Մամուլի տեսություն 01․10․2023
BRICS-ի անդամ երկրները որոշել են տնտեսական գործարքներում SWIFT-ի փոխարեն օգտագործել «BRICS pay» միասնական վճարային համակարգը։
Քեյհան
BRICS pay համակարգը փոխարինում է SWIFT-ին
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երեկ կայացած խորհրդարանի դռնբաց նիստում օրինագծի 11-րդ հոդվածի լրացուցիչ կետի քննարկման ժամանակ ասաց. –«BRICS-ի դաշինքում կատարված կարևոր քայլերից մեկն այն է, որ էլեկտրոնային բանկային հաղորդակցության համակարգը փոխարինում է SWIFT-ին։ Այս համակարգը այժմ ակտիվ է, և մենք հունվարի 1-ից կմիանանք այս համակարգին, և դա մեզ մեծ հնարավորություն կտա աշխատելու խոշոր երկրների հետ»։
Նա հավելեց.-«Մեր գործարքների ընդհանուր ծավալի 30%-ը բաժին է ընկնում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան, և BRICS-ի դաշինքում ստեղծված այս հնարավորությունը կարելի է օգտագործել և օգտվել փոխարինող բանկային համակարգից»։
Վաթան Էմրուզ
Բայդենի աշխատասեղանն այլընտրանք չունի
National Interest․ Սպիտակ տունն ընդունում է միջուկային Իրանի իրականությունը:
Ամերիկյան «Ազգային շահերի կենտրոն» վերլուծական ինստիտուտի ավագ անդամը գրառում է հրապարակել,որում նշել է. «Ցավոք, Իրանը միջուկային տերություն է, և Սպիտակ տունն ընդունում է այդ փաստը»։
Գրեգ Պրիդին կարծում է. «Այս պահին կարճաժամկետ կտրվածքով աղետը կանխելու փորձը լավագույն տարբերակն է։ Սա գոհացուցիչ չէ, բայց հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնց բախվում են նրանք, եթե Բայդենի վարչակազմն իրոք Իրանին հեռացրել է միջուկայնացման ճանապարհից, ապա [Բայդենի վարչակազմը] արժանի է գնահատանքի և գովասանքի»:
Ջամե Ջամ
Իսրայելում շարունակվում է անապահովությունը
Թել Ավիվի փողոցներում երեկ սկսված բախումները շարունակվում են, իսկ այսօր մի ավանաբնակչի սպանությունից հետո,նաև Թել Ավիվի հարավում գտնվող Նեթանիայում խլել են Էրիթրեայի մի քաղաքացու կյանքը:
Դոնյայե Էղթեսադ
Եվրոպան պետք է ավելի ընդլայնվի
Economist շաբաթաթերթն իր երկու խմբագրականներից մեկում քննարկել է Եվրոպական միության վերաընդլայնման անհրաժեշտությունը։ Այս պարբերականի տեսանկյունից Ուկրաինայի պատերազմը կարևոր պատճառ է , որպեսզի Եվրամիությունում աշխատանքային մեթոդները փոխվեն։
Երկու համաշխարհային պատերազմների սարսափները ստիպեցին Ֆրանսիային, Արևմտյան Գերմանիային և մյուսներին միավորել իրենց զենքերը և ստեղծել այն, ինչ այժմ հայտնի է որպես Եվրամիություն: Բայց յոթանասուն տարի անց պատերազմը վերադարձել է այս մայրցամաք:
Այժմ քննարկվում է այս միությունում 9 նոր անդամների, այդ թվում՝ Ուկրաինային ընդունելու հարցը։ Աշխարհի խաղաղ և բարգավաճ ժողովրդավարությունների ամենահաջողակ ակումբին միանալը Արևմտյան Բալկաններում, պատերազմից տուժած այս երկրին դնում է նոր ու խոստումնալից ճանապարհի վրա:
Էըթեմադ
Բրիտանիան ռազմական ուժեր է ուղարկում Ուկրաինա
Telegraph թերթը գրել է.-« Բրիտանիայի պաշտպանության նոր նախարարն ասում է, որ երկրի ցամաքային զորքերի անձնակազմերից մի քանիսին կուղարկի Ուկրաինա՝ մարտի դաշտում Կիևի զինվորներին մարզելու համար»։
Բրիտանիայի պաշտպանության նախարարը նաև երկրի զենքի գործարաններին և ընկերություններին կոչ է արել Ուկրաինայում ռազմական տեխնիկայի արտադրության համար օբյեկտներ կառուցել։
Armenpress.am
Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. Լեռնային Ղարաբաղի համար համազգային աղոթքի օր է
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Լեռնային Ղարաբաղի համար համազգային աղոթք։ Դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։
«Անսաման ցավով և խոր մտահոգությամբ են համակված բոլորիս հոգիները։ Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց։ Այսօր, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի, աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերի ու եղբայրների, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։ Հայաթափվում է Արցախ աշխարհը, վերստին որբանում սրբազան հողը հայոց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գարեգին Երկրորդը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև։ «Առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովելու, հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները և օրեցօր խորացող ճգնաժամի մեջ ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը՝ չառաջնորդելու համար մեր երկիրը նոր կորուստների, հատկապես նկատի առնելով թշնամու հավակնություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը։ Արցախյան արյունալի պատկերը վկայությունն է այն իրողության, որ անզուսպ են թշնամու զավթողական ձգտումները, և խտրություն չի դրվում միջոցների ընտրության հարցում»,- ասաց նա։
Վեհափառ Հայրապետը հորդորեց ազգային, կրոնական, հասարակական, քաղաքական կառույցներին միավորելու հայ ժողովրդին ներկա ծանր մարտահրավերների հանդիման և համախմբված գործելու՝ հանուն Հայաստանի ապագայի երաշխավորման։
Armenpress.am
Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով երկրի գլխավոր դատախազության տեղեկատվությանը՝ հայտնում են, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2002 թվականին իբր խոշտանգել է գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Մնացականյանը ձերբակալվել էր նախօրեին Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում։
Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2006 թվականի նոյեմբերի 8-ին դատարանը որոշում է կայացրել Մնացականյանին մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 հոդվածով (խոշտանգում), նույն թվականի նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և Մնացականյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել է միջազգային հետախուզում։
Հակարիի կամրջի ապօրինի անցակետից բերման ենթարկվելուց հետո Լևոն Մնացականյանը տեղափոխվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։
Tert.am
Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց. Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև կներկայացնի
Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց Ադրբեջանին. Եվրոպան պառակտված է, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դարձել է իր միջնորդության պատանդը. այս մասին France Info ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն:Նշվում է, որ քաղաքական գործիչը կներկայացնի Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև:«Ես զայրացած եմ և ամաչում եմ», - հավելել է Եվրախորհրդարանի պատգամավորը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող զանգվածային հայաթափմանը, էթնիկ զտմանը:«Մենք ամիսներ շարունակ զգուշացնում ենք, հայ ժողովուրդն ապրում է 21-րդ դարի առաջին էթնիկ զտումները, և ինչպես 1915-ին, այնպես էլ բոլորը այլ ուղղությամբ են նայում», - նշել է Լուազոն:
News.am
ՄԱԿ առաքելության այցն Արցախ ուշացած է, դա ձեւական բնույթ է կրում. Արցախում արդեն հայեր չեն մնացել. Հունան Թադեւոսյան
ՄԱԿ առաքելության այցն Արցախ արդեն ուշացած է, ինչպես նաեւ մյուս մարդասիրական բոլոր կազմակերպությունների այցը, դա ձեւական բնույթ է կրում, քան թե բովանդակային: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը` մեկնաբանելով ՄԱԿ առաքելության ուշացած այցն արդեն հայաթափված Արցախ: «Ես կամավորական աշխատանք եմ կատարել, ինչքան մարդ եղել է նկուղներում, թեկուզ հոգեկան հիվանդություններ ունեցող, որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, իմ ձեռքով նստացրել եմ ավտոբուս, հանել ենք Ստեփանակերտից: Սոցիալական ցանցերով ինֆորմացիա էր պտտվում, որ 7 երեխաներով մայր է մնացել, ամուսիններ, նորից ենք պտտվել ամբողջ քաղաքով, ոչ մեկին չենք գտել: Հիմնական բնակչություն չի մնացել Ստեփանակերտում, եթե լինեն՝ մատների վրա հաշված մարդիկ: Իմ տեղեկություններով՝ դեռ Արցախում են գտնվում նախկին նախագահները եւ քաղաքական ղեկավարությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՄԱԿ առաքելությունը Ադրբեջանի ուղեկցությամբ մուտք է գործել հայաթափված Արցախ:Նշենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց լայնածավալ ռազմական հարձակում, այն տեւեց մեկ օր, որից հետ խաղաղապահների միջնորդությամբ Արցախի քաղաքական ղեկավարությունը համաձայնեց Ադրբեջանի պահանջները իրականացնել: Արցախն ամբողջապես հայաթափվեց, քանի որ բնակչությունը հնարավոր չի համարում Ադրբեջանի կազմում խաղաղ ինտեգրացիայի վերաբերյալ հավաստիացումներին:Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից լուծարվում է:
Tert.am
Բայդենը ստորագրել է կառավարության 45-օրյա ֆինանսավորման օրինագիծը, որը չի ներառում Ուկրաինային օգնության հատկացումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված օրենքը, որը կշարունակի ֆինանսավորել կառավարությանը 45 օր ժամկետով՝ մինչև նոյեմբերի 17-ը, հայտնում է Սպիտակ տունը։«Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին (տեղական ժամանակով. - Խմբ.), նախագահը ստորագրել է HR 5860-ը, որը հատկացումներ է տրամադրում դաշնային գործակալություններին մինչև 2023 թվականի նոյեմբերի 17-ը... և երկարաձգում է որոշակի ժամկետանց լիազորություններ», - ասվում է հաղորդագրությունում:Ընդ որում, օրենքը չի նախատեսում միջոցների հատկացում Ուկրաինայի կարիքների համար։ Ինքը՝ Բայդենը, ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը «ոչ մի դեպքում» չի կարող իրեն թույլ տալ դադարեցնել Կիևին աջակցելը։Օրենքի ստորագրումը վերացրել է ԱՄՆ-ում «շաթդաունի» վտանգը, որը հակառակ դեպքում տեղի կունենար արդեն հոկտեմբերի 1-ին։ «Շաթդաունը», այսինքն՝ դաշնային կառավարության գործունեության կասեցումը կարող էր սկսվել հոկտեմբերի 1-ին, եթե մինչ այդ Կոնգրեսը համաձայնության չգա նոր բյուջեի շուրջ։