Մամուլի տեսություն 02.09.2023
Իրանի Իսլամական Հանրապետությունը չեզոքացրել է հրթիռային արդյունաբերությունում սիոնիստական լրտեսական ծառայության (Մոսադ) դիվերսիոն ծրագիրը՝ իրականացնելով հետախուզական և անվտանգային ամենաբարդ գործողություններից մեկը։
Ջավան
Մոսադի արդյունաբերական գծով դիվերսանտները Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության լարած թակարդում
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության հետախուզական պաշտպանության կազմակերպության պաշտոնյաներից մեկը հինգշաբթի օրը հայտնել է, «Հաշվի առնելով ԻԻՀ հրթիռային ուժի ռազմավարական ազդեցությունը Իրանի ժողովրդի երդվյալ թշնամիների սպառնալիքների չեզոքացման գործում, հրթիռային արդյունաբերությունը մշտապես եղել է լրտեսական ծառայությունների դիվերսիոն թիրախներից մեկը»:
Անդրադառնալով անհրաժեշտ տարբեր տեսակի ու տարբեր հեռահարություններով համակարգերի ու հրթիռների նախագծման և արտադրության ոլորտում Իրանի ինքնաբավությանը, վերջին տարիներին նախագծվել և իրականացվել են հետախուզական և անվտանգային բազմաշերտ նախագծեր՝ պահեստամասեր գնելու քողի ներքո՝ հակառակորդի ծառայություններին խաբելու նպատակով:
Ջամեջամ
Նիկի Հեյլի. ԱՄՆ Սենատը ծերանոց է
Այն բանից հետո, երբ Սենատի փոքրամասնության՝ հանրապետականների առաջնորդի աչքերն ու ծնոտը անշարժացավ հանրության աչքի առջև, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին մի հարցազրույցում պահանջել է այս երկրի հին քաղաքական գործիչների նկատմամբ «մտավոր ունակությունների հետազոտություն» անցկացնել: Նա ԱՄՆ-ի Սենատը անվանել է «առաջատար ծերանոց»։
Վաթան էմրուզ
Արևմուտքի մղձավանջի իրականացումը Աֆրիկայում
Բուրկինա Ֆասոն, Մալին, Նիգերը և այժմ Գաբոնը դարձել են Արևմուտքի, հատկապես Ֆրանսիայի գաղութատիրական ռազմավարության ձախողումը բացահայտող կետերը Աֆրիկայում։ Անկախ նշված երկրներում իրականացված հեղաշրջումների բնույթից, արևմտյան պաշտոնյաների միտքն այժմ կենտրոնացած է ավելի մեծ խնդրի վրա՝ փոխելու հիպերտեքստերը Աֆրիկայում։ Սպիտակ տան, Դաունինգ Սթրիթի 10-ի և Ելիսեյան պալատի կողմից կազմված ու արված ճոխ հայտարարություններից զատ, կա չասված, բայց ավելի մեծ ու շոշափելի մտահոգություն Աֆրիկայում Արևմուտքի խաղի կանոններն ու դաշտը փոխելու վերաբերյալ: Ֆրանկոյի գաղութատիրության ժամանակ արևմտյան դերակատարները, չփոխելով իրենց միջամտողական ու գերիշխելու խաղի բնույթը, պարզապես փոխեցին իրենց գաղութատիրության կանոնները և դրան նոր գույն ու երանգ հաղորդեցին, բայց Աֆրիկայում վերջին զարգացումները թիրախավորել են Արևմուտքի խաղադաշտը (և թե ոչ նրանց խաղի կանոնները):
Քեյհան
Սիոնիստական ռեժիմի բանակում «զենքի գողության» ճգնաժամը
Սիոնիստական բանակից սպառազինության և ռազմական տեխնիկայի լայնածավալ հափշտակումները վերածվել են ճգնաժամի, և այս ճգնաժամը հստակ նշան է այն բանի, որ օկուպացիոն բանակը նույնիսկ սեփական տեխնիկան պահպանելու և խնամելու կարողություն չունի, էլ ուր մնաց, որ այս բանակը կարողանա մտնել լիարժեք պատերազմի ու առճակատման դաշտ:
Անցած հինգշաբթի ժամը 12:00-ին Սիոնիստական ռեժիմի մի քանի զինվորներ ննջում էին գնդացիրով զզինված մեքենայում, արթնանալուց հետո հասկացան, որ իրենց ռազմական պիկապի զինամթերքը գողացել են։ Հաստատելով այս լուրը՝ Սիոնիստական ռեժիմի 14-րդ ալիքը հայտնել է, որ այս գնդացիրը գողացել են «Թազլիմ» ռազմաբազայից։ Լուրը բավականին տարօրինակ է, ու թեև ասվել է, որ հետաքննություն է սկսվել, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է բարձր անվտանգությամբ ու տասնյակ հսկողության տեսախցիկներով հագեցած ռազմաբազայում այս գնդացիրը գողացվել պիկապի վրայից։
News.am
Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը եւ անկարողությունը բարդել մեզ վրա․ Ալեն Սիմոնյան
Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը եւ գործողություններ իրականացնելու անկարողությունը բարդել հայկական կողմի վրա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ռուսաստանի նախագահն է ասել, որ ԼՂ-ն եղել է եւ կա Ադրբեջանի անբաժանելի մաս։ Կա նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի տակ ստորագրված է, որ Լաչինի միջանցքն Ռուսաստանի տիրապետության տակ է, հիմա հարց՝ որտե՞ղ է Լաչինի միջանցքը»,-նշեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ Ռուսաստանի պահվածքի խնդիրն այն է, որ այժմ նա բարդ պատերազմի մեջ է եւ ունի Թուրքիայից բխող բազմաթիվ տնտեսական շահեր
«Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են։ Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանն օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Իսկ մեր ասածը հետեւյալն է՝ ունեք պարտավորություններ, արեք։ Այլ ոչ թե ասեք՝ դուք բան եք հայտարարել։ Եկեք չմեղադրեք իշխանությանը որեւէ կողմ լինելու մեջ, մենք միայն հայկական շահն ենք առաջ տանում։ Այսօր ունենք իրավիճակ, երբ Հայաստանը միակ է իր խնդիրներով։ Արեւմուտքն էլ օգնում է այնքանով, որքանով իր շահերով դուրս է գալիս»- ասաց Սիմոնյանը։
Armenpress.am
Արցախի Հանրապետության օրվա առթիվ Ստեփանակերտում Հանրապետական աղոթք է կատարվել
Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հանդիսապետությամբ միասնական աղոթք է հղվել առ Աստված` Արցախի Հանրապետության պետականությունն անսասան պահելու եւ աստվածային օրհնությունը ստանալու դժվարին իրավիճակի հաղթահարման համար։
Հանրապետական աղոթքին Ներկա են գտնվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արայիկ Հարությունյանը, երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։
Այնուհետեւ միջոցառման մասնակիցներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։
Կատարվել է նաեւ հոգեհանգստյան կարգ:
News.am
Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը և ջանքերի մեկտեղումը. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻ Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ Արցախի անկախության օրվա կապակցությամբ
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի ձեռքբերումներով ամրացրին հիմերը Արցախի նորանկախ Հանրապետության։
Այսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով ենք դիմավորում Արցախի անկախության տոնը։ Արցախը վերստին կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջև։ Ադրբեջանը, հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած, շարունակում է անթաքույց իրագործել Արցախը հայաթափելու և բռնազավթելու ոճրագործ իր մտադրությունները՝ ցեղասպանական գործողությունների նորանոր դրսևորումներով: Ավելի քան ինը ամիս ապօրինաբար արգելափակված Բերձորի միջանցքը Ադրբեջանը դարձրել է գործիք իր հանցավոր նպատակների իրագործման համար՝ մեր զավակների նկատմամբ հետևողականորեն սաստկացնելով բռնաճնշումներն ու ահաբեկումները:
Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը և ջանքերի մեկտեղումը՝ հանուն Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հանուն արցախահայության ազատ ու անվտանգ կյանքի։ «Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները, քանզի, առաքյալի խոսքի համաձայն, «նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5.3-5)։
Այս հավատքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արցախի Հանրապետության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Արցախի քաջարի ժողովրդին, պետական այրերին ու Արցախի թեմի հոգևոր դասին՝ մաղթելով հավատի ու հույսի ամրություն, տոկունություն ու արիություն՝ Արցախի փրկության պայքարում։
Թող Տիրոջ սերը, օրհնությունն ու խաղաղությունը հովանի լինեն Մեր բարեսեր ժողովրդին և համայն աշխարհին»:
Panorama.am
ՊՆ. Ադրբեջանական ԶԼՄ-ներում կեղծ լուրեր են տարածում, իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ. այլ կորուստների կամ տուժածների մասին տեղեկությունները կեղծիք են»։
ՀՀ պաշտպապնության նախարարությունը նաև հաղորդում է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում»:
Armenpress.am
Հիմնազուրկ են ԼՂ-ի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով
«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,
32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հղում կատարելով ինքնորոշման իրավունքին՝ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին:
Լեռնային Ղարաբաղի հայությունն այդ ժամանակահատվածում ականատեսն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի, և անկախության հռչակագրի ընդունումը պայմանավորված էր նաև գոյաբանական սպառնալիքով:
44-օրյա պատերազմի հետևանքով այսօր էլ իրենց հայրենի բնօրրանում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցներն Ադրբեջանի քաղաքականության հետևանքով կանգնած են էթնիկ զտման ենթարկվելու սպառնալիքի առաջ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման պատճառով:
Տեղի ունեցող գործընթացների ականատեսն է նաև միջազգային հանրությունը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի թեմայով կայացած քննարկումներում ևս արձանագրվեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։ Միաժամանակ, ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել:
Մեր ակնկալիքն է, որպեսզի միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները:
Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են. հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք հիշում ենք հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսներին և գլուխ խոնարհում նրանց առջև։
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղի մեր բոլոր հայրենակիցներին, և մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը»,- ասված է ուղերձում: