Յահյա Սարի․ «Արամքո»-ի օբյեկտները թիրախավորվել են Ռիադում և Խուրայսում
Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում և Խուրայս շրջանում «Արամքո» ընկերության օբյեկտների ուղղությամբ իրականացված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։
Ինչպես հաղորդում է Parstoday-ը, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ այդ հարձակումներն իրականացվել են ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից Սանայի և Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ իրականացված 50 ավիացիոն և հրթիռային հարձակումների։
Եմենի զինված ուժերի խոսնակը հավելել է, որ ի պատասխան այդ հարձակումների՝ իրականացվել է երկու ռազմական գործողություն՝ մի քանի բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Առաջին գործողության ընթացքում թիրախավորվել են Ռիադում «Արամքո»-ի օբյեկտները, իսկ երկրորդ գործողության ընթացքում՝ ընկերության օբյեկտները Խուրայս շրջանում։
Յահյա Սարիի խոսքով՝ երկու գործողություններն էլ հարվածել են սահմանված թիրախներին, իսկ հարձակումների հետևանքով թիրախավորված օբյեկտներում հրդեհներ են բռնկվել։
Նա ընդգծել է, որ Եմենի զինված ուժերը շարունակելու են Սաուդյան Արաբիայի ռազմակայանների և նավթային օբյեկտների դեմ հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողությունները, և այդ գործողությունները կշարունակվեն մինչև հարձակումների դադարեցումն ու Եմենի շրջափակման ավարտը։