Մամուլի տեսություն 28․11․2023
Այս տարվա ամռան Իրանի տնտեսության 7,1 տոկոս աճը համարվում է ամենաբարձր ամառային աճը նախորդ 8 տարիների ընթացքում
ՔԵյհան
Իսրայելի զինվորների զանգվածային փախուստը մարտադաշտերից
Սիոնիստական ռեժիմի բանակը, որը վերջին մեկ տարվա ընթացքում ներքաշված էր ներքին ճգնաժամերի մեջ, ըստ Sky News Arabic-ի , Գազայի ներկայիս պատերազմում էլ սկսել է ներքուստ քայքայվել, այնպես որ «առնվազն 2000 իսրայելցի զինվորներ և զինվորականներ», թեև զինակոչվել էին մարտի դաշտ, հրաժարվել են շարունակել իրենց մասնակցությունը ընթացիկ պատերազմում՝ դիմելով փախուստի։
Չնայած այն հանգամանքին, որ Գազայում անցած չորս օրերի ընթացքում ժամանակավոր զինադադար էր, վերջերս Պաղեստինում պատերազմի մասին լուրեր են տարածվում, որոնք ցույց են տալիս Գազայի ճակատամարտում սիոնիստական բանակի կրիտիկական վիճակը: Այս լուրերից մեկը հրապարակված զեկույց է Գազայի ռազմաճակատից սիոնիստ զինվորների զանգվածային փախուստի մասին, և ըստ դրա, մինչ սիոնիստները ծանր մարտեր էին մղում Գազայի ցամաքային պատերազմում, մարտի դաշտից փախուստի են դիմել մեծ թվով զինվորներ, որոնք չեն մտել պատերազմի առաջնագիծ։
Ջավան
Եմենի դաշույնն ավելի սուր է, քան երբևէ
Մինչև երեկ Եմենում ուտելու հաց չկար, բայց այսօր այս երկիրը հարձակվում է Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի վրա, այնպես, ինչպես Իրանը։ Իրանը ժամանակին սովի և օկուպացիայի էր եզրին, սակայն հանկարծակի՝ 1979 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո ուժ ստացավ: Եմենի համար դա տեղի ունեցավ 2014 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Անսարուլլայի գլխավորած ժողովրդական ցույցերը պատճառ դարձան, որ հեղափոխականներն իշխանություն ձեռք բերեն այս երկրի մայրաքաղաք Սանաայում։ Նրանք նույնպես անմիջապես ենթարկվեցին արտաքին հարձակման։ Յոթ ամիս անց՝ 2015 թվականի մարտի 26-ին արաբական երկրների կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի գլխավորությամբ, հարձակվեցին այս երկրի վրա։
Այս պատերազմի սկիզբը ոչ մի կերպ նման չէր դրա վերջավորոթյան հետ։ Առաջին օրերին և տարիներին Սաուդյան Արաբիան միակողմանիորեն ավերում էր Եմենը նրա բնակիչների գլխին, իսկ վերջին տարիներին օր չկար, որ Սաուդյան Արաբիայի մի քանի տնտեսական, ենթակառուցվածքային և ռազմական օբյեկտներ հարձակման չենթարկվեին անօդաչու թռչող սարքերով, թեւավոր և բալիստիկ հրթիռներով:
Իրան
Տնտեսական աճը հասել է 7,1 տոկոսի
Իրանի վիճակագրական կենտրոնի հայտարարության համաձայն՝ այս տարվա ամռանը երկրի տնտեսական աճը կազմել է 7,1 տոկոս։ Այսպիսով, 13-րդ շրջանի կառավարության 8 եռամսյակներում երկրի միջին եռամսյակային տնտեսական աճը կազմել է 4,9%։
Այս ամառ Իրանի տնտեսության 7,1 տոկոս աճը համարվում է ամենաբարձր ամառային աճը նախորդ 8 տարիների ընթացքում։
Շարղ
Հյուսիսային Կորեան լուսանկարել է Սպիտակ տունն ու Պենտագոնը
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր բանակի լրտեսական արբանյակը լուսանկարել է Սպիտակ տունը, Պենտագոնը և ԱՄՆ միջուկային ավիակիրները։
Ըստ այդ հայտարարության՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը տեսել է լուսանկարները՝ ռազմական լրտեսական արբանյակից օպերատիվ հաշվետվություն ստանալիս։
Armenpress.am
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովին
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը ստանձնելու է ԵԱՏՄ նախագահությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ հարցին:
«Մենք ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում: Որոշում այս պահին չկա: Բայց անձամբ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, քանի որ մենք այս կառույցի նախագահությունն ենք ստանձնում: Եվ դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է ապահովում»,-ասաց Սիմոնյանը:
Panorma.am
Կգա մի ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք-կողքի, առևտուր անեն. Ալեն Սիմոնյան
«Գալու է մի ժամանակ, հույս ունեմ, մենք ամեն ինչ անելու ենք, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք-կողքի, առևտուր անեն», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա չի բացառում, որ ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք իրենց տները, ինչ-որ ժամանակ անց ադրբեջանցիները գան և այստեղ բնակություն հաստատեն։
Հարցին՝ խաղաղության պայմանագրի մեջ ներառվա՞ծ է նման կետ, Ա.Սիմոնյանն ասաց, որ ինքը այդպիսի կետ չի նկատել։
«Խաղաղության պայմանագիրն ամբողջովին հիմնված է միջազգային սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականության, կոմունիկացիաների բացման և այլն»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
News.am
Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից գազի ներկրումը. Գնել Սանոսյան
Մենք հիմա տարեկան 365 մլն խմ գազ ենք ներկրում Իրանից եւ 1-3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում Իրանին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ վերջերս երկարաձգել են այդ պայմանագիրը մինչեւ 2030 թվականը:
«Այդ պայմանագրով հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը Հայաստան: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին այդպես էլ կլինի: Այսօր եղած գազատար խողովակն ամբողջ հզորությամբ չէ, որ օգտագործվում է»,-ասաց նախարարը:
Armenpress.am
Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ջանքերը և Վաշինգտոնի աջակցությունը հայտնելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը։
«Նրանք քննարկել են ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը, մինչ մենք աշխատում ենք՝ աջակցելու բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի նրա տեսլականին», - նշված է հայտարարությունում։
Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ողջունել «Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու՝ նախագահ Ալիևի հանձնառությունը»։
«Պետքարտուղարն ընդունել է, որ այս երկարատև հակամարտությունը տառապանքներ է պատճառել թե՛ադրբեջանցիներին, թե՛ հայերին, և ընդգծել է այն օգուտները, որ կարող է բերել խաղաղությունը տարածաշրջանում բոլորին», - նշված է գերատեսչության հայտարարությունում։
Բլինքենը նաև Ալիևի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների միջև մտահոգություն առաջացնող թեմաները և «խոսել համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունների մասին, հատկապես խաղաղության գործընթացի շուրջ», ինչպես նաև շեշտել բարձր մակարդակով ներգրավվածության կարևորությունը։
Armenpress.am
ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության իրական հնարավորություն է տեսնում
Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության իրական հնարավորություն է տեսնում և համարում է, որ դրանից կօգտվի ամբողջ տարածաշրջանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը։
«Մենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական հնարավորություն ենք տեսնում։ Մեզ ոգևորում է այն, որ երկու կողմերը միմյանց հետ շփվում են ուղղակիորեն և միջնորդների միջոցով։ Դա հաշվի առնելով՝ մենք իրական հնարավորություն ենք տեսնում, որից ամբողջ տարածաշրջանը կարող է օգուտ ստանալ։ Օրինակ՝ եթե Կենտրոնական Ասիայից առևտրային հոսքերը լինեին Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, ապա դա զգալի խթան կլիներ այդ առևտրային ուղու վրա գտնվող բոլոր երկրների համար։ Մենք կողջունեինք, եթե այդ հնարավորությունը լիներ դրա (խմբ․՝ խաղաղության համաձայնագրի) մի մասը», - ասել է պետքարտուղարի օգնականը լրագրողների հետ հեռախոսակապով շփման ժամանակ։
Օ’Բրայենը հավելել է, որ եթե նման ուղի չստեղծվի խաղաղ ճանապարհով, ապա ԱՄՆ-ն զգուշացրել է այն հետևանքների մասին, որ կլինեն այլ կերպ առաջ շարժվելու դեպքում։
«Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դա չանել խաղաղ ճանապարհով, ապա մենք պետք է օգտագործենք հնարավոր բոլոր գործիքները, որպեսզի խուսափենք այդ տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից։ Այսպիսով, մենք կողմերին շատ հստակ ասել ենք, թե ինչ հույս ունենք տեսնել, և ասել ենք այլ կերպ առաջ շարժվելու հետևանքների մասին։ Այսպիսով, մենք անհամբեր կսպասենք՝ տեսնելու, թե ինչի կհասնեն կողմերը: Մենք գիտենք, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել շատ շուտով խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում, և կցանկանայինք տեսնել դրա իրագործումը», - ասել է պաշտոնյան։
Armenpress.am
Բաքվի մշակութային հենարաններից մեկը հայկական ճարտարապետական միտքն էր․ ԱԺ-ում ցուցահանդես բացվեց
Ազգային ժողովի սրահում բացվեց «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ, օտարերկրյա պաշտոնյաներ և այլոք։
Ցուցահանդեսում ներկայացված է Բաքվի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգությունը, հայ ճարտարապետների և ինժեներների հեղինակած շինությունները և Բաքվի հայ մագնատների ժառանգությունը, որոնք Ադրբեջանի իշխանությունները կամ ոչնչացրել են կամ հերքում են դրանցում հայկական հետքը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը բացման ելույթում նշեց, որ հետևողական պայքարելու են, որպեսզի վերականգնեն Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց իրավունքները։
«Ինչպես գիտեք՝ Ադրբեջանից հայերի բռնի գաղթը սկսվել է 1988 թվականի փետրվարի 27-ից Սումգայիթի ջարդերով և շարունակվել է Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում։ Փաստացի չունենալով միջազգային հանրության պատշաճ գնահատականը՝ այն քաղաքականությունը, որը վարել է այն ժամանակվա ադրբեջանական իշխանությունը հայերի հանդեպ՝ ագրեսիվ և էթնոֆոբ, շարունակվել է մինչ օրս և վերջերս կրկին Լեռնային Ղարաբաղից ունեցել ենք ավելի քան 100 հազար հայերի բռնի գաղթ։ Ադրբեջանում ծնված և Հայաստան տեղափոխված հայերի քանակն այս պահի դրությամբ ավելի քան 500 հազար է, իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանից բռնագաղթած հայերի քանակը 800 հազարից ավել է։
Մեր հասարակական կազմակերպության հիմնական նպատակը հետևողական պայքարն է Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայերի ոտնահարված իրավունքների պատշաճ բարձրաձայնման, արձանագրման և վերականգման համար՝ սկսած պատմամշակութային ժառանգությունից և վերջացրած վերադարձի իրավունքից»,- ընդգծեց Գաբրիելյանը։