Իրանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
https://parstoday.ir/hy/news/armenia-i240976-Իրանի_նորանշանակ_դեսպանն_իր_հավատարմագրերն_է_հանձնել_ՀՀ_նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
(last modified 2025-12-30T07:55:38+00:00 )
Դեկտեմբեր 30, 2025 11:25 Asia/Tehran
  • Իրանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել վերջին տարիներին մեր համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը»,-մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը։

Հաղորդվում է, որ նորանշանակ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ Հայաստան ժամանելու պահից զգում է դրական վերաբերմունք, ինչը պայմանավորված է երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններով: Դեսպանը հավելել է, որ նախագահի խոսքերն ու հարաբերությունների վերաբերյալ ներկայացված դրական մոտեցումը մեծապես ոգևորիչ են և վստահություն են ներշնչում հետագա համագործակցության զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև բազմաշերտ համագործակցության հարցեր, ինչպես նաև փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանը և առկա ներուժի ամբողջական օգտագործման անհրաժեշտությանը։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ։ Նորանշանակ դեսպանը շեշտել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հարցում։