Մեկնաբանություն - BRICS-ը և նոր բևեռացում միջազգային համակարգի մակարդակով
BRICS խմբին 6 նոր երկրների միանալով՝ 11 երկրներից կազմված այս խումբը համաշխարհային մակարդակով նոր բևեռացում կստեղծի։
BRICS-ի 15-րդ գագաթնաժողովն անցյալ շաբաթ անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում: Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի և Հնդկաստանի ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսում Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը հայտնեց Իրանի, Արգենտինայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եթովպիայի BRICS խմբին միանալու մասին։ 6 նոր անդամները 2024 թվականի սկզբին պաշտոնապաես կդառնան BRICS խմբի լիիրավ անդամներ։ Այս իրադարձության ֆոնին համաշխարհային մակարդակում տարբեր վերլուծություններ են կատարվել BRICS-ի դիրքորոշման վերաբերյալ։
Վերլուծություններից մեկն այն է, որ 6 նոր երկրների միանալով, որոնցից յուրաքանչյուրը տնտեսական և քաղաքական մեծ նշանակություն ունի, BRICS խումբը կարող է նոր բևեռացում ստեղծել համաշխարհային համակարգի մակարդակով։ Նման տեսակետի հիմնական պատճառն այն է, որ BRICS-ի հին ու նոր անդամները մի կողմից մեծ բաժին ունեն համաշխարհային տնտեսության մեջ, մյուս կողմից դեմ են համաշխարհային համակարգում միակողմանի քաղաքական կարգին։ Բրազիլիայի FGV Direito SP համալսարանի միջազգային իրավունքի փորձագետ Սալեմ Նասերը ասում է, որ BRICS-ին միանալու հայտերը ցույց են տալիս, որ մշտական փոփոխություններ են տեղի ունենում ուժերի գլոբալ հավասարակշռության մեջ: BRICS-ը տնտեսական և քաղաքական ուժի նոր բևեռ է, որը մրցելու է Հյուսիսային Ամերիկայի հեգեմոնիայի հետ։
BRICS-ի անդամները՝ ինչպես նախկին, այնպես էլ նոր անդամները, կարող են համաշխարհային մակարդակով տնտեսական ոլորտում կարևոր որոշումներ կայացնել։ Այս ազդեցությունը հատկապես մեծ կլինի էներգետիկայի ոլորտում, քանի որ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը և ԱՄԷ-ն աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանող երկրներից են։ Էներգետիկայի ոլորտում այս երկրների ընդհանուր մոտեցումը կարող է բազմաթիվ հետևանքներ ունենալ արևմտյան երկրների համար և ազդել նաև համաշխարհային տնտեսության վրա։ Նաև BRICS-ի ընդլայնումը կմեծացնի այս խմբի մասնաբաժինը համաշխարհային արտահանման ոլորտում՝ 20,2%-ից հասցնելով 25,1%: «Goldman Sachs» գլոբալ բանկային խումբը կարծում է, որ մինչև 2050 թվականը BRICS-ի երկրների տնտեսությունը կմրցակցի աշխարհի ամենահարուստ երկրների տնտեսությունների հետ։
Մյուս կարևոր կետն այն է, որ BRICS-ը կարող է լուրջ մրցակից լինել Մեծ յոթնյակի համար, որի անդամ երկրներն են ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և Բրիտանիան: BRICS խմբին 6 նոր երկրների միանալով՝ ռուսական լրատվական գործակալությունները վիճակագրական վերլուծության մեջ գրել են,-«Ընդլայնված BRICS-ի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գնողունակության համարժեքության առումով կկազմի մոտավորապես 65 տրլն դոլար»։ Այսպիսով համաշխարհային ՀՆԱ-ում այս խմբի տեսակարար կշիռը ներկայիս 31,5%-ից կհասնի 37%-ի։ Մինչդեռ Յոթնյակի խմբի զարգացած տնտեսությունների մասնաբաժինը ներկայումս կազմում է շուրջ 29,9%: Ի դեպ BRICS խմբի 11 երկրները կունենան 48,5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է աշխարհի տարածքի 36%-ը, և այս ցուցանիշը կրկնակի գերազանցում է Յոթնյակի խմբի աշխարհում զբաղեցրած տարածքը։ Նրանց ընդհանուր բնակչությունը կկազմի 3 միլիարդ 600 միլիոն մարդ,այսինքն ամբողջ աշխարհի բնակչության 45%-ը, ընդորում ավելի քան չորս անգամ կգերազանցի Մեծ յոթնյակի խմբի բնակչության թիվը: