Մամուլի տեսություն - 19.01.2024
«Ադրբեջանի Հանրապետությունում Սիոնիստական ռեժիմի ազդեցության մասին նախազգուշացումից» մինչև «Վերջին հրթիռային հարձակումներով Իրանի զսպման հզորության բարձրացում»-ը գրքից այսօրվա Իրանական մամուլում:
Իրան օրաթերթ
Իրանի զսպման ուժի հզորության բարձրացումը՝ վերջին հրթիռային հարձակումներից հետո
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Մանսուր Բարաթին ասել է. «Սիրիայի որոշ հատվածներում տարածաշրջանային լարվածության գագաթնակետին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակումները թիրախավորեցին Իրաքյան Քրդստանը և ահաբեկիչների շտաբները Պակիստանում և ցույց տվեցին Իրանի հրթիռային բազմակողմանի պատրաստվածությունը: Հրթիռային հարձակումների թիրախ դարձած կետերը եղել են այն ռազմավարական կետերից, որոնք հստակ ուղերձ են հղել Իսրայելին հեռահար հրթիռների վրա հիմնված Իրանի ռազմական հզորության մասին:
Շարղ օրաթերթ
Ադրբեջանցիները պետք է զգույշ լինեն տարածաշրջանում Իսրայելի ազդեցության նկատմամբ
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդաբիլի ուրբաթօրյա աղոթապետը ասել է. «Պատմության ընթացքում ադրբեջանցիների վրա երեք հարձակում է եղել Օսմանյան կայսրության, Ռուսական ցարի և կոմունիզմի կողմից, և այժմ սիոնիստական հոսանքը փորձում է ծանր հարձակում գործել Ադրբեջանի և ադրբեջանցիների պատմության վրա:
Նա հավելել է. «Մենք չպետք է թույլ տանք, որ համաշխարհային սիոնիզմը հետապնդի իր ոչ լեգիտիմ պահանջները՝ մտնելով Ադրբեջանի տարածաշրջան, և մենք, իհարկե, անտարբեր չենք այս հարցերի նկատմամբ»։
Համշահրի օրաթերթ
Մարանդի. Պակիստանի զայրույթը կանխատեսելի և հասկանալի է
Միջազգային հարաբերությունների վերլուծաբան Մոհամմադ Մարանդին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարձակմանը և Պակիստանի արձագանքի մասին ասաց. «Պակիստանը խնդիրներ ունի իր սահմանները վերահսկելու հարցում և կենտրոնացած է Հնդկաստանի վրա, թեև ունի նաև տնտեսական այլ խնդիրներ»:
Մարանդին հավելել է. «Իսրայելի կողմից աջակցվող ահաբեկիչները ծրագրում էին հարձակվել, և Իրանը պետք է արագ որոշում կայացներ»։ Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ Պակիստանի զայրույթը կանխատեսելի էր և իհարկե հասկանալի։
Էթեմադ օրաթերթ
Փհենյանը փորձարկել է միջուկային սուզանավային համակարգ
Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր արևելյան ափի ջրերում միջուկային սուզանավային համակարգ է փորձարկել։
Այս գործողությունն արվել է ի պատասխան Ամերիկայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի եռակողմ զորավարժություններին։
tert.am
Սուրեն Պապիկյանը Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
tert.am
Հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների միջև դեռևս հանդիպում նախատեսված չէ, «Ազատության»-ը փոխանցել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Անցած տարեվերջին պաշտոնական Երևանը լավատեսություն հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, առնվազն նախկին պայմանավորվածությունների մասով, գուցե լավ նորություն կունենան։
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը վերջին անգամ հանդիպել են 2022-ի հունիսի 1-ին Վիեննայում, սա բանագնացների պաշտոնական չորրորդ հանդիպումն էր։
Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:
news.am
Ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակիչներից մեկի ոչխարները
Ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակիչներից մեկի ոչխարները։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Տեղ գյուղի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամը։
«Գիտեմ, որ նման դեպք է եղել, բայց ոչխարների քանակից տեղյակ չեմ։ Ոչխարները գնացել են, հովիվը չի կարողացել կանգնեցի, սահմանից մարդ չի եղել, որ կանգնացնի ոչխարներին»,- պատմեց ավագանու անդամը։
Ոչխարների՝ ադրբեջանական կողմն անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Առաջնագծում իրադրության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է. Որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել եւս ներթափանցման փորձ անգամ տեղի չի ունեցել: Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»,-ասաց նա:
news.am
ԱՄՆ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել խաղաղության պայմանագիր ստորագրել՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը
Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղության պայմանագիր կստորագրեն, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ առաջընթաց են գրանցել։
Նա կողմերին կոչ է արել պահպանել այս թափը և համաձայնագիր կնքել։
armenpress.am
Հայաստանը կարիք ունի ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության. Փաշինյան
Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Վարչապետ Փաշինյանը նշել է. «Աշխարհը փոխվում է, և անխուսափելիորեն փոխվելու է նաև մեր տարածաշրջանը, փոխվելու է նաև և փոխվում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս փոփոխությանը կարելի է ամենատարբեր կերպ վերաբերել: Բայց՝ անկախ նրանից, թե էվոլյուցիային ինչպես կվերաբերենք, այն տեղի է ունենում: Հետևաբար՝ մեր դիրքորոշումը և մոտեցումը պետք է լինի ոչ թե այն, որ այդ էվոլյուցիան կանգնեցնենք, սա ինքնին անտրամաբանական է, որովհետև էվոլյուցիան կանգնեցնելով՝ մենք դեգրադացիայի ենք հասնելու, այլ կառավարենք Հայաստանի Հանրապետության պետական շահերին համապատասխան:
Այս առումով, Արդարադատության նախարարի հետ աշխատանքային մեկ-երկու քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաև մի շարք գործընկերների կարծիքով, և այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սովորաբար այս թեմաների մասին խոսելիս առաջին ֆոկուսը հետևյալն է՝ այս ի՞նչ կառավարման համակարգ ենք ուզում փոխել և ո՞ւմ համար:
Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցում իմ հրապարակային արտահայտած դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել: Ես համոզված եմ և ժամանակը՝ իհարկե, որոշ կասկածների փուլով, բայց ի վերջո ապացուցեց, որ ինձ համար գոնե և մի շարք գործընկերների համար Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը՝ հաշվի առնելով ժողովրդավարական մեր ձգտումները և ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար: Ընդ որում, ես հիմա ավելի եմ համոզվել, որ եթե 2020 թվականի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա: Խոսքը սրա մասին չէ: Ես ուզում եմ հենց այս գլխից ասենք, որ կառավարման, օրինակ, ընթացիկ մոդելում քաղաքական առումով շատ բան փոխելու չկա: Դա մի փոքր մասնագիտական ոլորտի հարց է, օրինակ՝ դատաիրավական համակարգում ինչ է պետք փոխել: Նկատի ունեմ, քաղաքական առումով իմ խնդիրն ուրիշ է:
Առաջինը, որ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձևերով լուծել, Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:
Քանի որ երկու հարցում էլ Արդարադատության նախարարությունն, ըստ էության, շատ առանցքային դերակատարում ունի, ես ցանկացա սա ընդգծել, որպեսզի մենք առաջիկայում տրամադրվենք այսպիսի աշխատանքի: Նաև այս ուղերձը հղենք մեր իրավաբանական հանրությանը, որ իրավաբանական հանրության գործունեությունը Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունն ապահովելու տեսակետից առաջիկայում ակնհայտորեն մեծանալու է: Ընդ որում, ես այդ մոտեցման արդյունավետությանը հավատում եմ և տեսնում եմ նաև ու համոզված եմ, որ պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում, իսկապես, իրավաբանական աշխատանքն այդ դիրքորոշումների լեգիտիմությունը, մեր նույնիսկ քաղաքական որոշումների լեգիտիմությունն ապահովելու առումով կարող է բավականին մեծ էֆեկտներ և արդյունքներ ունենալ»,- նշել է վարչապետը: