Եվրամիությունը երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
Երկուշաբթի օրը հաղորդագրություն տարածելով Եվրամիությունը հայտարարել է, որ վեց ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգում է ռուսական որոշ ընկերությունների և այդ երկրի մի շարք պաշտոնատարների դեմ սահմանված պատժամիջոցները:
Այդպիսով Եվրամիությունը շարունակում է Մոսկվային ճնշելու քաղաքականությունը: Տարաձայնությունները կարգավորելու հարցում չնայած Բրյուսելի ու Մոսկվայի միջև կայացած բանակցություններին, Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները վերսկսելու գլխավոր պայմանն է Ղրիմը վերստին հանձնել Ուկրաինային և փոխել քաղաքականությունը Ուկրաինայի արևելյան հատվածի նկատմամբ:
ԱՄՆ-ի հետ միասին, Եվրամիությունը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինան ապակայունացնելու մեջ: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ մինչև այնքան ժամանակ, որ Արևմտյան պետությունները չհարգեն Ուկրաինայում Ռուսաստանի շահերը, չի փոխվելու իր երկրի քաղաքականությունը Ուկրաինայում տիրող ճգնաժամի նկատմամբ: Փոխադարձ քայլի դիմելով Ռուսաստանը ևս մի շարք պատժամիջոցներ է նկատի առել Եվրամիության և ԱՄՆ-ի դեմ: Բնականաբար Մոսկվայի կողմից սահմանված շրջափակումները մեծ վնասներ են պատճառել եվրոպական պետություններին: Այդ պատճառով Եվրամիությունում տարաձայնությույններ էին ծագել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու թե դադարեցնելու հարցի շուրջ:
ԱՄՆ-ի հետ սերտ կապեր ունեցող Եվրոպական պետությունները կողմ են Մոսկվայի դեմ պատժամիջոցների շարունակմանը: Այդ պետություններին գլխավորում է Բրիտանիան: Արևելյան Եվրոպայի երկրները, հատկապես բալտյան հանրապետությունները, Լեհաստանի, Չեխիան և Սլովակիան կողմ են Մոսկվայի դեմ պատժամիջոցների շարունակման: Եվրամիության անդամ մյուս պետությունները, որոնք մինչև Ուկրաինայի ճգնաժամի սկսվելը առևտրատնտեսական լայն հարաբերություններ ունեին Ռուսաստանի հետ և այսօր ֆինանսական մեծ կորուստներ են ունեցել, պահանջում են չեղարկել կամ նվազեցնել Մոսկվայի դեմ սահմանված շրջափակումները: Հունաստանը, Կիպրոսը, Հունգարիան, Սլովենիան, Խորվաթիան և Իսպանիան պահանջում են վերանայել Մոսկվայի դեմ որդեգրված քաղաքականությունը:
Իսկ կան նաև մի շարք պետություններ, այդ թվում Գերմանիան, որ անցյալում հայտարարել էին, որ ցանկանում են հետզհետե վերացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, իսկ այսօր հայտարարել են, որ մինչև այնքան ժամանակ, որ Մոսկվան չիրագործի Մինսկի համաձայնությունը, չեն չեղարկի այդ երկրի դեմ սահմանված պատիժները:
Դա վկայում է այն մասին, որ չնայած ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ բարելավելու է Մոսկվայի հետ հարաբերությունները, սակայն Եվրամիությունը պնդում է իր նախորդ դիրքորոշումները: