Մամուլի տեսություն 04-05-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i61044-Մամուլի_տեսություն_04_05_2017
Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման հետևանքով զոհվել են տասնյակ հանքափորներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2017 12:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04-05-2017

Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման հետևանքով զոհվել են տասնյակ հանքափորներ:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ցավակցական ուղերձ է հղել Գոլեստան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ցավալի պատահարի հետևանքով չարքաշ աշխատավորների զոհվելու կապակցությամբ։

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Սիրիայի խաղաղության բանակցությունների 2-րդ օրը:Մեկնարկել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Էմանուել Մակրոնի և Մարի Լը Պենի բանավեճը։  Սոմալիում նախարարին գնդակահարել են` շփոթելով գրոհայինի հետ։ Այ՛ս և ներքին ու արտասահմանյան այլ թեմաների է անդրադարձել իրանական մամուլը։

 

 

Ջամե Ջամ

Իրանի ածխահանքում պայթյունի զոհերի թիվը հասել է 35-­ի

Առնվազն 35 մարդ է զոհվել Իրանի Գոլեստան նահանգի Ազադշահր քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ուժգին պայթյունը տեղի է ունեցել մայիսի 3-­ին Ազադշահր քաղաքի մերձակա «Զեմեստան  Յուրթ» ածխահանքում: 1800 մետր խորության վրա արգելափակման մեջ են հայտնվել տասնյակ հանքափորներ: Պատահարի վայրում անցկացվում է փրկարար գործողություն։ Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել մեթանի կուտակումը, որը գերազանցել է թույլատրելի նորմաները։

 

Ալիք

Հանրապետության նախագահը հանձնարարել է հանքափորներին օգնություն ցուցաբերելու նպատակով օգտագործել հնարավոր բոլոր միջոցները

ԻԻՀ  նախագահ Հասան Ռոհանին ցավակցական ուղերձ  է հղել Գոլեստան նահանգի Ազադշահր քաղաքի «Զեմեսթան  Յուրթ» ածխահանքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նա պատկան բոլոր մարմիններին հանձնարարել է օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունավորման և հանքավայրում արգելափակված հանքափորների փրկության համար:

Հանրապետության նախագահի ցավակցական ուղերձում  մասնավորապես նշված է.-«Ցավակցում եմ հանքափորների վշտահար ընտանիքներին, Իրանի ժողովրդին, հատկապես՝ Գոլեստան նահանգի ազնիվ բնակչությանը և  տուժածների համար Բարձրյալից հայցում եմ շուտափույթ ապաքինում: Հանրապետության նախագահի առաջին տեղակալին հանձնարարված է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ տուժածների ընտանիքների վշտերի ամոքման եւ վնասի փոխհատուցման համար»։

 

Aysor.am

Հայաստանի նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը ցավակցական հեռագիր են հղել Իրանի հանքավայրում փլուզման կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից: 

Հանրապետության նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և համբերություն, իսկ վիրավորներին և տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Ցավակցական հեռագիր է հղել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Այն ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին:

Հեռագրում մասնավորապես ասված է․ «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի ժողովրդին: Մաղթում եմ  տոկունություն զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Իրանի Մեջլիսի նախագահին ցավակցել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Խոր կսկիծով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արեւմուտքում գտնվող Գոլեստան նահանգում ածխի հանքահորում որոտացած պայթյունի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - ասված է հեռագրում: 

 

Շարղ

Ֆրանսիայում մեկնարկել են նախագահական հեռուստաբանավեճերը

Ֆրանսիայում սկսվել են նախագահի թեկնածուների միջև բանավեճը,որին  մասնակցում են «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը և աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների 60%-ը հայտնել են Մակրոնին աջակցելու մտադրության մասին:Հեռուստաբանավեճի ընթացքում թեկնածուները կտրուկ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին:

 

Ռեսալաթ

Էրդողանը կրկին վերադարձել է իշխող կուսակցություն

Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը վերադարձել է իրեն պատկանող «Արդարություն և զարգացում» կուսակցություն: Դա  այն դեպքում,երբ նա միշտ պատկանել ու պատկանում է այդ կուսակցությանը: Էրդողանը այդ երկրի նախկին օրենքով չէր կարող թե նախագահ լինել և թե կուսակցության անդամ: Նա նախագահի պաշտոնում պետք է լիներ անկախ: Փաստորեն Էրդողանը երկրում ապրիլի 16-ին անցկացած սահմանադրական հանրաքվեից հետո, որով նախատեսվում էր նաև նախագահի՝ ոչ կուսակցական լինելու օրենքի վերացում, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) գլխավոր կենտրոնում անցկացված պաշտոնական արարողությամբ կրկին դարձավ ԱԶԿ-ի անդամ:

Քննադատների խոսքերով՝ Սահմանադրության փոփոխությունը լայն լիազորություններ շնորհեց Էրդողանին:   Նա  սահմանադրորեն, այսինքն իրավական օրենքներով էլ ավելի բռնապետական դարձավ, էլ ավելի անձի իշխանությունը շեշտվեց, և Էրդողանն օժտվեց միապետի,սուլթանի իրավունքներով։ Իսկ կառավարությունը համոզմունք է հայտնել ,որ նոր սահմանադրությունը կնպաստի Թուրքիայի տնտեսական զարգացմանն ու ծաղկմանը:

 «2014 թ-ի օգոստոսի 27-ին ժողովրդի ձայնով նախագահ ընտրվեցի և այսօր 979 օր անց կրկին վերադարձել եմ  կուսակցություն»,ասել է Էրդողանը  կուսակցության համագումարի ժամանակ:

Նա նաև խոսքն ուղղելով ԵՄ-ին ասել է.«Դուք պետք է  նոր էջ բացեք  միությունում Թուրքիայի անդամակցության համար,  եթե ոչ  Աստված ձեզ պահապան»: