Իրանը դիտարկում է արտաքին առևտուրը «Կասպյան էքսպրեսով» զարգացնելու տարբերակը. ԶԼՄ
Հորմուզի նեղուցի հետ կապված բարդ իրավիճակի ֆոնին Իրանի իշխանությունները դիտարկում են բեռնափոխադրումները երկրի հյուսիսով և Կասպից ծովով զարգացնելու տարբերակը։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը:
Ըստ գործակալության` տարբերակներից մեկը կարող է դառնալ այսպես կոչված «Կասպյան էքսպրեսը»՝ Իրանի հյուսիսային նավահանգիստներով դեպի Ռուսաստան, այնուհետև դեպի եվրասիական տրանսպորտային ցանց երթուղին: Կասպից ծովը դիտարկվում է որպես Ռուսաստանից և Ղազախստանից ապրանքների և հումքի ներմուծման և իրանական գյուղատնտեսական, արդյունաբերական և շինարարական արտադրանքի արտահանման հնարավոր ուղի:
Այս երթուղու կարևորությունը չի սահմանափակվում մի քանի միլիոն տոննա ապրանքների տեղափոխմամբ։ Իրանի հյուսիսային նավահանգիստները երկրի երկաթուղային և ճանապարհային ցանցին, ինչպես նաև ռուսական նավահանգիստներին միացնելը կարող է ակտիվացնել տնտեսական գործունեության մի շղթա, ներառյալ ծովային տրանսպորտը, երկաթուղային տարանցումը, ճանապարհային տրանսպորտը, պահեստավորումը, մաքսային և լոգիստիկ ծառայությունները։