Գազայի հատվածից երեխաներ կտեղափոխվեն Հայաստան՝ բուժում ստանալու
https://parstoday.ir/hy/news/armenia-i249228-Գազայի_հատվածից_երեխաներ_կտեղափոխվեն_Հայաստան_բուժում_ստանալու
ՀՀ կառավարությունը Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների կտեղափոխի Հայաստան՝ նրանց բուժումը ՀՀ բուժհաստատություններում կազմակերպելու համար։ Կառավարությունն այսօր հաստատեց նախագիծը:
(last modified 2026-08-20T16:08:20+00:00 )
Օգոստոս 20, 2026 19:32 Asia/Tehran
  • Գազայի հատվածից երեխաներ կտեղափոխվեն Հայաստան՝ բուժում ստանալու

ՀՀ կառավարությունը Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների կտեղափոխի Հայաստան՝ նրանց բուժումը ՀՀ բուժհաստատություններում կազմակերպելու համար։ Կառավարությունն այսօր հաստատեց նախագիծը:

Երեխաների բուժման համար, ըստ նախագծի, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը կհատկացվի 16,7 մլն դրամ։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը գործընթացն իրականացնում է արտաքին գործերի նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ։ Նախատեսվում էր Հայաստան տեղափոխել մինչև 10 երեխայի՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Նախագծում նշված է, որ երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման շրջանակում դիտարկվել է 11 պացիենտ, որոնցից 7-ի դեպքում արձանագրվել է, որ անհրաժեշտ բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Սակայն ծրագրին մասնակցելու հարցում համաձայնություն է տվել այդ 7 երեխաների ընտանիքներից միայն 3-ը։

Պատճառը ծրագրով նախատեսված պայմանն է, ըստ որի՝ յուրաքանչյուր երեխայի հետ Հայաստան կարող է ժամանել առավելագույնը մեկ ուղեկցող անձ։