Մամուլի տեսություն, 15.09.2023
«Կնասպանության» ճգնաժամը խորացել է եվրոպական խոշոր երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, Գերմանիայում և Անգլիայում՝ անհանգստության պատճառելով իշխանություններին։
Ջավան
«Կնասպանության» ճգնաժամը Եվրոպայում. Ինչու՞ կանանց ձայները չեն լսվում:
«Կնասպանության» ճգնաժամը խորացել է եվրոպական խոշոր երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, Գերմանիայում և Անգլիայում, այնպես որ նշված երկրներից յուրաքանչյուրում տարեկան սպանվում է ավելի քան 100 կին իրենց ամուսինների, նախկին զուգընկերոջ կամ հարազատների կողմից:
Չնայած արևմտյան լրատվամիջոցների կողից բացասական քարոզչությանն ու մթնոլորտի ձևավորմանը՝ ոչ արևմտյան երկրներում «կնասպանության» չարաբաստիկ երևույթի աճող տեմպերի մասին, վիճակագրությունը բացահայտում է մեկ այլ իրողություն, առ այն, որ հենց Եվրոպայում է էականորեն խորանում այդ ճգնաժամը։
Գնահատումների համաձայն, Եվրոպայում յուրաքանչյուր յոթ կնոջից մեկը ընտանեկան բռնության է ենթարկվել ամուսնու, զուգընկերոջ կամ նախկին ամուսնու կողմից, իսկ որոշ դեպքերում էլ նրանք սպանվել են այդ հարաբերությունների պատճառով:
Իրան
ԱՄՆ մարդահամարի գործակալությունը հայտնել է Ամերիկայում աղքատների թվի աճի մասին
Ըստ USA Today կայքի՝ փորձագետները զգուշացնում են, որ այս միտումը, ներառյալ մանուկների շրջանում աղքատության մակարդակի աճը, կարող է շարունակվել, եթե ամերիկյան պետական այրերն ու քաղաքական գործիչները չկարողանան սոցիալական աջաակցության համապատասխան ծրագրերի միջոցով լուծել ընտանիքների միջև ֆինանսական ճեղքվածքը:
Այս գործակալության փոխանցմամբ՝ վերջերս հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ 2021 թվականին ամերիկացիների 7,8%-ն էր ապրում աղքատության մեջ, ինչը 2022 թվականին աճել է մինչև 12,4 տոկոսի: Սա ցույց է տալիս, որ միլիոնավոր մարդիկ ավելացել են այն մարդկանց խմբին, ովքեր ապրում են առանց նվազագույն ռեսուրսների հասանելիության՝ իրենց հիմնական կարիքները հոգալու համար:
Էթեմադ
Իրանը շարունակում է մտածել գեներալ Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելու մասին
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետախուզության և վերլուծության գրասենյակի գնահատման մեջ նշվում է, որ Իրանը դեռևս մտադիր է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ կառավարության ներկայիս և նախկին պաշտոնյաների դեմ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելու ուղղությամբ։
Շարղ
Լիբիայում ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը
Լիբիայի Կարմիր մահիկը հայտարարել է, որ Լիբիայի արևելքում գտնվող Դեռնե քաղաքում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11300-ի, իսկ որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։
Փրկարար այս խմբի գլխավոր տնօրենն ասաց, որ 10100 մարդ էլ դեռևս անհետ կորած է համարվում այս ծովափնյա քաղաքում։
Միևնույն ժամանակ, Լիբիայի Դեռնե քաղաքի իշխանությունները հինգշաբթի օրը հայտնել են, որ վերջին ջրհեղեղների հազարավոր զոհեր հողարկավորվել են զանգվածային գերեզմաններում:
News.am
Մենք ձգտում ենք, որ Հայաստանը որոշի դառնալ մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ
Մենք ձգտում ենք, որ Հայաստանը իրական որոշում կայացնի՝ դառնալու մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։
Նա այս հայտարարությունն արել է՝ արձագանքելով սենատոր Փեթ Ռիքեթսի հետեւյալ հարցին։
«ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ՌԴ-ի համար կարեւոր անվտանգային գործընկեր է եղել, այստեղ է գտնվում ՌԴ սակավաթիվ ռազմակայաններից մեկը: Հայաստանը նաեւ ՀԱՊԿ-ի անդամ է եւ Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերությունները կարեւորում է հիմնականում ԼՂ-ի անվտանգային հարցում Ռուսաստանի ունեցած դերի պատճառով: Սակայն հաշվի առնելով, որ Ռուսաստանի չցանկացավ ներգրավվել 2020-ի հակամարտությունում, Հայաստանը կարծես թե սկսել է կասկածներ ունենալ Ռուսաստանի հետ երկարամյա գործընկերության առնչությամբ եւ թեքվում է դեպի Արեւմուտք: Այս ամսվա սկզբին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանի վրա հույս դնելն այնքան էլ չի արդարացնում իրեն: Խնդիրն այն է, որ Ռուսաստանն իր սեփական բանակը զինելու խնդիր ունի։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ անվտանգային հարցերում մեկ գործընկերոջ վրա հույս դնելը ռազմավարական սխալ է:
Դրանից հետո Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինային: Այս շաբաթ Հայաստանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները: Սա հստակ անհանգստացնող նահանջ է Կրեմլի համար։ Արդյոք Հայաստանի վերջին գործողությունները պերմանենտ շրջադարձ են Ռուսաստանից, թե՞ դրանով փորձում են դրդել Մոսկվային ավելի շատ ներգրավվել Լեռնային Ղարաբաղում»,-հարցրեց սենատորը:
Armenpress.am
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ նրա կարևոր առաքելության մեջ:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Այս համատեքստում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները:
Զրուցակիցներն ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը ոլորտային բարեփոխումների իրականացման տեսանկյունից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքեր գործադրել ՀԸԳՀ կիրարկման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Քննարկվել է նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը, այս համատեքստում շեշտվել է ԵՄ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը:
Armenpress.am
Պաշտպանության նախարարը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ- ամերիկյան զորավարժության ընթացքը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է հայ-ամերիկյան զորավարժությունների ընթացքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի, 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնի և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը:
Հրավիրյալները հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին:
Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարին և հյուրերին ներկայացվել են զորավարժության կառավարման կենտրոնը, վերազինված լսարանները, որտեղ մշակվում են սցենարներն ու կայացվում են որոշումները:
Այցի ավարտին խաղաղապահ բրիգադի հրամանատարը քննարկումների սրահում ներկայացրել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ զորքերի մասնակցությունը մի շարք երկրներում խաղաղարար առաքելություն իրականացնելիս` ընդգծելով, որ այդ տեղամասերում մեծ է համագործակցությունն ամերիկյան բանակի խաղաղապահների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Panorama.am
Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան. Շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է հայարարություն, որտեղ ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ներկայացնել որպես զինծառայողների տարհանում: Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են բազմիցս:
Արցախից ռուսական խաղաղապահների կողմից տեղափոխված անձինք հայաստանյան և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև հանրապետությունում շինարարության, հանքարդյունաբերության ոլորտներում ընդգրկված ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագետներ և բանվորներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքն ու չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր»։
News.am
Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ նրանց հետ որոշենք մեր հաջորդ միջոցառումների մասին, անպայման կտեղեկացնենք լրագրողներին»,- ասել է Գալուզինը` ի պատասխան այն հարցի, թե սպասվո՞ւմ է ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը։