Մեկնաբանություն- Ալիևը քաղաքական սխալ թույլ կտա, եթե հարձակվի Հայաստանի վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i209124-Մեկնաբանություն_Ալիևը_քաղաքական_սխալ_թույլ_կտա_եթե_հարձակվի_Հայաստանի_վրա
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից և 24 ժամվա ընթացքում Ղարաբաղի հանրապետության հանձնվելուց հետո, մտահոգությունները սրվել են Հայաստանի և տարածաշրանի այլ երկրների ապագայի կապակցությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 18:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ալիևը քաղաքական սխալ թույլ կտա, եթե հարձակվի Հայաստանի վրա

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից և 24 ժամվա ընթացքում Ղարաբաղի հանրապետության հանձնվելուց հետո, մտահոգությունները սրվել են Հայաստանի և տարածաշրանի այլ երկրների ապագայի կապակցությամբ։

Անցյալում և հատկապես վերջին երեք տարում, Ալիևը բազմիցս դիմել է ռազմական սպառնալիքների՝ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու համար։ Նախիջևանը Հայաստանի տարածքով Ադրբեջանին միացնելու համար Զանգեզուրի միջանցքի հարցն առաջ քաշվելուց ի վեր, Ալիևը շարունակել է իր ագրեսիվ հռետորաբանությունը՝ հայատյացությունն օրինականացնելու համար։

2021 թվականի մայիսից նոյեմբեր ամիսների ընթացքում, սրվել են երկու երկրի սահմանային իրադարձությունները, և սահմանագծման պատրվակով ադրբեջանական ուժերը ներխուժել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։

Ալիևը նման տեղաշարժերով ձգտում էր Հայաստանին ռազմական պատասխան պարտադրել, որպեսզի այդպիսով կարողանար պատճառաբանել հարևան երկրի դեմ հարձակումն ու բռնագրավումը։

Այնուամենայնիվ, Հայաստանը միշտ կարողացել է դիմակայել լարվածության սրման գայթակղությանը, որպեսզի ցույց տա միջազգային հանրությանը, որ ինքը ագրեսոր չէ և հարգել է 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագիրը։ Ընդհակառակը, Ադրբեջանը երեք տարի շարունակ մի քանի դեպքերում խախտել է այդ համաձայնագիրը։

Դրանց թվում են Լաչինի միջանցքի շրջափակումը, Արցախի բնակչության նկատմամբ պարբերաբար չարաշահումները, փախստականների վերադարձի անհնարինությունը և հայ ռազմագերիներին ու պատանդներին պահելը։

Ուկրաինայում բախումների և այժմ Գազայի պատերազմի պատճառով Արևմուտքը չարձագանքեց Արցախի բռնակցմանը, և դա հաշվի առնելով,  Բաքվի տեսանկյունից, հիմա ճիշտ ժամանակն է հարձակվելու Հայաստանի վրա, որպեսզի Ալիևը կարողանա Թուրքիայի աջակցությամբ շարունակել իր պանթուրքիստական ​​նկրտումները։ Իրականում մի քանի պատճառներով Ադրբեջանի «ռազմավարական շահերից» չի բխում իր հարեւանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելը։

Ավելին, հայ զինվորականները 2020 թվականի աշնանից շատ ավելի պրոֆեսիոնալ են դարձել։ Հետևաբար, 9 ամիս շրջափակման մեջ գտնվող քաղցած մարդկանցով և ընդամենը հինգ հազար զինվորներ ունեցող մի փոքր տարածքի՝ Արցախի բռնակցումը դժվար է համեմատել երեք միլիոն բնակչություն, իրական բանակ ունեցող և արտասահմանյան աջակցություն վայելող երկրի՝ Հայաստանի հետ։

Բնական է նաեւ Իրանի հակադրվելը Ադրբեջանի ռազմական գործողություններին։ Որպես դաշնակից հարևան մտահոգված լինելով Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ՝ Թեհրանը նման հարձակումը համարում է անհարգալից վերաբերմունք իր՝ որպես տարածաշրջանային տերության դիրքորոշման նկատմամբ։ 

Ուստի Ադրբեջանի ագրեսիան ինքնաբերաբար կբերի Իրանի պատասխանին, քանի որ նման իրավիճակում չարձագանքելը թե՛ դաշնակիցների, թե՛ մրցակիցների տեսանկյունից կնշանակի թուլություն դրսևորել։

Հարկ է նշել, որ թեև Իրանը 1988 թվականից ի վեր չի ներգրավվել պատերազմի մեջ, սակայն դեռևս ուժեղ է միջնորդավորված ցանցերով և ռազմատեխնիկական հնարավորություններով և լուրջ առավելություն ունի Ադրբեջանի նկատմամբ։

Ներկայումս բռնակցելով Լեռնային Ղարաբաղը Ալիևը հասել է իր հիմնական նպատակին և ցանկացած մաքսիմալիստական պահանջ կարող է վտանգել նրա ռեժիմի կայունությունը։ Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ Երևանը նույնպես պետք է անվստահություն պահպանի Բաքվի նկատմամբ՝ միաժամանակ ուժեղացնելով իր բանակը և ստանալով ավելի մեծ աջակցություն իրական դաշնակիցներից, ինչպիսին Իրանն է։

Հոդվածի հեղինակ՝ Կովկասի աշխարհաքաղաքական հարցերի վերլուծաբան՝ Արդավան Ամիրասլանի

Աղբյուր՝ Շարղ օրաթերթ