Սեպտեմբեր 19, 2023 17:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19. 09. 2023

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է ԱՄՆ-ի գլխավորությամբ աշխարհակարգի ավարտի մասին. Աշխարհակարգ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունք էր. Պատերազմ, որի ընթացքում զոհվել են 85 միլիոն զինվորներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ «կանայք» և «երեխաները»:

Քեյհան

Արյունալի աշխարհակարգի ավարտը

 «Նախորդ աշխարհակարգն ավարտված է», մի սխալվեք, սա քանի օր առաջ հնչեցված  ԱՄՆ գործող պետքարտուղարի խոսքերն են։ Սա երկբևեռ և միաբևեռ համակարգի վախճանի մասին պաշտոնական հայտարարությունն է, որոնք իրար հաջորդող և Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունք էին։ Պատերազմ, որի ընթացքում զոհվել են առնվազն 49 միլիոն քաղաքացիական անձիք, ներառյալ «կանայք» և «երեխաները», և առնվազն 24 միլիոն զինվորականներ, հիմնականում եվրոպացիներ, իսկ ավելի հեղինակավոր վիճակագրական տվյալների համաձայն, զոհվել է 85 միլիոն քաղաքացիական և զինվորական անձիք։ Հետաքրքիրն այն է, որ այս պատերազմում Ստալինի, Ռուզվելտի, Չերչիլի, Շառլ դը Գոլի, Չիանգ Կայ Շեկի նման մարդիկ, որոնք աշխարհի քարոզչական քաղաքական մշակույթում կոչվում են «իմաստուն առաջնորդներ», եղել են բյուրավոր զոհեր ունեցող պատերազմի հիմնական կողմը, այն պատերազմի, որը տևեց վեց տարի՝ 1939 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1945 թվականի սեպտեմբերի 2-ը: Նոր աշխարհակարգը ստեղծվել է հենց այս անձանց կողմից 1947 թվականին, և դրա ամենամեծ խորհրդանիշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էր:

 

Իրան

«Էկոնոմիստ»-ի մեկնաբանությունը բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, որտեղ Իսլամական Հանրապետությունը ավելի բարձր դիրքերից է հանդես գալիս

The Economist շաբաթաթերթը Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման համաձայնագրի մասին վերլուծության մեջ գրել է, որ ներկայումս Իսլամական Հանրապետությունն ունի առավելություն, և դիվանագիտական ​​այս «ապշեցուցիչ» գործողությունը կարող է նվազեցնել լարվածությունը:

Հոդվածի շարունակության մեջ The Economist-ը գրել է. «Թեև դիտորդներից քչերն են կարծում, որ այս գործողությունները քայլ են դեպի ավելի լայն համաձայնագիր՝ ՀԳՀԾ-ի վերականգնման համար, այնուամենայնիվ, նախօրեին ձեռք բերված համաձայնագիրը համարվում է նախագահ Ռայիսիի կառավարության դիվանագիտական ​​ապշեցուցիչ գրոհը»։

Վերջին ամիսներին Իրանի կառավարությունը վերականգնեց դիվանագիտական ​​հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, բանակցություններ սկսեց BRICS-ին միանալու համար և վերջապես դարձավ Շանհայան կազմակերպության անդամ։

 

Վաթան Էմրուզ

Իրաքը մաքրում է սահմանները

Այսօր ավարտվում է ահաբեկիչներին զինաթափելու և սահմաններից հեռացնելու Թեհրանի վերջնագրի ժամկետը։

Այսօր Իրանի հետ իրաքյան Քրդստանի շրջանի սահմանների մաքրման գործողությունների հետ կապված անվտանգության պարտավորությունները կատարելու Իրաքի ժամկետը ավարտվում է այն դեպքում, երբ Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ այդ ժամկետը չի երկարաձգվելու։ Այդ իսկ պատճառով, անցած մի քանի օրերին մենք ականատես եղանք իրաքյան կողմի աշխուժությանը` կապված հակաիրանական անջատողական ահաբեկիչներին զինաթափելու և Իրանի հետ երկրի ընդհանուր սահմաններից նրանց վտարելու հետ:

 

Քեյհան

Իմ հակառակորդները համագործակցում են Իրանի հետ. Նեթանյահու , Նեթանյահուն օգնում է Իրանին. հակառակորդներ

Սիոնիստների համար Իրանըհամարվում է տարածաշրջանում թիվ մեկ թշնամին և կարևոր դերակատարը, որը հստակ և բացահայտ հայտարարել է իր նպատակը՝ օկուպացիան վերացնելու և իսրայելական զավթիչներին ոչնչացնելու վերաբերյալ։ Այժմ, երբ այս օրերին Թել Ավիվում քաղաքացիական պատերազմ է ընթանում, այդ պատերազմի կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուս կողմին Իսրայելը ոչնչացնելու հարցում Իրանի հետ համագործակցելու մեջ։

Իսրայելական ռեժիմի բնակչության գրեթե կեսը դեմ է Նեթանյահուի ղեկավարությամբ իրականացվող դատական ​​բարեփոխումներին։ Փաստորեն, այսօրվա սիոնիստական ​​հասարակությունը երկբևեռ և պառակտված հասարակություն է: Այս պառակտումը կարելի է տեսնել նաև սիոնիստ քաղաքական գործիչների մեջ: Անցած տարվա ընթացքում, երբ Թել Ավիվում Նեթանյահուն կրկին իր ձեռքը վերցրեց իշխանությունը, Սիոնիստական ​​ռեժիմի ուժային կառուցվածքը պատերազմի և բախումների թատերաբեմ էր նրա կողմնակիցների և ընդդիմադիրների միջև:

 

Armenpress.am

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը», - գրել է նա:

 

Panorama.am

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները

Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ բնակավայրերում: Այս մասին ասվում է Եվրամիության տարածած հայտարարությունում։

«ԵՄ-ն ափսոսում է էսկալացիայի հետևանքով մարդկանց մահվան համար և կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։

Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ Այս ռազմական էսկալացիան չպետք է որպես պատրվակ օգտագործվի տեղի բնակչության հարկադիր ելքի համար։ 

Բռնությունը պետք է դադարեցվի, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվի խաղաղ բանակցությունների և իրավիճակի կարգավորման համար։ Համաձայնեցված արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի իրական հանձնառությունը: ԵՄ-ն շարունակում է լիովին ներգրավված լինել երկխոսության խթանման գործում»,- ասվում է հայտարարությունում։

 

News.am

Ֆրանսիան կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ հրավիրել՝ կապված Արցախի դեմ Բաքվի ռազմական ագրեսիայի հետ

Ֆրանսիան խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողության մեկնարկը, այդ թվում՝ բնակեցված տարածքների դեմ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ոչ մի արդարացում չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն տառապում են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակման տակ և բախվում են միջազգային հանրության ջանքերին` հասնելու բանակցությունների միջոցով կարգավորման:

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարձակումը և վերադառնալ միջազգային իրավունքի հարգմանը։

Լշվել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար միանձնյա պատասխանատվություն կրելու է Ադրբեջանը։

Ֆրանսիան կոչ է անում շտապ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը. Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ այս անընդունելի հարձակմանը վճռական պատասխան տալու համար՝ համարժեք այն վտանգներին, որոնք այն ներկայացնում է տարածաշրջանի անվտանգության համար»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

News.am

«Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)». Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով արձանագրվել են զոհեր եւ վիրավորներ եւ՛ քաղաքացիական անձանց եւ՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Այս մասին հաղորդում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում եւ Ստեփանակերտում։

Կապի համակարգի թիրախավորման եւ ոչ պատշաճ աշխատանքի հետեւանքով ՄԻՊ աշխատակազմը բախվում է լրջագույն խնդիրների փաստերի հավաքագրվման առումով։

Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։ Քաղաքացիական բնակչության եւ օբյետների շրջանում արձանագրված վնասների վերաբերյալ հանդես կգանք թարմացվող հաղորդագրություններով։

Ինամսյա շրջափակումից, սովամահության ենթարկելուց եւ հյուծումից հետո Ադրբեջանի հանցավոր իշխանություններն անցել են Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլին։

Սա ադրբեջանական շարունակական հանցագործությունների անպատժելիության եւ միջազզգային հանրության անհասցե գործողությունների հետեւանքն է»,- նշվում է նրա հաղորդագրության մեջ:

 

Armenpress.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ ամբողջությամբ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Վարչապետի աշխատակազմից տրամադրված ուղերձն ամբողջությամբ․ 

«Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծությունը: Եվ որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր և որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի հետ, իհարկե, մենք կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան: Բայց ընդհանուր տեղեկությունը դա է, որ սկզբից ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել Լեռնային Ղարաբաղի տարածքին, այնուհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի:  Այս ընթացքում, իհարկե, Ադրբեջանը նաև տեղեկատվական ուղեկցում է իրականացնում գործողությունների: Եվ նաև մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությանը: Իհարկե, սա Ադրբեջանի վարկածն է , տեղեկատվությունն է, և ուզում եմ սրա վրա ուշադրություն հրավիրել, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել: Իհարկե, նաև ասել, որ այս իրադրությունն անկանխատեսելի էր՝ չի կարելի, որովհետև ինչպես նախորդիվ ասել եմ  Կառավարության նիստերում, մենք տեսնում էինք իրադրության լարումը: Եվ նաև այսօր Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ այդ ընդգծումը կար, որ երեկ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստություն էր, և փաստորեն դա արդարացվեց: Իհարկե, մենք անմիջապես Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ են հրավիրել՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ, և քննարկել ենք իրադրությունը: Եվ պիտի արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը, ըստ էության, մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան: Եվ, ինչպես արդեն Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, մենք կարծում ենք, որ առաջինը՝ Ռուսաստանի Դաշնության    խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն և երկրորդը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկի: Իհարկե, այս ընթացքում արդեն կան մեկնաբանություններ, ցավոք, որոնք փորձ են անում այս տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ: Բայց ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, այն ինչ բազմիցս ասել եմ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը, և դա է եղել մշտապես մեր օրակարգում: Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը Լեռնային Ղարաբաղը լքելու համար: Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին և քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը՝ պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել: Եվ այս տրամաբանությունը, որ զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը:

 Բայց ես ուզում եմ նաև գնահատել իրադրությունը Հայաստանի տեսակետից: Նախ ասեմ, որ այս պահի դրությամբ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, այսինքն իրադրության տեսանելի և էական փոփոխություն մենք չունենք: Բայց ինչպես ասել եմ և ասում եմ, հիմա ընդգծում եմ, որ այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է: Տեսեք, այսօր մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ և նաև պաշտոնական լրատվամիջոցներ, կամ իշխանությունների հետ կապ ունեցող լրատվամիջոցներ, տեղեկություն են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը: Եվ, ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները:

Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

Եվ նաև մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն  լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, սիրելի ժողովուրդ, այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ և բազմաթիվ այլ խնդիրներ: Բայց մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր՝ արտաքին, նաև ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ: Ցավոք պիտի արձանագրեմ, որ, ինչպես և սպասվում էր, հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են, ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր:

Ահա Հայաստանի պետականությունը և պետությունն այս պայմաններում պետք է  արձագանքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց, իհարկե, այս իրավիճակում շատ մեծ բան է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որոնք, իմ խորը համոզմամբ, պիտի սթափ, սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին, ինչքան էլ դա դժվար է: Պիտի կռահեք, որ ինչքան դժվար է յուրաքանչյուրի համար, առնվազն նույնքան դժվար է նաև ինձ համար, Անվտանգության խորհրդի անդամների համար, երկրի ղեկավարության համար, բայց մենք այս պահին որևէ չհաշվարկված, որևէ կտրուկ գործողություն, որևէ արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք:

Իհարկե ես հասկանում եմ նաև, որ տեղեկատվության որոշակի պակաս կա և տեղեկատվության պակասը նաև պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նշեցի, հրետանային հարվածների պատճառով կապի հանգույցներ են վնասված և այդ պատճառով տեղեկատվության հոսքի որոշակի դժվարություններ կան, բայց այնուամենայնիվ, կարծում եմ մեր լրատվամիջոցները և մարմինները, ըստ հնարավորի, կապի մեջ են Լեռնային Ղարաբաղի հետ և նրանց հումանիտար բնույթի աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն՝ ըստ իրավիճակի:

Այս պահին կարծում եմ այսքանն ունեմ ասելու և կրկին անգամ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ չտրվել սադրանքների, պահպանել սառնասրտություն, հետևել պաշտոնական տեղեկատվությանը և պաշտոնական լրահոսին: Իհարկե, բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պատշաճ կարգով բոլոր իրադարձություններից տեղեկացված լինի: Եվ, իհարկե, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կարգով գործի իրավակարգը և պահպանվի կայունությունը, որովհետև բոլորիս հասկանալի է, որ իրավակարգի և կայունության խաթարումը հենց այն նպատակն է, որ իրենց առաջ դրել են այն ուժերը, որ գործում են և նպատակադրված են գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Այսքանն այս պահին, սիրելի հայրենակիցներ, ըստ անհրաժեշտության, նաև ես անձամբ, ձեզ տեղեկատվություն կտամ իրադրության վերաբերյալ, իրադրության իմ գնահատականները կիսեմ ձեզ հետ, և նաև պետական մարմինները՝ Արտաքին գործերի նախարարությունը, ըստ անհրաժեշտության մյուս պետական մարմինները, հանդես կգան համապատասխան հայտարարությամբ»:

 

Panorama.am

Ադրբեջանը հայտարարել է, որ «Ղարաբաղում գործողության հիմնական նպատակները մոտ են ավարտին»

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի «հակաահաբեկչական միջոցառումների» հիմնական խնդիրները մոտ են ավարտին»,- TRT-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։«Զեկուցում են, որ հիմնական խնդիրները մոտ են ավարտին։ Այն ռազմական թիրախները, որոնք մենք ավելի վաղ մատնանշել էինք, արդեն չեզոքացած են։ Եվ հետո, ինչպես նախատեսվում է, գործողությունները կշարունակվեն նպատակային, ավելի սահմանափակ մասշտաբով»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է նա։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել էին. «Ղարաբաղում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տեղեկացված է»։

Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը  շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

 

Պիտակ