Մեկնաբանություն - Բաքվի և Փարիզի հարաբերություններում լարվածության սրման հեռանկարը
(last modified Wed, 17 Apr 2024 14:11:41 GMT )
Ապրիլ 17, 2024 17:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն -  Բաքվի և Փարիզի հարաբերություններում լարվածության սրման հեռանկարը

Ադրբեջանի և Ֆրանսիայի քայլերի հետևանքով Բաքվի և Փարիզի հարաբերությունները լուրջ ճգնաժամի եզրին են։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրության միջոցով հայտարարեց, որ հետ է կանչել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին, և նա Ելիսեյան պալատում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ։ Այս հաղորդագրության մեջ ասված է, որ այս հանդիպմանը Մակրոնն իր ափսոսանքն է հայտնել երկկողմ հարաբերություններին վնասող Ադրբեջանի գործողությունների համար և ասել, որ հույսով է, որ Բաքուն կբացատրի երկկողմ հարաբերությունների դեմ իր գործողությունների նպատակները։ Հարկ է նշել, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Ֆրանսիայի կառավարությանը ղարաբաղյան հարցի շուրջ Երևանի և Բաքվի միջև տարածաշրջանային հակամարտությունում Հայաստանին աջակցելու մեջ, մթագնեցին երկու երկրների հարաբերությունները։

Վերջին ամիսներին երկու երկրները վտարել են միմյանց դիվանագետների մի քանիսին: Ֆրանսիական կառավարությունն ավանդաբար համարվում է աշխարհում Հայաստանի դաշնակիցներից մեկը և այդ  երկրում հայերի մեծ բնակչություն կա։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններին կից քաղաքական շրջանակները շեշտում են, որ ֆրանսիական կառավարությունում հայկական լոբբին շատ հզոր և ազդեցիկ է։

Նշենք, որ Փարիզի և Բաքվի հարաբերություններն ավելի են սրվել ղարաբաղյան հակամարտության և այս տարածաշրջանից հայերի տեղահանման պատճառով։

Այս առնչությամբ, Ադրբեջանի նախկին դիվանագետ, քաղաքական հարցերի փորձագետ Ամին Իբրահիմովը կարծում է. «Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններում լարվածությունը պետք է վերլուծել Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության ֆոնին։ Քանի դեռ մեծանում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածությունը և սրվում է այս մրցակցությունը, Իլհամ Ալիևի իշխանությունը ստիպված կլինի ապավինել  Ռուսաստանին, և միևնույն ժամանակ կվատթարանան հարաբերություններն Արևմուտքի հետ»։

Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններում լարվածության ամենակարևոր պատճառներից մեկը նշվում է Հայաստանին ֆրանսիական արտադրության զենքի վաճառքը։ Ղարաբաղից հայերի տեղահանումից հետո Հայաստանի կառավարությունը պայմանագրեր է կնքել Ֆրանսիայի կառավարության սպառազինության վարչության հետ երեք «Ground Master 200» (GM200) ռադիոտեղորոշիչ համակարգերի և գիշերային տեսողության տեսախցիկների գնման համար։ Ֆրանսիայի այս քայլը զայրացրել է Բաքվի կառավարության ղեկավարներին։ Փաստորեն, անցյալ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրումն առաջացրեց Բաքվի իշխանությունների մեծ դժգոհությունը, և Իլհամ Ալիևի կառավարությունը Փարիզի քայլը գնահատեց որպես «կործանարար արարք» տարածաշրջանում։

Պաշտոնական Բաքվի մեղադրանքներին ի պատասխան՝ պաշտոնական Փարիզը հայտարարեց, որ Հայաստանին տրված զենքը զուտ «պաշտպանական» բնույթ է կրում։ Այս համատեքստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այսուհետ Ֆրանսիան է մեղավոր Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած նոր լարվածության և հակամարտության համար։

Ամփոփելով վերընշվածը, պետք է ասել, որ անկախ նրանից, թե երկու երկրների մեղադրանքները ճիշտ են, թե սխալ, Բաքվի և Փարիզի միջև հարաբերություններում լարվածության աճը հիմնականում ի վնաս Ադրբեջանի է, քանի որ Իլհամ Ալիևի իշխանությունը Ֆրանսիային միայն բնական հումք է վաճառում, բայց այդ երկրից ներկրում է ադրբեջանական ընտանիքներին անհրաժեշտ սպառողական ապրանքներ։ Նաև, Ադրբեջանի արդյունաբերության ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների մի մասը մատակարարվում է ֆրանսիական կառավարության և ընկերությունների կողմից։ Հաշվի առնելով, որ Բաքուն Փարիզի խիստ կարիքն ունի, դժվար թե երկու երկրների միջև լարվածությունն երկարաժամկետ միտում ունենա։