Մամուլի տեսություն 05.09.2023
Իրանական մամուլի ուշադրությունը գրավել են Հայաստանի վարչապետի սկանդալային հայտարարությունները՝ կապված Երևանի ռազմավարական սխալի հետ՝ ամբողջությամբ Ռուսաստանի վրա հույս դնելու, ինչպես նաև Հարավային Կովկասից Մոսկվայի դուրս գալու կապակցությամբ։
Էթելաաթ
Հայաստան. Մոսկվային ամբողջապես ապավինելը ակնհայտ սխալ էր
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու համար միայն Ռուսաստանից կախվածությունն ու նրան ապավինելը ռազմավարական սխալ էր. Իտալական «Republica» թերթին տված հարցազրույցում Փաշինյանը հավելել է, որ անվտանգության նկատառումներով միայն Ռուսաստանի վրա հույս դնելու Երևանի քաղաքականությունը սխալ էր, քանի որ Մոսկվան ի վիճակի չէ դա անել և նվազեցնում է իր դերը տարածաշրջանում։
Նա մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ չի կարողանում երաշխավորել Հայաստանի անվտանգությունը «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի» պայմաններում: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Մոսկվան այնքան էլ Երևանին իր աջակիցը չի համարում՝ նշելով, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասի մեծ տարածաշրջանից։
Քեյհան
Աշխատուժի պակասը լրացնելու նպատակով Ուկրաինան դիմել է հոգեկան խանգարումով, ՁԻԱՀ-ով և հեպատիտով տառապող հիվանդներին
Այն իրավիճակում, երբ պատերազմը ստացել է մաշողական բնույթ, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը փոխել է զինվորական ծառայության հետ կապված նախկին պահանջները և թույլատրել է ծառայել նույնիսկ քրոնիկ և հատուկ հիվանդություններով տառապող անձանց։ Ուստի, ինչպես գրել է ABC News-ը, պարտադիր զինվորական ծառայության մեջ են ընդգրկվել նաև ՄԻԱՎ-ով, հեպատիտով և նույնիսկ հոգեկան խանգարումներով հիվանդները։
Այս պատերազմի լուրերին հետևողականորեն չհետևող բազմաթիվ մարդկանց համար, ուկրաինական պատերազմը կարող է լինել միայն Ուկրաինայի նախագահի լուսանկարների ու դիմանկարների հիշեցումը, որոնցում նա ստանձնում է փրկչի կերպարը: Բայց այս պատերազմի իրողությունները ընթանում են իրենց հունով և դառնություն են պարտադրում պատերազմից ավերված այս երկրի ժողովրդին: Այդ դառնություններից մեկն էլ այն է, որ մարդկանց ստիպում են մեկնել մի պատերազմի, որի արդյունքի մասին բան չգիտեն:
Ջավան
Աշխարհի հոգին Արբաինի հարության մեջ
Այս տարի մինչև մեկ օր մնացած Արբաինին՝ Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակին, առնվազն իրանցի ուխտավորների թիվն ավելացել է մի քանի հարյուր հազարով՝ հասնելով 4 միլիոն ուխտավորի։ Այլ երկրներից ուխտավորների ընդհանուր թիվը նույնպես գերազանցել է 20 միլիոնը։
Վաթան Էմրուզ
Իրան -Թուրքիա. Համագործակցություն մրցակցությանը զուգահեռ
Իրանի և Թուրքիայի հարևանությունը բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ է պատճառել Թեհրանի և Անկարայի հարաբերություններում։ Իրանն ու Թուրքիան գտնվում են միևնույն քաղաքակրթական համատեքստում և իրենց բազմաթիվ կրոնական ու մշակութային ընդհանրությունների պատճառով չեն կարող խուսափել միմյանցից, և մրցակցելու հետ միաժամանակ պետք է համագործակցեն միմյանց հետ։ Բացի մշակութային և կրոնական ընդհանրություններից, Իրանը և Թուրքիան նաև երկու խոշոր տնտեսական գործընկերներ են։ Այդ իսկ պատճառով այս հարաբերությունները ավելի ինտենսիվ են իրականցվում Իրանի 13-րդ շրջանի կառավարության տեսլականում, հարևանների հետ փոխգործակցության ռազմավարության համաձայն։ Իրանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 12 մլրդ դոլար, սակայն առկա հզորություններն այնպիսին են, որ երկու երկրները հնարավոր են համարում այդ ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի։ Ասիական մայրաքաղաքներից Պեկինից և Աբու Դաբիից հետո Անկարան Իրանի երրորդ առևտրային գործընկերն է։ Սա հաստատում է վերոհիշյալ այն ենթադրությունը, որ մշակութային ընդհանրություններից հետո երկու երկրների առաջնահերթությունը տնտեսական փոխգործակցությունն է։
Armenpress.am
Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու քայլի առնչությամբ
Մոսկվան պարզաբանում է խնդրել Երևանից՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու քայլի առնչությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք այս հարցում արդեն պարզաբանում ենք խնդրել հայկական կողմից և կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից», - ասել է Զախարովան։
Հայաստանի կառավարությունը Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել սեպտեմբերի 1-ին։
Հռոմի ստատուտը վավերացնելու միջոցով Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հնարավորություն է տեսնում:
Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակակելու օրդեր է տվել, ինչը նշանակում է, որ այն երկրներում, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը, ՌԴ նախագահին կարող են ձերբակելել։
Panorama.am
Կրեմլը համաձայն չէ Արցախում խաղաղապահ առաքելության ձախողման և ՌԴ-ի՝ տարածաշրջանից հեռանալու մասին Փաշինյանի հայտարարության հետ
Կրեմլը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ձախողման և տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու մասին հայտարարությանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ում խոսքը ներկայացնում են ռուսական լրատվամիջոցները։
«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, բարձր ենք գնահատում նրա և նախագահ Պուտինի աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները և հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել երկու երկրների սերտ համագործակցության երաշխիք։
Բայց մենք չենք կարող համաձայնել պարոն վարչապետի այս թեզերի հետ։
Ռուսաստանը միանգամայն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է։ Այսպիսով, նա չի կարող որևէ տեղ գնալ: Եվ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից։ Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Նրանց մեծ մասը Ռուսաստանի բացարձակ օրինակելի ու հայրենասեր քաղաքացիներ են։
Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման և հակամարտությունների կարգավորման գործում։ Եվ մենք կշարունակենք խաղալ այս դերը»,- ասել է նա։
Ըստ Պեսկովի, կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր պետությունները հավատարիմ մնան 2020 թվականի եռակողմ համաձայնագրերին։
«Իհարկե, դրանից հետո տեղի ունեցան նոր իրադարձություններ, որոնք մի փոքր փոխեցին իրավիճակը։ Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ կերպ սահմանափակել իր գործունեությունը»,- եզրափակել է Պեսկովը։
Նա այսպես է մեկնաբանել իտալական La Repubblica թերթին տված Փաշինյանի հարցազրույցը։
News.am
Զախարովան՝ Փաշինյանին. պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար
Հայաստանի վարչապետը վերջին օրերին քիչ բան չի ասել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հրաժարվելով մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին։
«Պարզապես ամփոփելով այդ բոլոր հայտարարությունները՝ ուզում եմ ասել, որ պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել եւ դա անել անընդհատ, ամեն առիթով։ Պետք է պատասխանատվություն կրել, սեփական պատասխանատվությունը, այլ ոչ թե ուրիշի ուսերին բարդել, եթե նրանք դա մեղք են համարում կամ, չգիտեմ, այդ սեփական պատասխանատվությունը դնել էլի ինչ-որ մեկի վրա։ Սրանով է քաղաքական գործիչը, պետական գործիչը տարբերվում պատահական մարդուց, որը չի մտածում իր երկրի ազգային շահերի մասին։ Եվս մեկ անգամ նշեմ. պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլապես դա մի քիչ նման է պարողի պարագային»,- ասել է Զախարովան։
News.am
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ԵՄ հանձնակատարին բացատրել է «Զանգեզուրի» եւ Միջին միջանցքների կապը
Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է զգալի ավանդ ներդնել «Միջին միջանցք – Տրանսկասպիյսկ» միջազգային տրանսպորտային երթուղու պոտենցիալի ընդլայնման գործում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
«Խոսելով «Միջին միջանցք – Տրանսկասպիյսկ» միջազգային տրանսպորտային երթուղու պոտենցիալի ընդլայնման ոլորտում Ադրբեջանի առաջադրած նախաձեռնությունների մասին՝ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, այդ թվում Զանգեզուրի միջանցքի բացումը, կարող է զգալի ավանդ ներդնել այդ գործընթացում»,- մեջբերել է ԶԼՄ-ն։
Հիշեցնենք, որ Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։