Եվրամիությունը պարգևատրել է ԱՊՀ արևմտամետ երկրներին
Եվրախորհրդարանը հաստատել է Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար մուտքի արտոնագիրը վերացնելու մասին օրինագիծը։
Եվրամիությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում օրակարգում է դրել Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման ծրագիրը:
Նախքան ԵՄ-ի նոր որոշումը, միայն Մոլդովան էր հարգել այս միության չափանիշները և ներառվել առանց վիզայի Շենգենյան գոտի մուտք գործելու ծրագրում: Ռուսաստանից առանձնանալու և Արևմուտքին միանալու համար մեծ ջանքեր գործադրած Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար չեղարկելով վիզային ռեժիմը, փաստորեն Եվրամիությունը պարգևատրել է այդ երկու արևմտամետ երկրներին:
Եվրամիությունը 2009 թվականին նախկին ԽՍՀՄ-ի վեց երկրներին առաջարկեց «Արևելյան գործընկերություն» ծրագիրը: Նախագիծը մշակվել էր նախկին ԽՍՀՄ վեց հանրապետություններ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Բելառուսի հետ Եվրամիության մերձեցման համար: Ծրագրի նպատակն էր հայտարարվել՝ օրենքների և քաղաքատնտեսական կողմնորոշումների ներդաշնակեցումը:
Ըստ ծրագրի՝ քաղաքատնտեսական պայմանների բարելավումն այդ երկրներին հնարավորություն կտա ընդլայնել իրենց հարաբերությունները ԵՄ-ի հետ: Արևելյան գործընկերության ծրագրի մաս է կազմում այդ երկրների քաղաքացիների համար Եվրամիության տարածք մուտք գործելու արտոնագրի վերացումը: Իսկ ծրագրի անդամ վեց երկրները պարտավոր են անվտանգության ավելի խիստ միջոցներ ձեռնարկել սահմանների վերահսկման, կազմակերպված հանցագործությունների և թրաֆիքինգի դեմ պայքարի համար:
Վերջին տարիներին Բելառուսի հետ ԵՄ-ի տնտեսական հարաբերությունները հասել են նվազագույնի և Բելառուսը, ինչպես Հայաստանը նախընտրում են իրենց հարաբերությունները պահպանել ՌԴ-ի հետ և միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Ուկրաինան ևս, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք, հանկարծակի որոշում ընդունելով, սառեցրեց իր անդամակցությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրին:
2013 թվականին Լիտվայում, «Արևելյան գործընկերություն» ծրագրի վերջին նիստում, Յանուկովիչի՝ այդ ծրագրից դուրս գալու կապակցությամբ տարաձայնություններ առաջացան, որից հետո 2014 թվականի հունիսին Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրեց «ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր»-ը:
Եվրամիությունը արևմուտքի ընդհանուր քաղաքականության շրջանակում Ռուսաստանի մերձավոր երկրների հետ ասոցացման նպատակով առաջադրեց Արևելյան գործընկերություն ծրագիրը: Բայց Ուկրաինան իր 46 միլիոն բնակչությամբ և մարդկային ու բնական ռեսուրսներով ունի հատուկ նշանակություն: Իսկ Վրաստանը արևմտամետ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալով, մեծ ցանկություն դրսևորեց արևմտյան կառույցներին՝ մասնավորապես ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու համար և այս կողմնորոշումը շարունակվում է Վրաստանի նոր կառավարության կողմից: Այդիսկպատճառով Եվրամիությունը Թբիլիսիի կառավարությանը ևս քաղաքական ու տնտեսական պարգև է շնորհել՝ հավանություն տալով այդ երկրի քաղաքացիների համար մուտքի արտոնագիրը վերացնելու մասին օրինագծին: