Իրանի գործնական քայլերը՝ տիեզերական տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտ մուտք գործելու ուղղությամբ
Պատկերահանող և կապի արբանյակների գործնական շահագործմամբ, արբանյակային համաստեղությունների զարգացմամբ և մասնավոր հատվածի դերի ընդլայնմամբ, Իրանը նոր քայլեր է ձեռնարկում տիեզերական տեխնոլոգիաների և տնտեսության զարգացման ուղղությամբ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի պաշտպանության նախարարության Էլեկտրոնային արդյունաբերության ընկերության տիեզերական խմբի ղեկավար Մոհառամ Ղիասավանդը Տիեզերքի համաշխարհային շաբաթվա բացման արարողության ժամանակ ասել է, որ «Փայա» կամ «Թոլու 3» արբանյակը շուրջ 10 ամիս շարունակ օրական 5-6 հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկարահանում է իրականացնում և բարձրորակ պատկերներ տրամադրում։
Ղիասավանդը հավելել է, որ արձակումից հետո արբանյակը վայրկյանում 200 աստիճան արագությամբ ուժեղ պտույտ է կատարել, սակայն ձեռքով կառավարման միջոցով 10 օրվա ընթացքում կայունացվել և շահագործման է հանձնվել։
Ղիասավանդը նաև հայտնել է, որ Իրանը առաջիկա տարիներին նախատեսում է արբանյակային համաստեղությունների ստեղծման միջոցով անցնել արդյունաբերական փուլին։ Նա ասել է․ «Արդյունաբերական փուլին հասնելու մեր հաջորդ քայլը առաջիկա տարիներին լինելու է արբանյակային համաստեղությունների ստեղծումը, և հուսով եմ՝ շուտով ականատես կլինենք իրանական լուսնագնացի՝ Լուսնի մակերևույթին վայրէջք կատարելուն»։
Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն, անդրադառնալով երկրի վերջին ձեռքբերումներին տիեզերական ոլորտում, հայտնել է Իրանի առաջին կապի արբանյակի՝ «Նահիդ 2»-ի ուղեծիր դուրս գալու և տիեզերական տեխնոլոգիաների կիրառությունների զարգացման ծրագրերի մասին։
Հասան Սալարիեն ասել է, որ «Չամրան» արբանյակի առաքելությունը հաջողությամբ իրականացվել է, իսկ «Սիմորղ» արբանյակակիր հրթիռի միջոցով ավելի ծանր բեռի արձակումը ևս այս ոլորտում Իրանի կարևոր ձեռքբերումներից է եղել։
Իրանի տիեզերական գործակալության ղեկավարը, ընդգծելով տիեզերական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ Իրանը լրջորեն հետամուտ է տիեզերական տնտեսության զարգացմանը։