Մամուլի տեսություն 08-06-2017
Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը ցավակցագիր է հղել Իսլ. հեղափոխության առաջնորդ այաթ. Ալի Խամենեիին:
Իրանական մամուլի արձագանքը՝ հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին․
Արման
«Ահաբեկիչները դեռ շատ փոքր են, որպեսզի կարողանան ազդել Իրանի ժողովրդի ու պատասխանատուների վճռակամության վրա», -ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը։
Քեյհան
ԻԼԻՊ-ի հանդգնությունը Թեհրանում։
Աֆթաբ
Սև չորեքշաբթի։ Թեհրանը սգում է։ Քաղաքը վշտի մեջ է։
Էըթեմադ
Իրանի ժողովուրդն ընդդեմ ահաբեկչության միաձայն ասում է․-«Մենք բոլորս միասին ենք»։
Իրան
Իրանի ժողովրդի միասնականության շնորհիվ հօդս կցնդեն չարակամների նյութած դավերը։
Ջավան
Վրեժ կլուծենք
Իսլամական հեղափոխության Պահակազորը ապացուցել է, որ որևէ անմեղ քաղաքացու արյան հեղվելն անպատասխան չի թողնելու և ժողովրդի անվտանգության պաշտպանության հարցում մի պահ անգամ չի տատանվելու: «Իրանը Թեհրանում իրականացված ահաբեկչության համար վրեժ կլուծի ահաբեկիչներից և բոլոր նրանցից, ովքեր կապված են ահաբեկիչների հետ և աջակցում են նրանց», ասված է Իսլամական հեղափոխության Պահակազորի տարածած հայտարարության մեջ:
Ալիք
Թեհրանի հայոց թեմի առաջնորդը ցավակցագիր է հղել Իսլ. հեղափոխության առաջնորդին
Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը ցավակցագիր է հղել Իսլ. հեղափոխության առաջնորդ այաթ. Ալի Խամենեիին: Սրբազան Հոր ցավակցագրում մասնավորապես նշված է.-
«Խոր ցավով լսեցինք անարգ ու դատապարտելի ահաբեկչական հարձակումների լուրը Ռամազանի ծոմապահության այս նվիրական օրերին։ Բուռն կերպով դատապարտում ենք ահաբեկչական այս արարքը։Մենք, հանուն մեր ողջ հայ ժողովրդին, մեր զորակցությունն ենք հայտնում ձեզ և մեր իրանյան հայրենիքին և ի սրտե աղոթում, որ Աստված ձեզ շնորհի առողջ, արևշատ և երկար կյանք, որպեսզի կարենաք երկարօրեն ղեկավարել ու առաջնորդել օրհնյալ մեր երկիրը»։
Շարղ
Թրամփը պետք է դատապարտի Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները.Ռիչարդ Հաս
ԱՄՆ միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահը Twitter-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է երկստանդարտ դիրքորոշում չորդեգրի ահաբեկչությունը դատապարտելու հարցում: Անդրադառնալով երեկ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հասը Twitter-ի իր էջում խոսքն ուղղելով Թրամփին գրել է.«Ահաբեկչության դատապարտումն եթե իրոք իմաստ ունենա, ապա չպետք է ընտրանքային մոտեցում ցուցաբերել այդ հարցին: Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերը ևս պետք է դատապարտվեն այնպես, ինչպես դատապարտվում են Եվրոպայի ահաբեկչական դեպքերը»:
Ռեսալաթ
Ժամանակի ընթացքում ավելի են բացահայտվում ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման դրսևորումները: Հավանական սպառնալիքներին արագ արձագանքման նպատակով Լատվիայի հողում Ռուսաստանի սահմանամերձ տարածքում, ՆԱՏՕ-ի անդամ 8 երկրի զորավարժությունները մեկնարկել են:
Այդ զորավարժություններն ամեն տարի տեղի են ունենում Բալթյան երկրներից մեկում Ռուսաստանի հարևանությամբ: Դա այն դեպքում երբ Լատվիայի բանակը հայտարարել է,որ այդ զորավարժությունները Ռուսաստանի դեմ ուղղված չեն: Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի 8 անդամ երկրներ՝ Լատվիայի, Լիտվայի, Իտալիայի, Նորվեգիայի , Բրիտանիայի , Լեհաստանի, Սլովակիայի և ԱՄՆ-ի ավելի քան երկու հազար զինծառայողներ: Հունիսի 3-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 15-ը:
Panorama.am
Հայաստանից Սիրիա է ուղարկվել շուրջ 40 տոննա սնունդ
Այսօր Լաթաքիայի «Հմեյմիմ» ռազմական օդանավակայան է ժամանել Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի առաջին օդանավը:
ԱԳՆ մամուլի ծառայությանը Սիրիայում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ մարդասիրական օգնությունը, որն օդանավակայանում ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, բեռնատարներով կտեղափոխվի սիրիական չորս քաղաք՝ Դամասկոս, Հալեպ, Լաթաքիա և Քեսաբ, որտեղ կիրականացվի օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին:
Վերջին մեկ տարվա ընթացքում սա Հայաստանից Սիրիա ուղարկված երրորդ օգնությունն է: Այս անգամ Սիրիային հատկացվել է շուրջ 40 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Օգնության տեղափոխումը Սիրիա իրականացվում է Ռուսաստանի կողմից տրամադրված ռազմատրանսպորտային օդանավերի միջոցով:
Tert.am
Մերկելն հայտարարություն է արել թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանացի զինվորականներին ետ քաշելու Գերմանիայի որոշումից հետո
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին պաշտոնական հայտարարությունն է արել Գերմանիայի նախարարների խորհրդի կողմից թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանացի զինվորականներին ետ քաշելու վերաբերյալ որոշումից հետո:
Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Մերկելը հայտնել է, որ չնայած իրենց զինվորականները փոխադրվում են Հորդանան՝ դա պատճառ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման և կոչ է արել շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ:
Օրեր առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն Անկարայում իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Գերմանիան դուրս կհանի իր զինվորականներին թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ իր գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Թուրքիան առաջվա պես հավատարիմ է մնում իր որոշմանն ու թույլտվություն չի տրամադրի գերմանացի պաշտոնյաներին «Ինջիրլիք» այցելելու համար:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ գերմանացի պատգամավորներին կարգելվի մուտք գործել «Ինջիրլիք» ռազմաբազա, քանի դեռ Բեռլինը չի փոխել իր բացասական վերաբերմունքն Անկարայի նկատմամբ: