Միրզոյանը խոսել է Ադրբեջանի հետ տարաձայնությունների և առևտրային համագործակցության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i240942-Միրզոյանը_խոսել_է_Ադրբեջանի_հետ_տարաձայնությունների_և_առևտրային_համագործակցության_մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակում են պահպանվել տարաձայնությունները մի շարք սկզբունքային հարցերի շուրջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
(last modified 2025-12-29T02:44:11+00:00 )
Դեկտեմբեր 29, 2025 06:14 Asia/Tehran
  • Միրզոյանը խոսել է Ադրբեջանի հետ տարաձայնությունների և առևտրային համագործակցության մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակում են պահպանվել տարաձայնությունները մի շարք սկզբունքային հարցերի շուրջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է կարգավորել զգալի թվով հարցեր, սակայն որոշ առանցքային թեմաների շուրջ դեռևս փոխըմբռնում ձեռք չի բերվել:

«Կան կարևոր հարցեր, որոնց շուրջ համաձայնություն չկա։ Մենք պետք է շարունակենք աշխատանքը»,- նշել է ԱԳ նախարարը։ Նման հարցերից մեկը Միրզոյանը համարել է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Բաքվի պահանջը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ բազմիցս ընդգծել էր, որ Հայաստանի Սահմանադրության նախատեսվող փոփոխությունները, որոնց մասին նա խոսում է 2020 թվականի փետրվարից, կապված չեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ և պայմանավորված են բացառապես ներքին գործոններով: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելուց հետո, որում Լեռնային Ղարաբաղի մասին կետ կա:

«Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք դրանք չենք կիսում, և այդ հարցի շուրջ դեռևս համաձայնություն չկա»,- ասել է Միրզոյանը ՝ մեկնաբանելով դա։

Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հետագա լրամշակման անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով՝ փաստաթուղթը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին և վավերացվել օգոստոսին։

«Հիմա հարցն այն է, թե արդյոք մենք պայմանավորվում ենք ստորագրման վայրի և ժամանակի մասին, թե ոչ։ Առայժմ պայմանավորվածություն չկա»,- հայտարարել է Միրզոյանը։

Նախարարը նաև մեկնաբանել է Հայաստան ադրբեջանական բենզինի ներկրման հարցը՝ նշելով, որ նման մատակարարումները շահավետ են հայ սպառողների համար: Միրոզյանի խոսքով՝ չնայած բոյկոտի կոչերին, ինքն անձամբ է տեսել հերթերը բենզալցակայաններում։ Ընդ որում, նշել է նախարարը, «իհարկե, ոչ բոլոր խնդիրներն են լուծված, և Բաքվի բանտերում մնում են ՀՀ քաղաքացիները»: