Մամուլի տեսություն 01-06-2017
Դեպի Իրան հայկական ապրանքներն արտահանելիս ընթացակարգային խոչընդոտները կհարթվեն:
Շարղ
ԱՄՆ-ը սկսել է զենքի մատակարարումները սիրիացի քրդերին
Միջին Արևելքում ԻԼԻՊ-ի դեմ պատերազմը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնային հարցերից է համարվում։ Այս կապակցությամբ ԱՄՆ-ն սկսել է զենքի մատակարարումը Սիրիայի քրդերին ,ինչն առթել է Թուրքիայի դժգոհությունը։ «Դոյչե Վելե» ռադիոկայանի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Պենտագոնի պաշտոնյաները։ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ Վաշինգտոնը սկսել է թեթև սպառազինության մատակարարումները «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորման (SDF) սիրիացի քրդերին։ԱՄՆ նպատակ ունի բարձրացնել քրդական ուժերի ռազմական կարողությունը։ «Սիրիացի քրդերին մատակարարել ենք զինամթերք, ինքնաձիգներ, զրահաբաճկոններ, բուլդոզերներ, ավտոմեքենաներ և ինժեներային սարքավորումներ»,ասել է ամերիկացի պաշտոնյան:
Ջավան
ԻԼԻՊ-ը ԱՄՆ-ի «մայր ռումբերի» համար աֆղաններից վրեժ լուծեց
«Ջավան» թերթը գրում է․-«Քաբուլի կենտրոնական հատվածում և օտարերկրյա դեսպանատներից ոչ հեռու տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 100 և վիրավորվել 400 մարդ։ ԻԼԻՊ-ն իր վրա է վերցրել պայթյունի պատասխանատվությունը։ Պայթյունից տուժել են նաև Իրանի ու Գերմանիայի դեսպանատները»։ Նշվում է,որ ԻԼԻՊ-ի հարձակումներն ավելանալով ԱՄՆ-ն ավելի մեծ քանակությամբ զինծառայողներ կգործուղի Աֆղանստան։
Աֆղանստանի ՆԳ նախարարությունը դատապարտելով այդ ահաբեկչական հարձակումը, ընդգծել է ,որ Աֆղանստանի անվտանգության ու պաշտպանական ուժերը այդ դեպքի հետևանքով զոհվածների համար վրեժ կլուծեն ոճրագործ ահաբեկիչներից։ Աֆղանստանի նախագահը հակազդելով այդ պայթյունին հայտարարել է․-«Նրանք,ովքեր Ռամազանի բարեբաստիկ ամսին սպանում են անմեղ մարդկանց պետք է արմատախիլ լինեն»։
.
Ռեսալաթ
Գերմանացիները ընդառաջել են Թրամփի հետ Մերկելի առճակատմանը
Դոնալդ Թրամփի նկատմամբ Գերմանիայի քաղաքացիների բացասական մոտեցումը պատճառ է դարձել ,որ նրանք ընդառաջեն ԱՄՆ նախագահի հետ իրենց կանցլերի առճակատմանը։
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրառում է կատարել,որում հայտարարել է, որ Գերմանիան ոչ բավարար ֆինանսավորում է հատկացնում ՆԱՏՕ-ի համար։Թրամփը մասնավորապես նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Գերմանիան ունեն ահռելի առևտրային դեֆիցիտ և բացի այդ Գերմանիան բավարար ֆինանսական միջոցներ չի հատկացնում ՆԱՏՕ-ի ֆինանսավորման համար, ինչը շատ վատ է ԱՄՆ համար։ Թրամփը նաև ասել է, որ այդ վիճակը փոխվելու է հաստատ։ Իսկ Անգելա Մերկելը Մեծ Յոթնյակի գագաթնաժողովից հետո հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ:
«Այն ժամանակները, երբ մենք կարող էինք ամբողջովին հույս դնել ուրիշների վրա, մնացել են անցյալում ՝ դատելով այն ամենից, ինչ ես զգացել եմ այս մի քանի օրերին: Մենք՝ եվրոպացիներս, սեփական ճակատագիրը պետք է մեր ձեռքը վերցնենք»,ասել է Մերկելը:
Անցկացված վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են այն մասին,որ գերմանացիների մոտ 3 քառորդը աջակցել է Մերկելի այդ տեսակետին:
Ալիք
Պետդեպի աշխատակիցը տարօրինակ լռություն է պահպանել Սաուդյան Արաբիայի մասին հարցից հետո
Հղում անելով Tert.am-ին, Ալիք օրաթերթը գրել է.Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի պարտականությունները ստանձնած Ստյուարտ Ջոնսն անցկացրել է կառույցի պատմության մեջ ամենաանհաջող ճեպազրույցը:
Ինչպես նշում է The Independent-ը, բարձրաստիճան պաշտոնյան անհասկանալի լռություն է պահպանել մոտ 20 վայրկյան, երբ նրան Սաուդյան Արաբիայում ժողովրդավարության վիճակի մասին հարց են տվել:
«Երբ ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայում էր, նա քննադատեց վերջերս Իրանում կայացած նախագահական ընտրություններն ու ժողովրդավարության նկատմամբ այդ երկրի վերաբերմունքը: Ինչպե՞ս եք գնահատում Սաուդյան Արաբիայում ժողովրդավարության վիճակը: Արդյո՞ք ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ ժողովրդավարությունը խոչընդոտում է ծայրահեղականների դեմ պայքարին»,-հարցրել է լրագրողը:
Սա լսելուց հետո Ջոնսը մոտ 20 վայրկյան չի կարողացել պատասխանել, իսկ հետո, անտեսելով հարցի առաջին մասը, ասել է, որ ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են միասին պայքարել արմատականների դեմ:
News.am
Դեպի Իրան հայկական ապրանքներն արտահանելիս ընթացակարգային խոչընդոտները կհարթվեն. Հուշագիր է ստորագրվել
Դեպի Իրան հայկական ապրանքներն արտահանելիս ընթացակարգային խոչընդոտները կհարթվեն: Այս մասին նշվել է մայիսի 31-ին, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի եւ իր իրանցի պաշտոնակից, Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության նախագահ, Իրանի Հանքարդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանի զարգացման հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպմանը քննարկել են երկու երկրներում ներդրումները, առեւտրաշրջանառությունը խթանելու գործնական քայլերը եւ առաջացած խնդիրները։
2016 թ. հոկտեմբերին Թեհրանում անցկացված «Հայաստան Էքսպոյից» հետո սննդի, շինանյութի, ոսկեգործության, զբոսաշրջության, տեքստիլ ոլորտի 18 ընկերություններ եւ բանկեր բանակցություններ են վարում հայկական ապրանքների եւ ծառայությունների արտահանման ուղղությամբ։ Հիմնադրամի գործադիր տնօրենը բարձրացրել է ցուցահանդեսից հետո դեպի Իրան հայկական ապրանքների արտահանման ժամանակ առաջացող ընթացակարգային խոչընդոտների վերացման խնդիրը։ «Նախորդ տարի ցուցահանդեսին մասնակցելիս հայկական ընկերությունները հանդիպել են մի շարք ընթացակարգային խնդիրների՝ իրենց ապրանքներն ու իրերն Իրան տեղափոխելիս՝ կապված լրացուցիչ թույլտվությունների համակարգի հետ, որը բավականին բարդ, ժամանակատար գործընթաց է։ Անհրաժեշտ է դյուրացնել այդ ընթացակարգերը»,-նշել է Արմեն Ա. Ավակյանը։
ՀԶՀ Արտահանման տնօրեն Հայկ Միրզոյանը ներկայացրել է արտահանման պայմանավորվածություններ ձեռք բերած եւ խոչընդոտների հանդիպած հայկական ընկերությունների ցանկը. հիմնականում սննդամթերք, տեքստիլ, ոսկերչական իրեր արտահանող։
«Հիմա ես այստեղ եմ եւ պատրաստ եմ հանդիպել նման խնդիրներ ունեցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ, պետական կառույցները պետք է ճանապարհ հարթեն, ենթակառուցվածքներ ստեղծեն երկու երկրների գործարարների համար Իրանում եւ Հայաստանում նոր ներդրումներ անելու եւ առեւտրի ծավալները մեծացնելու համար»,- նշել է Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջը։
Հանդիպմանը շոշափվել է նաեւ Հայաստանից դեպի Իրան ներմուծվող ապրանքների համար սահմանված բարձր մաքսատուրքերի խնդիրը (որոշ դեպքերում՝ 100 տոկոսից ավելի)։ Ներկայում դեպի Իրան արտոնյալ պայմաններով՝ ցածր մաքսատուրքով 37 անուն հայկական ապրանքների արտահանման համար բանակցություններ են ընթանում։
Իրանական կողմի առաջարկով ՀԶՀ-ն կաջակցի Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպմանը։
Հանդիպման ավարտին Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ա. Ավակյանը եւ Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջը համագործակցությունն ակտիվացնելու մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Հուշագրով պայմանավորվել են աջակցել երկու կողմերի գործարարներին՝ Հայաստանում եւ Իրանում գործունեություն ծավալելիս։
Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության նախագահ, Իրանի Հանքարդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջը հայաստանցի պաշտոնակցին աշխատանքային այցով հրավիրել է Իրան, առաջարկն ընդունվել է։
---
News.am
Ի դեմս Մակրոնի՝ Մերկելը լավ դաշնակից է ձեռք բերել․Կարնեգի կենտրոնի վերլուծաբաններ
Սիցիլիայում կայացած «մեծ յոթնյակի» գագաթնաժողովից վերադառնալուց մի քանի ժամ հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միանգամից սկսել է զբաղվել իր նախընտրական քարոզչությամբ ու անցել է գրոհի։ Այս մասին իր հոդվածում գրում է Կարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող ու «Ռազմավարական Եվրոպա» բլոգի գլխավոր խմբագիր Ջուդի Դեմփսին։
Նրա խոսքով, Բավարիայում նախընտրական հանրահավաքի ընթացքում Մերկելը ուժեղ տնտեսության ու ցածր գործազրկության մասին պատմելու փոխարեն գրոհել է ԱՄՆ վարչակազմի վրա՝ հայտնելով, որ Եվրոպան պետք է իր սեփական ուժերին ապավինի։ «Կանցլերի մեկնաբանությունները Վաշինգտոնին չէին ուղղված, դրանք գերմանացիներին էին ուղղված», գրում է Դեմփսին, հավելելով, որ այսպիսով Մերկելը չի ուզում զիջել իր միավորները սոցիալ դեմոկրատներին, որոնք նույնպես օգտագործում են հակաամերիկյան խաղաքարտը։
Վերլուծաբանը ենթադրում է, որ Մերկելը կարող է քննադատել ԱՄՆ-ին մի քանի միավոր շահելու նպատակով, սակայն նա ու նրա պաշտպանության նախարարը ոչ մի պատրանք չունեն Գերմանիայի անվտանգության հարցում Վաշինգտոնի առանցքային դերակատարման վերաբերյալ։ «Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ին քննադատելը լավ է, բայց կարծել, թե Եվրոպան կարող է իր ճանապարհով գնալ անվտանգության ու պաշտպանության ոլորտում, մեղմ ասած, պատրանք է»,- գրում է լրագրողը։
Մինչ Մերկելը նախընտրական քարոզչությամբ է զբաղված՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը սկսել է ցույց տալ ղեկավարի իր մոդելը։ Այդ նպատակին առավելագույնս հարմար էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը։ Մակրոնը աչքի ընկավ Մոսկվային հասցրած հարվածներով։ Նա մասնավորապես քննադատեց ռուսական RT ու Sputnik լրատվամիջոցները՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններին դրանց ենթադրյալ միջամտության համար։ Նա նաեւ Կրեմլին քննադատեց Մարին Լը Պենին աջակցելու համար ու դատապարտեց Պուտինին Սիրիայի նախագահ Բաշար Ասադն աջակցելու համար։ Նաեւ հնարավորությունը բաց չթողեց Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակը քննադատելու համար։
«Առայսօր Պուտինի ներքին ու արտաքին քաղաքականության քննադատությունը Մերկելի գործն էր։ Բացառությամբ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի ՝ ԵՄ-ի մյուս առաջնորդները, մասնավորապես Ֆեդերիկա Մոգերինին, հազվադեպ էին մարտահրավեր նետում Պուտինին։ Հիմա, երբ Մակրոնը տեղավորվել է Ելիսեյան պալատում, Մերկելը ձեռք կբերի արժեքավոր դաշնակից։ Հիմա Փարիզը նրան ավելի շատ է պետք, քան երբեւե»,- նշում է Դեմփսին։
Վերլուծաբանը համարում է, որ Մակրոնի արտաքին քաղաքականությամբ զբաղվող թիմը գուցե նոր մտահղացումներ կունենա հակամարտությանը վերջ տալու համար։ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բանակցությունների, ԱՄՆ վարչակազմի անկանխատեսելիության պայմաններում ու Սիրիայի անվերջանալի թվացող պատերազմի պայմաններում, Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդներին ավելին է պետք, քան պարզապես հռետորաբանությունը, որպեսզի Եվրոպայի համար նոր քաղաքական ուղի ուրվագծեն։