Մամուլի տեսություն 23-04-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60108-Մամուլի_տեսություն_23_04_2017
«Եթե ընտրություններում  Լը Պենը հաղթի ապա երկիրը տարիներ շարունակ կդառնա անվերահսկելի», ասել է գերմանացի փիլիսոփան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2017 16:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-04-2017

«Եթե ընտրություններում  Լը Պենը հաղթի ապա երկիրը տարիներ շարունակ կդառնա անվերահսկելի», ասել է գերմանացի փիլիսոփան:

 

 

Ռեսալաթ

Գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը Մարին Լը Պենի հնարավոր հաղթելու մասին

Այսօր, Ֆրանսիայում նախագահ են ընտրում: Ֆրանսիայի նախագահն ընտրվում է ընտրողների ուղիղ գաղտնի քվեարկությամբ, մեծամասնական ընտրակարգով, երկու փուլով։

Գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա Յուրգեն Հաբերմասն ասել է-«Գերմանիայի կառավարությունը պատասխանատու է հարևան երկրում ծայրահեղականության միտումների տարածման   վտանգի կապակցությամբ»։

Նա ընդգծել է-«Գերմանիան ճգնաժամային քաղաքականություն է վարում։ Այս երկիրը դեռ իր ֆինանսական ճգնաժամը չի կարգավորել։ Այդ քաղաքականությունների ստվերի ներքո արագ տեմպերով իրականանում է Եվրոպայի հյուսիսային ու հարավային երկրների առանձնանալը, և  Եվրոպայում  խոր ճեղքվածք է առաջանում»։

 Գերմանացի մեկ այլ փիլիսոփա՝ Փիթեր Սլոտերդիջքը Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի հաղթելը համարում է իր ճանաչած Ֆրանսիայի վերջը։ Նրա խոսքով՝ եթե ընտրություններում  Լը Պենը հաղթի ապա երկիրը տարիներ շարունակ կդառնա անվերահսկելի։Նա նաև մտահոգություն է հայտնել որ   նացիոնալիստական Ֆրանսիան ևս վտանգի կենթարկի նաև Եվրոպան։

Մինչ այժմ մեծ թվով եվրոպացի տեսաբաններ, մտավորականներ ու քաղաքական գործիչներ զգուշացրել են Լը Պենի հնարավոր հաղթելու կապակցությամբ։

 

 

Շարղ

Թուրքիան սպառնում  է ԵՄ-ին

ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքը հայտարարել է․-«Եթե Եվրամիությունը մեր կողմից ներկայացված առաջարկները չընդունի , մենք ևս չենք  կատարի Էգեյան ծովում մեր հանձնառությունները։ Թուրքիան և ԵՄ-ն ավելի վաղ համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող ներգաղթյալների ու . փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ-ի տարածք։Թուրքիայի քաղաքացիների Եվրոպական երկրներ մուտք գործելու ԵՄ-ի առաջադրած նախապայմանների վերաբերյալ  Չելիքն ասել է-«Մենք չենք կարող ահաբեկչության դեմ մղվող պայքարում ինչ-որ փոփոխություն մտցնել,քանզի այս օրենքները շատ կարևոր են մեր երկրի անվտանգության համար»։

 

 

Համշահրի

Օբաման Չիկագոյում առաջին անգամ ելույթ կունենա նախագահի պաշտոնից հեռանալուց հետո

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման  պաշտոնին հրաժեշտ տալուց հետո առաջին անգամ հանդես կգա հրապարակային ելույթով։ Նա ապրիլի 24-ին ելույթ կունենա Չիկագոյի համալսարանում։ Օբամայի ելույթը կլինի Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 100-րդ օրից ընդամենը մի քանի օր առաջ։ Օբաման այն դեպքում է կրկին հայտնվում քաղաքական դաշտում,երբ նախագահի լիազորությունները վայր դենլուց հետո իր ընտանիքի հետ մեկնել է Նյու Յորք և հանգստյան օրերն անցկացնել երկրի խոշորագույն մեգապոլիսում։

 

News.am

Չեմ կարծում, որ Թրամփը, կամ մոտ ապագայում ԱՄՆ որեւէ նախագահ կկիրառի «ցեղասպանություն» եզրը. ամերիկացի վերլուծաբան

Չեմ կարծում, որ Թրամփը, կամ մոտ ապագայում ԱՄՆ-ի որեւէ նախագահ կկիրառի «ցեղասպանություն» եզրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական, ռազմավարական ու աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Ջոն Սիտիլիդեսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, Ցեղասպանություն, որը Թուրքիան շարունակում է հերքել։

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, «Մենք չենք դատապարտում ժամանակակից Թուրքիային 102 տարի առաջ տեղի ունեցածի համար։ Սակայն կա բարոյական պատասխանատվություն, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդ համարվող Թուրքիայի առաջնորդները պատշաճ կերպով անդրադառնան խնդրին»։

Իսկ այն փաստը, ասում է նա, որ աշխարհում կան հայեր ու կա փոքր մի երկիր Հայաստանի Հանրապետություն անունով, ապացուցում են, որ ցեղասպանությունն իրականացնողները ձախողվել են իրենց նպատակներին հասնելու ճանապարհին։

Երկու տարի առաջ, երբ Ռեջեփ Էրդողանը դեռեւս Թուրքիայի վարչապետն էր, հայտարարում էր, որ «եթե ուզում ենք քննարկել Հայկական հարցը, պիտի քննարկենք պատմաբանների տեսանկյունով։ Մենք բացում ենք մեր պահոցները, եւ հայերը պիտի բացեն իրենցը»։

Չնայած այն հանգամանքին, որ Ցեղասպանությունը մեծապես ճանաչել է ՄԱԿ-ը, եւ որ այն ճանաչել է նաեւ Հռոմի Պապը, ԱՄՆ-ի վերջին տարիների վարչակազմերը խուսափում են այդ եզրը կիրառելուց։

Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դե Վաալի խոսքով, թուրք պատմաբաններն արդեն գրում են այդ մասին։ Թուրքիայում հրատարակվում են գրքեր։

«Թուրքիայում այս տարի հրատարակվեց նաեւ իմ գիրքը։ Մի բան, որը անհավանական կթվար մի քանի տարի առաջ։ Այնպես որ հասարակությունը Թուրքիայում ցույց է տալիս փոխվելու նշաններ», ասում է նա։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին նախագահական ամենամյա ուղերձին, վերլուծաբաններն ասում են, թե Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ կշարունակի հայտարարությամբ հանդես գալու ավանդույթը։

«Սակայն չեմ կարծում, ասում է Ջոն Սիթիլիդեսը, որ Թրամփը, կամ մոտ ապագայում ԱՄՆ-ի որեւէ նախագահ կկիրառի «ցեղասպանություն» եզրը։

Դա ունի մի շարք բացատրություններ, հիշեցնում են նրանք, բայց ողջունում այն փաստը, որ «Խոստումը» գեղարվեստական ֆիլմը ապրիլի 21-ից բարձրացավ մեծ էկրաններ Միացյալ Նահանգներում։

 

 

News.am

Շվեյցարական թերթի կանխատեսումով Մարին Լը Պենն ու Մաքրոնն ընտրությունների երկրորդ փուլ դուրս կգան

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն ու էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մաքրոնը դուրս կգան Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, կանխատեսել է շվեյցարական Tribune de Geneve թերթը։

Ըստ պարբերականի հրապարակած հարցման արդյունքների՝ Մաքրոնը կստանա ձայների 24 տոկոսը, իսկ Լը Պենը՝ 23։

«Եթե քվեարկության ընթացքում հաստատվի այս սցենարը, դա կլինի պարզ երկնքում որոտացող ամպրոպի նման։ Էմանուել Մաքրոնն ու Մարին Լը Պենը, երկու աութսայդերները, իրոք առաջ կանցնեն ֆրանսիական կառավարական ամենախոշոր կուսակցություններից առաջադրված թեկնածուներից», գրում է թերթը։

Պարբերականը նշում է, որ նման իրավիճակում ոչ «Հանրապետականներ» կուսակցության, ոչ էլ Սոցիալիստական կուսակցության թեկնածուները երկրորդ փուլ դուրս չեն գա, ինչը աննախադեպ է Հինգերորդ հանրապետության համար։

Ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայում բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող են քվեարկել մոտ 47 մլն ընտրողներ։ Նաեւ ընտրատեղամասեր են բացվել արտասահմանում, իսկ որոշ պետություններում քվեարկությունը նախօրեին է անցել։

Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ։