Թրամփի առաջին քայլերն արտաքին ու պաշտպանական քաղաքականության բնագավառում
Սպիտակ տունն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ պարզաբանեց ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության սկզբունքները: Այս հաղորդագրության մեջ ասված է, որ Թրամփի կառավարությունը հանձնառու է ԱՄՆ-ի շահերի ու ազգային անվտանգության վրա կենտրոնացած արտաքին քաղաքականության հանդեպ: ԱՄՆ նոր կառավարությունը հայտարարել է, որ հրթիռային հարձակումներից պաշտպանվելու և ԱՄՆ-ի անվտանգությունը երաշխավորելու նպատակով մշակելու է հակահրթիռային արդիական համակարգ:
Ի դեպ ուրբաթ օրը Սենատի վերջնական հաստատմամբ, ամերիկացի թոշակի անցած գեներալ Ջեյմս Մաթիսը ստանձնեց ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարարի պաշտոնը:
Երդմնակալության արարողւթյունից անմիջապես հետո, Թրամփը հստակ քայլեր է անում` իրագործելու ներքին ու արտաքին բնագավառներում իր տված խոստումները:
Թրամփի արտաքին քաղաքականությունը հիմնված է ուժի գործադրման միջոցով խաղաղության իրագործման սկզբունքի վրա: Իրականում արտաքին քաղաքականության հանդեպ Թրամփի իրատեսական մոտեցումը հիմնված է ԱՄՆ-ի նպատակների իրագործման համար միջազգային ասպարեզում ուժի գործադրման վրա: Սա կարելի է մեկնաբանել որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմականացում, հատկապես որ պաշտպանության նոր նախարար Ջեյմս Մաթիսը ճանաչված է աշխարհի տարբեր երկրների հանդեպ իր կոշտ մոտեցումներով: ԱՄՆ-ի արտաքին նոր քաղաքականության մեջ ընդգծվել է նաև ահաբեկչության ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարը: ԱՄՆ-ն այդ խմբերին պարտության մատնելու համար ռազմական կոալիցիաների շրջանակներում կիրականցնի համատեղ գործողություններ:
Ինչպես Թրամփն է հայտարարել, Սիրիայում ԱՄՆ-ի կենտրոնացումն առավելապես դրված է լինելու ոչ թե օրինական կառավարության կործանման, այլ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի վրա: Սա մեծացնում է Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցության հնարավորությունը: Այդուհանդերձ մյուս բնագավառները շարունակում են միջազգային այլ ուժերի, այդ թվում Ռուսաստանի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի տարաձայնության առարկաներից համարվել: Այս կապակցությամբ պիտի առանձնացնել հակահրթիռային համակարգերի հզորացման հարցը, որը Սպիտակ տան հայտարարության համաձայն, իրականացվում է Հյուսիսային Կորեայի նման երկրների կողմից` հրթիռային հավանական հարձակումից պաշտպանվելու նպատակով: Այդուհանդերձ հստակ է, որ ԱՄՆ-ի նոր կառավարության հիմնական կողմնորոշումն ուղղված է Ռուսաստանի ու Չինաստանի նման միջուկային մեծ ուժերի դեմ: Մոսկվայի դիտանկյունից, արևելյան Եվրոպայում ու Ասիայի արևելքում նման համակարգեր տեղադրելով, Վաշինգտոնը նպատակ ունի միջուկային պատերազմ բռնկվելու դեպքում չեզոքացնել ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի ու Չինաստանի միջուկային հրթիռների հարձակման հնարավորությունը: Սա սրելու է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև առկա տարաձայնությունները:
Օբամայի կառավարության հետ Մոսկվայի գլխավոր տարաձայնություններից մեկն արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրումն էր: Այնպես որ կարելի է ասել, որ արտաքին քաղաքականության մասին հայտարարված փաստերից ու հակահրթիռային նոր համակարգի արտադրումից սկսած մինչև ռազմամոլական հակումներով անձին պաշտպանության նախարար նշանակելը, վկայում են արտաքին բնագավառում Թրամփի կառավարության թշնամական կողմնորոշումների մասին: