ՆԱՏՕ-ն սպառազինական մրցակցություն չունի Ռուսաստանի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ սպառազինական մրցակցություն չունի: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ սպառազինական մրցակցության նպատակ չունի և չի ցանկանում առճակատվել այդ երկրի հետ:
«Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի զորայինների տեղակայումը պաշտպանական նպատակ է հետապնդում և այդ ներկայության ծավալը հստակեցված է»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, նշելով, որ կազմակերպությունը փորձում է կանխել լարվածության ծագումը:
Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի ոչ-թշնամական կողմնորոշման մասին, այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարությունը լիովին հակասում է հատկապես Եվրոպայի արևելքում այդ դաշինքի դիրքորոշումներին ու քայլերին:
Ուկրաինայի ճգնաժամը հանգեցրեց Ռուսաստանի ու արևմուտքի հարաբերությունների աննախադեպ սրմանն ու երկու կողմերի միջև աճող ճեղքվածքին: Այս լարվածությունը սրվելով, կողմերը սկսեցին ուժ ցուցադրել: Իսկ ՆԱՏՕ-ն, համարվելով արևմուտքի ռազմական բազուկն առավել քան երբևե Ռուսաստանի դեմ հարձակողական ու սպառնացող դիրքորոշում ընդունեց:
2014 թվականից ի վեր Ռուսաստանի հարևանության մեջ գտնվող Եվրոպայի արևելքի երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն ընդլայնվել է: Եվրոպայի արևելքի երկրներում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնումը կատարվել է այն պայմաններում, երբ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել այդ կապակցությամբ:
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն հետևելով դեպի արևելք ընդլայնվելու քաղաքականությանը, 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Եվրոպայի կենտրոնական ու արևելյան երկրներին իր անդամը դարձնելու ուղղությամբ շարունակական ջանք է գործադրել:
ՆԱՏՕ-ի այդ կողմնորոշումն արժանացել է ռուսների խիստ հակառակությանը: Ռուսների դիտանկյունից, ՆԱՏՕ-ի այդ քայլը նպատակ ունի պաշարել Ռուսաստանը և նրան առավել մեկուսացնել: Այսպիսով ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնվելու քաղաքականությունը շարունակում է արտաքին պոտենցիալ սպառնալիք համարվել Ռուսաստանի համար:
2014 թվականից հետո մինչև երկու տարի Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսությունն ընդհատվեց: 2016 թվականի մայիսին ու հուլիսին Բրյուսելում երկու նիստեր գումարվեցին, որոնք փոխադարձ տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ որևէ դրական արդյունքի չհանգեցին:
ՆԱՏՕ-ի թշնամական մոտեցումը և դրա դեպի արևելք ընդլայնվելու ուղղությամբ ջանքը պատճառ դարձավ, որ Ռուսաստանն իր ազգային անվտանգության հայեցակարգում ՆԱՏՕ-ին սպառնալիք ներկայացնի իր ազգային անվտանգության համար: Մոսկվայի իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ Ռուսաստանի դեմ արևմուտքի թշնամությունը ոչ թե անցողիկ երևույթ, այլ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ շարունակաբար հետապնդվող կողմնորոշում է:
Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի թշնամական գլխավոր քայլերից մեկը կարելի է համարել Սև ծովում իր ռազմական ներկայության ընդլայնման վրա ՆԱՏՕ-ի դրած շեշտը, ինչը խիստ մտահոգություն է պատճառել Մոսկվային:
Ի դեպ, ԱՄՆ-ն համարվելով ՆԱՏՕ-ի գլխավոր անդամը, հայտարարել է Սև ծովում մշտական ներկայություն ունենալու իր մտադրության մասին: Ռուսների դիտանկյունից Սև ծովում արևմտյան ռազմանավերի ու ռազմական ուժերի ներկայությունը սպառնալիք է համարվում Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ, ինչի կապակցությամբ բազմիցս զգուշացում է կատարվել ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին: