցախի և ՀՀ խորհրդարանների միջև հարաբերություններ գրեթե չկային. Իշխանյան

«Գաղտնիք չէ իմ կուսակցության վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, գաղտնիք  չէ նաև մեր կուսակցության մոտեցումները  մեր պետական ինստիտուտներին, այս պարագայում հարցը պետք է դիտարկել Արցախի ԱԺ-ի ներկայացուցչի և Հայաստանի ԱԺ-ի հետ ունենալիք հարաբերությունների մեջ»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր հարաբերությունները ՀՀ ԱԺ նախագահի հետ։
Նա ընդգծեց, որ միշտ էլ կողմ է եղել ինստիտուցիոնալ հարաբերություններին։
«Այն հարաբերությունների դաշտը, որ հիմա ձևավորված է Արցախի ԱԺ-ի և Հայաստանի ԱԺ-ի միջև, անընդունելի է։ Անցյալ երկու տարիներին միջխորհրադարանական  հարաբերություններ Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև գրեթե չկար, բավարար չէր։ Այդ ամենը բավարար մակարդակի բարձրացնելու համար Ալեն Սիմոնյանի՝ ինձ ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքն առաջին քայլն էր, որ մենք վերականգնենք այդ հարաբերությունները։ Այդ հարաբերություններն որևէ անհատական հարաբերությունների կոնտեքստում չպետք է դիտարկել։ Զուտ ինստիտուցիոնալ, որ Արցախի և Հայաստանի միջև հարաբերությունները բոլոր գերատեսչությունների, բոլոր պետական ինտսիտուների մակարդակով պետք է վերականգնել»,- ասաց Դ. Իշխանյանը։
Արցախի Ազգային ժողովի նախագահն ասաց, որ անցած 2-2,5 տարիների ընթացքում ականատես են եղել Հայաստանն ինչպես էր հեռանում իրենցից։
«Մենք ունենք անելիք։ Չպետք է թույլ տանք, որ Հայաստանը մեզանից հեռանա։ Չպետք է թույլ տանք բոլոր այն շահագրգիռ կողմերին, որոնք կազմաքանդում են այն քաղաքական հարաբերությունները, որոնք ձևավորված էր Արցախի ու Հայաստանի միջև։ Այս պարագայում կարևոր է, որպեսզի խորհրդարանների մակարդակով մենք ունենանք այդ հարաբերությունները»,- ասաց Իշխանյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանն իր անվտանգային երաշխավորի դերը զիջել է կամ գրեթե չկա, զրոյացված է։
«Ռուս խաղաղապահներն են այստեղ։ Գիտենք՝ ինչ կազմ ունեն, ինչպիսի դերակատարում ունի այդ առաքելությունը։  Անշուշտ,  մեր հիմնական անվտանգության երաշխիքը որպես այդպիսին մնում է Արցախի պաշտպանության բանակը»,- ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

 

 

Tert.am
Քննարկման փուլում է հայկական ապրանքներն Իրանի տարածքով արաբական երկրներ ու Հնդկաստան արտահանելու տարբերակը


Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական համագործակցությանը, ազատ տնտեսական գոտիների աշխատանքին, ապրանքաշրջանառության տեմպերին, ինչպես նաև երկու երկրների միջև իրականացվող կարևոր լոգիստիկ ծրագրերին։ 
Վերջերս Հայաստան էր ժամանել Իրանի նախագահի խորհրդական, ԻՀՀ ազատ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Երևանում բացված ցուցահանդեսի շրջանակում Իրանի յոթ ազատ առևտրի գոտիների 60 իրանական և 50 հայկական ընկերություններ երեք օր շարունակ ներկայացրին արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքները՝ հիմք ստեղծելով ավելի արդյունավետ ու փոխշահավետ համագործակցության համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Կոստանյանը տեղեկացրեց, որ Իրանում նախատեսվում է կառուցել ևս ութ ազատ տնտեսական գոտի, որոնց ընդհանուր քանակը հասցվելու է 15-ի։
«Աբդոլմալեքիի այցի հիմնական նպատակը Հայաստանի տնտեսվարողներին Իրանի տնտեսական գոտիների հնարավորությունների և դրանցում գրանցված ընկերությունների հետ ծանոթացնելն էր։ Քանի որ Իրանը լավ փորձ ունի ազատ տնտեսական գոտիների կառավարման գործում, հետևաբար փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող է այդ փորձը օգտակար լինել մեր երկրի համար։ Պատահական չէ, որ իրանական կողմի հետ քննարկել ենք համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր»,- ասաց Իրանում ՀՀ-ի առևտրային կցորդը։
Անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության դինամիկային՝ Կոստանյանը նշեց, որ անցյալ տարի ծավալը հասցվել էր 714 միլիոն դոլարի։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ գրանցվել է շուրջ 13 տոկոսի աճ, ինչը վկայում է այն մասին, որ դինամիկայի դրական տեմպը պահպանվում է։ Երկուստեք հանդիպումները շատ կարևոր են այն առումով, որ շահագրգիռ կողմերը փնտրում են նոր հնարավորություններ՝ առևտրաշրջանառությունն ավելի մեծ ծավալներով զարգացնելու համար, և, որպես առաջին քայլ, ծրագրված է այն հասցնել մեկ միլիարդ դոլարի, իսկ հետագայում՝ երեք միլիարդ դոլարի։
«Հիմա մենք ուսումնասիրում ենք, թե որքան չօգտագործված ներուժ և հնարավորություններ կան, որպեսզի դրանք նույնպես ի նպաստ բերենք երկկողմ համագործակցությանը։ Մյուս կողմից մեր հարևան երկիրը տակավին պատժամիջոցների տակ է, ուստի, տնտեսական քաղաքականություն իրականացնելիս, անպայման հաշվի ենք առնում նաև այդ հանգամանքը։ Իրանը պետականորեն աջակցում և պաշտպանում է իր տնտեսության մեջ ներդրում կատարող ընկերություններին, թեև հայ գործընկերների համար մի փոքր բարդություններ են առաջանում իրանական շուկա մուտք գործելու առումով։ Դրա համար շատ կարևոր են գործարար շրջանակների անմիջական հանդիպումները, որոնց ընթացքում փորձում են հնարավորինս արագ լուծել տեխնիկական և ընթացակարգային հարցերը, պարզել այն ուղղությունները, որտեղ մեր արտադրողները կարող են իրացնել իրենց տեսականին։ Իրանական կողմը շատ լավ գիտակցում է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, ինչն էլ համատեղ լայն ծրագրեր իրականացնելու և արտադրություններ հիմնելու հնարավորություն է ընձեռում»,- ասաց մեր զրուցակիցը։