Մամուլի տեսություն 24.10.2023
Հայաստան մեկնած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը պայմանագրեր է կնքել հայկական կողմի հետ, որոնք շատ կարևոր են «Հյուսիս-հարավ» ծրագիրը ավարտին հասցնելու համար։
Քեյհան
Ստորագրվել է Իրանցի կապալառուների մասնակցությամբ Հայաստանում «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագիծը ավարտին հասցնելու պայմանագիրը
Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանում «Հյուսիս-հարավ» միջանցքի օղակները ավարտին հասցնելու հարցին, ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ասել է. «Հայաստանում 210 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինական ծրագրերի իրականացման պայմանագիր է կնքվել երկու իրանական ընկերություններ հետ»:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը երեկ Հայաստան կատարած մեկօրյա այցի ժամանակ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն անվանել է Իրանի ժողովրդական կառավարության հիմնական քաղաքականություններից մեկը՝ ասելով, որ Կովկասյան տարածաշրջանում Հյուսիս-հարավ միջանցքի օղակներն ավարտին հասցնելու նպատակով ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մեջ մեր քաղաքականության հիմնական սկզբունքներից է բանակցություններ վարել կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ:
Ջավան
Թել Ավիվի նահանջը ցամաքային գործողության իրագործման մտքից
Գազայի հատվածում ցամաքային ներխուժման մտքից Սիոնիստական ռեժիմի հնարավոր նահանջի մասին շշուկներն արդեն լսվում են, թեև հստակ ոչինչ չկա: Մի կողմից, եբրայական աղբյուրները բացահայտել են, որ Իսրայելի վարչապետը և բանակի հրամանատարները միմյանց հետ համաձայն չեն ռազմական ծրագրերի շուրջ, իսկ մյուս կողմից՝ Թել Ավիվը գտնվում է իսրայելական դաշնակիցների և համախոհ երկրների կողմից բուռն ճնշման տակ՝ հետաձգելու ցամաքային գործողությունները՝ առնվազն մինչև սեփական, ինչպես նաև օտարերկրյա գերիների ազատ արձակումը: Թեև իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ջանքերը ազդեցություն ունենան Գազայի դեմ մեր հարվածների վրա և շեշտեց, որ «հրադադար չի լինելու», սակայն Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակը երեկ առաջին անգամ հայտարարեց, որ Իսրայելը պատրաստ է չեղարկել Գազայում ցամաքային գործողությունը՝ պայմանով, որ ՀԱՄԱՍ-ը ազատ արձակի բոլոր գերիներին և հանձնվի անվերապահորեն։
Վաթան Էմրուզ
Ողեղային կենտրոնների դիվանագիտությունը և միջազգային գերմարտահրավերները
Փաստն այն է, որ անցած 75 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ այն, ինչ այսօր կատարվում է զավթիչ Սիոնիստական ռեժիմի և Պաղեստինի Գազայի հատվածի միջև, այս խնդրում հստակ դիրքորոշումների և աշխարհի երկրների վճռական ներգրավվածության բացակայության արդյունքն է, և գոյություն ունեցող պաշտոնական ու գերիշխող կարգը որոշել է այս արյունալի ճակատամարտի հանդիսատեսը լինել: Նման իրավիճակում ոչ ֆորմալ միջոցների օգտագործումը, ինչպիսիք են ուղեղային կենտրոնների կարողությունները, կարող է լինել արդյունավետ և քայլ դեպի առաջ. Ուստի անհրաժեշտ է, որ միջազգային ուղեղային կենտրոնները անկախ կառավարությունների հարաբերություններից դաշտ դուրս գան և մտահոգ էլիտար մարդկանց կոնսենսուսով՝ իրենց սեղանին դնեն Պաղեստինի հարցը։ Թերևս Սիոնիստական մանկասպան ռեժիմի այսքան տարիների դաժանությունից ու հանցագործություններից հետո այս կոնսենսուսը կհանգեցնի սիներգիայի և պաղեստինյան հարցի լուծմանը, և թեկուզ մեկ երեխա, միայն մեկ երեխա կունենան ավելի շատ հնարավորություն իր հողում ապրելու համար:
Էթեմադ
Մոսկվա. Ռուսաստանն ու Իրանը ամրապնդում են իրենց հարաբերությունները վստահության մթնոլորտում
Լավրովի Թեհրան կատարած այցից և իրանցի պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունների շուրջ խորհրդակցությունից հետո ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկու երկրներն ամրապնդում են հարաբերությունները վստահության մթնոլորտում։
Ֆարահիխթեգան
Գազայի դիմադրության խմբերին հարող լրատվամիջոցները հերթով արգելափակվում են Telegram, Facebook և Microsoft-ի վերահսկողության տակ գտնվող հարթակներում։
Իհարկե, Telegram-ը հայտարարել է, որ այդ ալիքների արգելափակումն իրականացվել է Google Play-ի կողմից, և օգտատերերը կարող են այս մեսենջերը Telegram-ի կայքի միջոցով նորից տեղակայելով, կրկին հասանելի դարձնել այդ ալիքները:
News.am
Մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է Հարավային Կովկասում խաղաղությանը. Միլլեր
Այսպիսով, ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար՝ անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, կամ ով է վարում դրանք։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իրանում «3+3» ձեւաչափով հանդիպումը։
«Բայց միևնույն ժամանակ մենք ճանաչում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, սակայն վստահելի գործընկերներ չենք գտել այդ երկրներում, եթե թերագնահատեք իրավիճակը»,- ասաց նա։
Panorama.am
Կորեայի առևտրի նախարարը Երևանում է
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարությունից հայտնում են՝ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Կորեայի միջև առևտրատնտեսական կապերի հետևողական զարգացումն ու ամրապնդումը և ողջունել պատվիրակության այցը մեր երկիր:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող բանակցությունները նոր ազդակ կհաղորդեն տնտեսական փոխգործակցությանը, բիզնես կապերի ընդլայնմանն ու կնպաստեն տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի իրականացմանը: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Կորեայի Հանրապետությունն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն և ՀՀ կառավարությունը շահագրգիռ է փոխգործակցության ընդլայնմամբ:
Կորեայի Հանրապետության առևտրի նախարարը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում են նաև գործարարներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կորեական կողմը հետաքրքրված է էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությամբ:
Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցությունը նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում: Կողմերը համոզմունք են հայտնել, որ քննարկումների արդյունքներով ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ:
Armenpress.am
Վարչապետ Փաշինյանին է հանձնվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված շքանշանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար Արքեպիսկոպոս Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված` Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից` Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` հետևողականորեն զարգացնելու կապերը Սուրբ Աթոռի հետ: Նիկոլ Փաշինյանն Արքեպիսկոպոս Բետանկուրին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Hraparak.am
«Հրապարակ». Փաշինյանն անձամբ է Շահրամանյանին հորդորել ստորագրել լուծարման հրամանագիրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ հայաստանյան իշխանություններն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին են մեղադրում Արցախի վերջնական կապիտուլյացիայի, լուծարման հրամանագիր ստորագրելու համար, փորձում հանրությանը հավատացնել, թե Փաշինյանը կապ չունի այդ որոշման հետ, անգամ տեղյակ էլ չի եղել, սակայն իշխանական աղբյուրներն այլ մանրամասներ են պատմում, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ տեղյակ է եղել այդ հրամանագրի տեքստին եւ անձամբ է Շահրամանյանին հորդորել՝ ամեն ինչ անել, որ ռազմական էսկալացիան դադարեցվի` համաձայնելով Ադրբեջանի բոլոր պահանջներին։
Մասնավորապես, երբ ադրբեջանցիներն արցախցիներին են փոխանցել իրենց պահանջները, որոնք արտացոլված էին Արցախի լուծարման որոշման մեջ, այն է՝ պետական ինստիտուտների, բանակի լուծարում, զենքերի հանձնում, Շահրամանյանը կապ է հաստատել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ եւ նրա միջնորդությամբ մեկ եւ եզակի անգամ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, ով էլ հորդորել է՝ անհապաղ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, թույլ չտալ, որ պատերազմը տեղափոխվի Հայաստանի տարածք»:
Armenpress.am
Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Սենատ
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։
Քննարկվել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և այս այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքները:
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել՝ համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար: Սենատորները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Armenpress.am
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Տեղի է ունեցել ոչ պաշտոնական շփում, ինչը սովորական է նման հարթակների համար»,- ասաց Բադալյանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում մասնակցել են 3+3 ձևաչափով հանդիպմանը։ Այդ հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հաղորդագրություն։
Armenpress.am
Գուրգեն Արսենյանը հաստատեց՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է իր թեկնածությունը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հաստատեց, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է իր թեկնածությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արսենյանն այս տեղեկությունը հաստատեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հարցին, թե իրեն դեսպան նշանակվելու առաջարկ արվե՞լ է, պատգամավորը պատասխանեց. «Ո՞նց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերն այս պահին գտնվում են ՌԴ-ում»։
Միևնույն ժամանակ, Գուրգեն Արսենյանը ապատեղեկատվություն որակեց այն լուրը, թե ՌԴ-ն մերժել է Գուրգեն Արսենյանի ագրեմանները։
«Չունեմ պարզաբանում, որովհետև ապատեղեկատվության պարզաբանմամբ ես չեմ զբաղվում»,– ասաց նա։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնն այս պահին զբաղեցնում է Վաղարշակ Հարությունյանը։