Մամուլի տեսություն ֊ 12.03.2024
Չնայած Գազայում սկսվել է Ռամադան սուրբ ամիսը, սակայն պաղեստինցի ծոմապահները շարունակում են մահանալ Իսրայելի կողմից պարտադրված թերսնման, սովի և ծարավից։ Չնայած ամբողջ աշխարհում ժողովրդական լայնածավալ բողոքներին, արևմտյան կառավարությունները մեղսակից են այդ հանցագործություններին՝ օգնելով Իսրայելին կամ լռելով այս ռեժիմի հանցագործությունների դեմ:
Քեյհան օրաթերթ
Բնության և սրտերի վերածննդի շրջան
Բնության գարնան գալստյան հետ ոչ միայն ծառերը, այլև ամեն տեսակ փոքր ու մեծ բույս, ամեն ծառ ու ծաղիկ օգտվում են բնության օրհնություններից ու թարմացնող շունչից և արթնանում գարնանային զեփյուռով, ինչպես որ Ռամադան ամսվա գալուստը (պահքի ամիս) որը, ոչ միայն հավատացյալները, այլև բոլոր մարդիկ և նույնիսկ մեղավորները օգտվում են այս արթնացնող զեփյուռից և Աստծո ընդհանուր բաիի օրհնություններից:
Ջավան օրաթերթ
Իֆթար Գազայում առանց ուտեստով
Տարածաշրջանում աշխատող պաշտոնյաների հայտարարության համաձայն, և Գազայի բնակիչների վիճակի մասին հրապարակված նկարներն ու տեսանյութերը նույնպես հաստատում են այն, որ այդ շրջանում խմելու ջուր և սնունդ հեշտությամբ չի կարելի գտնել, և մարդիկ կանգնած են մահվան առաջ։ Առկա տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Գազայի հատվածում թերսնման, սովի և ծայրահեղ ծարավի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ իրավիճակի վատթարացումը, հատկապես հյուսիսային շրջաններում, աննախադեպ մեծացել է։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 2000 բուժաշխատող Ռամադան ամիսը կսկսի առանց ուտեստի և իֆթարի։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Ամերիկյան նավահանգիստ դեպի Իսրայել
Գազայում նավահանգիստ հիմնելու Վաշինգտոնի նպատակն է աջակցել Իսրայելին Հեզբոլլահի դեմ պայքարում։
Իսրայել Հյումը մի զեկույցում գրել է, որ, ի տարբերություն նախորդ տեղեկությունների, Կիպրոսում Իսրայելի համար նավահանգիստ ստեղծելու հիմնական նպատակը Գազայի հատվածին օգնություն փոխանցելը չէ, այլ այն իրավիճակի հետ կապված, երբ Հայֆա նավահանգստում աշխատանքը կխաթարվի ու Իսրայելի և Հեզբոլլահի միջև համապարփակ պատերազմ տեղի կունենա:
Այս համատեքստում իսրայելական լրատվամիջոցներից մեկը հայտարարեց, որ Կիպրոսում իսրայելական նավահանգստի ստեղծումը Իսրայելի նախապատրաստումն է հյուսիսում համակողմանի պատերազմ սկսելու համար, և այս նավահանգիստը հրատապ անհրաժեշտություն է՝ կանխելու այն իրավիճակը, երբ ապրանքներն ու սարքավորումները չեն հասնում Իսրայել` պատերազմի ժամանակ.
Ֆարհիխթեգան օրաթերթ
Իրաքի դիմադրությունը հասել է Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք
Իրաքի իսլամական դիմադրությունը զավթիչների դեմ ռազմական գործողության երկրորդ փուլից հետո հայտարարել է Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաքի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին:
Tert.am
Հույսը դնում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափության և ՀԱՊԿ-ի հետ կապված հավասարակշռված գնահատականի վրա. գլխավոր քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերլուծում է իրավիճակը Հայաստանի շուրջ և կազմակերպության հետ Հայաստանի հարաբերություններում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը: Նա այսպես է պատասխանել հարցին այն մասին, թե արդյոք ՀԱՊԿ քարտուղարությունն ու անձամբ գլխավոր քարտուղարը սպասում են Հայաստանի կողմից կազմակերպությանն անդամակցության դադարեցում:
«Ե՛վ ես, և՛ քարտուղարությունը աշխատում ենք կազմակերպության կողմից ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խստորեն համապատասխան: Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և կազմակերպության հետ Հայաստանի հարաբերություններում: Չեմ թաքցնի, որ հայաստանյան էլիտաների շրջանում որոշ իրադարձություններ և տրամադրություններ անհանգստություն են առաջացնում։ Բայց մենք հույսը դնում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափության և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի վրա։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ», - ասել է գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները Ադրբեջանի հետ սահմանին 2021-ին և 2022-ին սրման ժամանակ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան շարունակում է շփումը Երևանի հետ՝ պարզաբանելու Փաշինյանի հայտարարությունները։
Tert.am
Ռուսաստանը Հայաստանից գերատեսչական ծանուցում է ստացել «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին. Պեսկով
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից գերատեսչական ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, կապերը Երևանի հետ շարունակվում են։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իրոք, այս կապակցությամբ գերատեսչական գրություն է ստացվել, և այժմ կապեր են իրականացվում գերատեսչությունների միջոցով, հիմա ավելին չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։
Կրեմլի խոսնակը հավելել է. «Բնականաբար, բոլոր հնարավոր մակարդակներով շփումները կշարունակվեն»։
Tert.am
Ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան
Նախ` պետք է արձանագրենք՝ որն է Հայաստանի Հանրապետությունը և այդ արձանագրումից ելնելով մենք կարողանանք ձևակերպել, թե որտեղ, ինչպես Ադրբեջանը ունի տարածքային պահանջներ Հայաստանի Հանարապետության նկատմամբ և որտեղ է, որ հնարավոր է չունի տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
Նա Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետը ցույց տալով ասաց.
«Նախ ուզում եմ անդրադառնալ թե որն է ՀՀ-ն: Եկեք մի պահ մի կողմ թողնենք Ադրբեջանին, այլ մեր ելակետից հանդես գանք: Ասվում է, որ ՀՀ-ն պատրաստվում է տավուշի գյուղեր տալ Ադրբեջանին: Երբեք ոչ մի քննարկմանը խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին»,- ասել է վարչապետը:
Նա նշում է, որ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված գյուղերի անունները ՀՀ տարածքում երբեք չեն եղել:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց.
«Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից»։
Այս պահի դրությամբ որոշումներ չունենք, հայտարարեց վարչապետը
News.am
Ինչո՞ւ Միրզոյանին անհարմար վիճակի մեջ դրեցիք»․ լրագրողը՝ Փաշինյանին
ՄԱԿ-ի անվտանգության նիստին երբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում էր ադրբեջանական զինծառայողների կատարած վայրագությունների մասին, զուգահեռ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ ձեզ էր մեջբերում, որ ասել էիք՝ քաղաքացիական անձանց վտանգ չի սպառնում, ինչո՞ւ Միրզոյանին անհարմար վիճակի մեջ դրեցիք։ Այս մասին լրագրողը հարցրեց Փաշինյանին՝ հրավիրված ասուլիսում։
«Փորձագետների հետ էի հանդիպում, հենց սկզբից նրանցից մեկն ասաց՝ ես գիտեմ՝ ինչու եք նման հայտարարություն արել, ասաց՝ ինձ համար ակնհայտ է, որ դուք այդ հայտարարությունն արել եք, որ ԼՂ հայերի ԼՂ-ում մնալու հնարավորություն ստեղծեք, ես ասացի՝ հարյուր տոկոսով ճիշտ եք ասում։ Ես տեսնում էի, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան։ Իմ ուղերձն այն էր, որ պետք չէ րոպե առաջ դուրս գալու մասին մտածել։ Ասել եմ՝ այդ դուրս գալու սցենարը միշտ էլ կա։ Այդ պահին ռազմական գործողությունները դադարած են եղել, ինչը չի նշանակում, որ մենք քաղաքական գնահատականը փոխել ենք էթնիկ զտումների վտանգի»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե իր հայտարարությունից հետո ինքը չի հիշում, որ ԼՂ քաղաքացիական բնակչության շրջանում սպանություններ եղած լինեն։