Մամուլի տեսություն 1.09. 2023 թ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205388-Մամուլի_տեսություն_1.09._2023_թ
Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի նախարարն Հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով պատժամիջոցների դեմ պայքարում Իրանի հաջողությանը,  ընդգծել է, որ Իրանի տնտեսությունը շրջափակելու քաղաքականությունը ձախողվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2023 14:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 1.09. 2023 թ

Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի նախարարն Հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով պատժամիջոցների դեմ պայքարում Իրանի հաջողությանը,  ընդգծել է, որ Իրանի տնտեսությունը շրջափակելու քաղաքականությունը ձախողվել է։

Իրան

Իրանի տնտեսությունը շրջափակելու քաղաքականությունը ձախողվել է

Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի նախարար դոկտոր Խանդոզին KHAMENEI.IR լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ մենք հետևում ենք թողել 2018 թվականից մեզ պարտադրված երկրի տնտեսության կառավարման ամենադժվարին ժամանակահատվածը, երբ ամեն ամիս սպասում էին մեր տնտեսության փլուզմանը։

Նա հավելել է, որ այսօր հակառակորդը լիակատար հուսահատության մեջ է։ Բացի ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներից, Իրանի տնտեսությունը գրեթե ամենաբաց ժամանակներն է ապրում թե' տարածաշրջանում ու հարևանների երկրների հետ շփումներում,  թե' միջազգային հարաբերություններում, իսկ մեկուսացման և շրջափակման քաղաքականությունը ձախողվել է, և մենք անցել ենք դժվարին ոլորտները։

Խանդոզին նաև ասել է, որ Իրանի անդամակցությունը Շանհայան կազմակերպությանն ու  BRICS-ին կկրկնապատկի այդ ուղղությամբ երկրի շարժման արագության տեմպերը։։

 

 

Էթեմադ

Ըստ Reuters-ի հարցմանը,  Իրանն է ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանման աճի պատճառը

Reuters-ի հարցումը ցույց է տվել, որ  չնայած օգոստոսին Սաուդյան Արաբիայի կողմից արդյունահանման լրացուցիչ կրճատմանը, ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանումը  աճել է Իրանի կողմից արդյունահանման զգալի աճի շնորհիվ։

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն օգոստոսին արդյունահանել է օրական 27,56 մլն բարել նավթ, ինչը հուլիս ամսվա համեմատ օրական ավելացել է 220 հազար բարելով, և փետրվարից ի վեր դա եղել է խմբի արդյունահանման առաջին ամսական աճը։

 

 

Դոնյայե Էղթեսադ

Որքա՞ն կհարատևի դոլարի գերիշխանությունը

Համաշխարհային տնտեսությունը կանգնած է դոլարի գերակայության և միաբևեռ արտարժութային համակարգ կոչվող երեւույթի առաջ։

Մի կողմից դոլարի տեսակարար կշիռը որպես փոխանակման միջոց շատ ավելի դուրս է ամերիկյան տնտեսությունից, իսկ մյուս կողմից՝ այս երկիրը դոլարն օգտագործում է որպես տնտեսական ու քաղաքական իշխանություն իրականացնելու գործիք։

Շատ երկրներ փորձում են վերջ դնել այս հեգեմոնիային, սակայն տնտեսագետների վերլուծությունները ապագան առանց դոլարի աներևակայելի են համարում առնվազն ևս 70 տարի։

 

 

Ջամե ջամ

Ամիր Աբդուլլահյանի հանդիպումը դիմադրության խմբերի ղեկավարների հետ

Բեյրութ կատարած իր այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը, դռնփակ նիստում՝ առանց լրատվամիջոցների ներկայության, հանդիպել է պաղեստինյան դիմադրության խմբերի, այդ թվում ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինյան Իսլամական Ջիհադ կազմակերպության առաջնորդների հետ:

Հանդիպման ժամանակ պաղեստինյան խմբավորումների առաջնորդներն ընդգծել են դիմադրության նկատմամբ նվիրվածությանը՝ որպես պաղեստինյան ժողովրդի ռազմավարական տարբերակ։

Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը երբեք չի հրաժարվի պաղեստինցիների լուծման տարբերակներից և կշարունակի աջակցել Գազայի դիմադրությանը։

 

 

Armenpress

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո: 

Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակել է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենքեր, ականանետ, ԱԹՍ։ Ավելի ուշ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակել Նորաբակի  հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր հայկական կողմից 2 զոհի և 1 վիրավորի մասին։ 

 

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի ուղղությամբ հերթական սադրանքին։

«Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին: Դա ուղղակի վնաս է խաղաղ բանակցությունների շարունակվող գործընթացին ու ներկայիս դրությամբ Ադրբեջանի բոլոր պարտավորությունների խախտում»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այդ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար:

 

Panorama.am

Գերագույն հոգևոր խորհուրդ. Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշում

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. 

«Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը, արձանագրում է, որ հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է:

Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև` Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածքները բռնազավթելու, էթնիկ հայկական ինքնության հետքերն ու ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով կազմաքանդել հայոց պետականությունը:
Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում Արցախի շրջափակումը, այլև շարունակում է իրականացնել  ցեղասպան իր քաղաքականությունը` թշնամանքի ու բռնության նորանոր դրսևորումներով:
Ադրբեջանի պետական և հանրային ողջ քարոզչամեքենան լծված է հակապատմագիտական թեզերի միջոցով հանրային լայն հարթակներում հայոց պետականության և ողջ հայության դեմ կեղծ ու հերյուրածին տեղեկությունների տարածմանը:

Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը: Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում և բացարձակապես չի համապատասխանում մեր ժողովրդի հավաքական սպասումներին ու ազգային շահերին։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` անսակարկելի են, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի:

Գերագույն Հոգևոր Խորհուրդը, բարձր է գնահատում Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային կառույցների ներդրած ջանքերը: Այսուհանդերձ, Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների կողմից իրականացվող քայլերն ու նախաձեռնությունները, ցավոք, շարունակում են մնալ  անհամարժեք։

Հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահվերների հաղթահարման համար ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհամախմբեն ազգային, քաղաքական և հասարակական կառույցների ողջ ներուժն ու կարողությունները` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Հայրենիքն ամենքինս է, հայոց պետականությունը` սրբազան մասունքը յուրաքանչյուր հայի:

Արցախի Հանրապետության տոնին` սեպտեմբերի 2-ին ընդառաջ, Գերագույն Հոգևոր Խորհուրդն իր զորակցությունն է բերում Արցախի քաջարի ժողովրդին` հայրենի երկրում ազատ, անկախ ու արժանապատիվ կյանքի համար հերոսական իր պայքարում։

Գերագույն Հոգևոր Խորհրդի կոչն է մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել  հայրենիքի համար և ամենուր մասնակից ու աջակից դառնալ Արցախի անկախության պաշտպանությանն ուղղված ծրագրերին ու միջոցառումներին:

Ամուր վստահություն ունենք, որ Աստծո և սերունդների առջև ամբողջանվեր պատասխանատվությամբ և մեր նախնյաց քաջարի ոգով ու տոկունությամբ կարող պիտի լինենք հաղթահարելու մեզ բաժին ընկած ծանրագույն մարտահրավերները:

Թող Աստված օրհնի երկիրն հայրենի և ժողովրդյանն հայոց. ամեն»։ 

 

 

News.am

Շ. Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կարտացոլի Լաչինի միջանցքի և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման հետ:

Հայտարարությունում ասվում է.

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման գործում: Նրա ջանքերը վերջին շաբաթների ընթացքում, որոնց աջակցում էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որպես առաջնահերթություն կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի լուծման վրա:

Տոյվո Կլաարը և նախագահ Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաշրջափակման համար լուծում մշակելու համար։

Ներկայիս հումանիտար իրավիճակը տեղում արագորեն վատանում է. հրամայական է քայլեր ձեռնարկել՝ ուղղված տեղական բնակչության կարիքներին:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը։

Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքը:

ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին համաձայնագրերի և ՄՔԴ-ի որոշման, և նշում է, որ Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարումների համար կարող է նաև լինել հրատապ և հիմնական կարիքների ամենօրյա ապահովման կոնկրետ և կայուն լուծման մաս:

Այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո։

ԵՄ կողմը նաև ընդգծել է անհրաժեշտությունը, որ Բաքուն պետք է պարզաբանի Ղարաբաղի հայերին Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Ղարաբաղ տեղաշարժի ընթացակարգերը:

Զուգահեռաբար, մտքերի փոխանակումները կենտրոնացել են նաև ղարաբաղցի հայերին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման վրա:

Բացի ընթացիկ իրավիճակից, ԵՄ կողմը շեշտել է հակամարտության ժառանգությունը հասցեագրելու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծումը հեշտացնելու համար:

Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունն այս առումով էական կլինի։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ եղանակների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ։

Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը վստահության և վստահության ամրապնդման կարիք ունի։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելուն տեղում ներգրավվելու համար:

Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղում գտնվող բոլոր բնակչության։ Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը, նաև այսօրվա էսկալացիայի լույսի ներքո:

ԵՄ-ն ներգրավված է եղել այլ միջազգային դերակատարների հետ այդ ջանքերում կանոնավոր անձնական շփումների և կարծիքների փոխանակման միջոցով, թե ինչպես լավագույնս լուծել ներկա անկայուն իրավիճակը: