Մամուլի տեսություն ֊ 29-02-2024
(last modified Thu, 29 Feb 2024 14:15:46 GMT )
Փետրվար 29, 2024 17:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն ֊ 29-02-2024

Իրանում Իսլամական Խսրհրդարանի ընտրությունների մեկնարկին մնացել է ավելի քիչ քան 24 ժամ, և երկրի մամուլը տարբեր վերլուծություններով ընդգծել է այդ ընտրությունների կարևորությունը երկրի ապագայի համար։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Ընտրությունները և հզոր Իրանը

 

Ուրբաթ օրվա ընտրությունները, ինչպես Իրանում տեղի ունեցող մյուս ընտրական իրադարձությունները, որոնք ձևավորվում են մարդկանց մասնակցության և նրանց ընտրության հիման վրա, «անվտանգության ստեղծում» և «անվտանգության բարձրացում» են։ Այն իրավիճակում, երբ մեր կրոնի և երկրիի թշնամիները փորձում են խաթարել երկրի հանրային անվտանգությունը, ընտրություններին խանդավառ մասնակցությունը համարվում է այս կրոնական, քաղաքացիական և ազգային գաղտնիությունը պաշտպանելու լավագույն խորհրդանիշն ու օրինակը։ Հետեւաբար, եթե նույնիսկ ցանկանանք ընտրությունների տեքստն ու մետատեքստը մեկնաբանել միայն անվտանգության տեսանկյունից, մենք կհասկանանք դրա դերն ու տեղը Իրանում անվտանգության ստեղծման ու շարունակման գործում։ Այս հարցը կհանգեցնի «ուժեղ Իրանի» կայունացմանն ու նրա դիրքերի բարձրացմանը տարածաշրջանում ու աշխարհում։ Ակնհայտ է, որ ուժեղ Իրանը թշնամիներին կստիպի զգուշավոր մոտենան և նույնիսկ հրաժարվեն բազմաթիվ նպատակներ և դավադրություններ առաջ տանելու հարցում։

Իրան օրաթերթ

Իրանում ներդրումային անվտանգությունն ամենաանվտանգ իրավիճակում է

 

Իրանի Իսլամական խորհրդարանի Հետազոտական   կենտրոնի նոր զեկույցը ցույց է տալիս, որ ներդրումային անվտանգությունը տնտեսական ակտիվիստների տեսանկյունից հասել է լավագույն իրավիճակին այս ցուցանիշի չափման սկզբից (5 տարի առաջ) և ամենակարևոր գործոնը «մակրոտնտեսական կայունություն»֊ն է և մակրոտնտեսական կայունության բարելավման կարևորագույն բաղադրիչը` ներդրումների անվտանգության բարելավումն է եղել։

Համշահրի օրաթերթ

Գազայի նահատակները գերազանցել են 30 հազարը

 

Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակն ասել է.Գազայի պատերազմի նահատակների թիվը հոկտեմբերի 7-ից ի վեր գերազանցել է 30 հազարը։

Երեկ գիշերվանից Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել ևս 79 նահատակներ, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ և տարիքավորներ են եղել։

Քեյհան օրաթերթ

Իրանի Պաստոր ինստիտուտը աշխարհում կհանդիսանա որպես Salk հիվանդության ֊ Լեշմանիոզի դեմ պատվաստանյութ արտադրող առաջին ինիստիտուտ

 

Իրանի Պաստոր ինստիտուտի ղեկավարը «Salk» ֊ Լեշմանիոզ պատվաստանյութի մշակումն ու արտադրությունն այս խմբի հիմնական առաջնահերթություններից է անվանել գալիք տարում և հայտարարել է. «Այս հիվանդության դեմ պատվաստանյութ աշխարհում չկա»։

Ռահիմ Սարվարին ասաց. «Երկրի որոշ շրջաններում մենք բախվում ենք «Salk» կոչվող հիվանդության ֊Լեշմանիոզի հետ, սակայն, ցավոք, աշխարհում այս հիվանդության դեմ պատվաստանյութ չկա։ Ելնելով դրանից՝ Իրանի Պաստոր ինստիտուտի գլխավոր առաջնահերթություններից է «Salk» հիվանդության դեմ պատվաստանյութի արտադրությունը։ Այս պատվաստանյութի արտադրության համար աշխատանքի որոշ փուլեր առաջ են գնացել և առաջիկայում կհայտարարենք, թե արտադրության որ փուլում ենք։

Tert.am

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ, միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով. Գերմանիայի ԱԳ նախարար

 

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով։ Այս մասին X սոցցանցում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը:

«Որպես դաշնային կառավարություն՝ մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան: Որպեսզի վերքերը բուժվեն և խաղաղությունը հնարավոր դառնա։ Այս ճանապարհին յուրաքանչյուր քայլ կարևոր է», - գրել է նախարարը:

Այսօր հաղորդվել էր, որ Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը:

Ինչպես նշել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը, շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ:

Tert.am

Մեզ ուզում էին մտցնել ՌԴ-Բելառուս միութենական պետության կազմ, բայց հայ ժողովուրդն այդ ծրագիրը խափանել է․ Ալեն Սիմոնյան

 

Չեք պատկերացնի՝ հայ ժողովուրդը 2021 թվականին ինչ է արել․ աշխարհաքաղաքական հարց է լուծել։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ հայ ժողովուրդը՝ աշխարհաքաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ՝ միգուցե չգիտակցելով,  կամ ինչ-որ տեղ գիտակցելով, որ աշխարհաքաղաքական մեծ պլան է տապալել

 

Ըստ պաշտոնյայի՝  նպատակ է եղել Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ։

Միևնույն ժամանակ, ԱԺ խոսնակն  ընդգծեց, որ Հայաստանին նման առաջարկ պաշտոնապես չի եղել։

«Չէ, այդպես չեն անում, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ նոր եկած իշխանությունն ասի՝ դե նախկինները՝ այսինքն մենք ենք մեղավոր ու այլևս անվտանգային որևէ լուծում չկա, քան դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս»,- հայտարարեց նա։

Tert.am

Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը

 

Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը։ Ամենօրյա պարբերականությամբ ադրբեջանական վանդալիզմի տասնյակ փաստեր ենք արձանագրում, հայտնում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը։

«Համացանցում հրապարակված հերթական տեսանյութից հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը։

2020թ. սեպտեմբերի 27-ի թուրքադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմից ու 2023 թ. Արցախի ամբողջական հայաթափումից հետ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության թիրախում են հայտնվել Շուշիի պատմական գերեզմանոցները, Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերի բազմաթիվ գերեզմանոցներ, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի գերեզմանոցը, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը և այլն։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները», - նշված է հաղորդագրության մեջ։

News.am

Երեկ Ալեն Սիմոնյանը հերթական վտանգավոր ու անտրամաբանական հայտարարությունն է արել. Արտակ Բեգլարյան

 

Երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական վտանգավոր ու անտրամաբանական հայտարարությունն է արել, որ եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ միջազգային հայցերից, ապա հնարավոր է, որ Հայաստանն էլ հրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առանց մանրամասն ներկայացնելու, թե որքան անհիմն են ադրբեջանական հայցերը Հայաստանի հանդեպ՝ միայն ասեմ, որ մեր հավաքական ու անհատական իրավունքներից հրաժարվելու հերթական հանձնվողական գործողությունը բերելու է նորանոր ողբերգություններ: Ոչ մի իրեն հարգող ժողովուրդ ու պետություն չի կարող հրաժարվել իր բնական իրավունքներից ու ճշմարտությունից, ընդ որում՝ հանուն ոչնչի և հանուն մի ցեղասպան բռնապետի բավարարման:

Ավելին, Ադրբեջանի հայցերը ամրապնդում և ամրապնդելու են մեր ռազմավարական գործիքակազմը՝ հետևողական ու արդյունավետ կերպով պայքարելու մեր իրավունքների վերականգնման ու արդարության համար: Վստահաբար, այդ հայցերը հաջողությամբ են պսակվելու, և բռնապետ Ալիևը նաև դրանցից է վախենում:

ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան նման ոչ միայն գործողություններից, այլև՝ հայտարարություններից ու մտադրություններից: Էլ չասեմ, որ մի շարք այլ հայցեր ներկայացնելու անհրաժեշտություն կա, այդ թվում՝ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի և Հռոմի ստատուտի հիման վրա»։

News.am

ԵՄ շատ երկրներ պատրաստ են վտանգավոր զարգացումների դեպքում սանկցիաներ կիրառելԱդրբեջանի դեմ. Եղոյան

 

ԵՄ-ում հավաքված է ամբողջ եվրոպական քաղաքական հանրույթի ներկապնակը բոլոր հնարավոր կողմերից, և այն, ինչ ասում է Եվրապառլամենտը, այսպես թե այնպես, մտնում է եվրոպական քաղաքական շրջանակների օրակարգ, բառապաշար: Դրանք թեմաներ են, որոնց շուրջ նրանք սկսում են մտածել, թեմաներ, որոնց անդրադառնում են: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Եվրախորհրդարանը երեկ 2 հայանպաստ բանաձև է ընդունել, դրանք ի՞նչ են տալիս Հայաստանին:

Արման Եղոյանը նախ հիշեցրեց, որ Եվրամիության խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են ԵՄ քաղաքացիների կողմից ուղիղ քվեարկությամբ: Նրանք իրենց երկրներում արդեն իսկ փորձառու քաղաքական գործիչներ են, վարչապետ, նախարար են եղել և շատ մեծ ազդեցություն ունեն իրենց երկրներում վարվող քաղաքականության վրա:

«Հատկապես վերջին 3 տարիների ընթացքում Եվրախորհրդարանի բանաձևերն ավելի ու ավելի թիրախային են խոսում Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության անթույլատրելիության մասին: Օրինակ՝ սրանից 2 տարի առաջ սանկցիաների մասին ոչ ոք չէր խոսում, ես իմ շփումներից կարող եմ ասել՝ նման միտք էլ չկար ոչ մեկի մոտ, հիմա արդեն խոսում են սանկցիաներից, ոչ միայն անհատական սանկցիաներից, այլև ընդհանուր նավթի և գազի գնման վրա կիրառվող սանկցիաներից, ինչը շատ լուրջ ազդակ է:

Ես գիտեմ, որ սա միայն Եվրախորհրդարանի դիրքորոշումը չէ: Շատ անդամ պետություններ պատրաստ են նշված վտանգավոր զարգացումների դեպքում կիրառել այդ գործիքակազմը ազգային պետության մակարդակով: Եվրամիության մակարդակով, բնականաբար, 27 երկրների համաձայնությունը պետք է կլինի»,- ասաց նա:

News.am

Հասնելով ՀՀ Սահմանադրության փոփոխությանը՝ Ադրբեջանը կպահանջի Սյունիքը եւ Երեւանը. Չալաբյան

 

Հասնելով ՀՀ Սահմանադրության փոփոխությանը՝ Ադրբեջանը կպաանջի Սյունիքը եւ Երեւանը։ Այս մասին ասել է հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը Անկախության հռչակագրին նվիրված համաժողովի շրջանակում։

«Իսկ ի՞նչ կասի Ադրբեջանը՝ շնորհակալություն, հիմա հավերժ խաղաղության մե՞ջ ենք ապրելու։ Ոչ, նա կասի Սյունիքն ու Երեւանն իմն են ըստ իմ սահմանադրության։ Խնդրեմ, տվեք։ Դուք հո սեփական հռչակագիր չունեք։ Սյունիքը եւ Երեւանը տվեք, Շիրակն ու Լոռին կմտածենք ում տանք՝ Թուրքիայի՞ն, թե՞ Վրաստանին»,- զգուշացրել է Չալաբյանը։ Նա ընդգծել է, որ իշխանությունների գաղափարը վերջին փուլը չէ, հետո սկսվելու է պետության փլուզումը։